Իմ քաղաքը կամ սոցիալիստական ինտերնացիոնալը՝ գործողության մեջ

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
6 min readDec 4, 2019

Ստեփանակերտը, որտեղ ծնվել և մեծացել եմ, համարվում էր ամբողջ Կովկասի ամենամաքուր քաղաքը: Այն հայտնի էր նաև կանաչ տնկիների, ծաղիկների, թփերի և ամենաբազմազան ծառերի առատությամբ: Մեր քաղաքը մաքուր էր նաև փոխաբերական իմաստով: Եվս մի նուրբ թեմա. անցյալ դարի քսանականներից մինչև յոթանասունականների վերջերը Ստեփանակերտում, որի բնակչությունը մոտ վաթսուն հազար էր, ապրում էր ընդամենը մի քանի հարյուր ադրբեջանցի: Նրանք լիովին հարմարվել էին մեզ, իրենց շատ հանգիստ էին պահում ու գրեթե ոչնչով չէին առանձնանում: Նրանք բոլորը ազատ խոսում էին մեր լեզվով, հայերենի ղարաբաղյան բարբառով, գիտեին և ընդունում էին մեր վարքուբարքը: Չեմ հիշում, որ որևէ մեկը գլուխ գովեր, թե իրենք են հանրապետության գլխավոր ազգը: Ընդհակառակը, հայերից նրանք նույնիսկ զգուշանում էին, մանավանդ ազգային հողի վրա 68-ի աղմկալի ու արյունոտ բախումներից հետո:

Բայց մի բան է բարիդրացիական հարաբերությունները նրանց հետ, ով տասնամյակներ կողք կողքի ապրում է քեզ հետ, և այլ բան՝ իշխանության քաղաքականությունը: Ստացվել է այնպես, որ Ստեփանակերտը կառուցվել ու աճել է որպես հայկական քաղաք: Իսկ ահա հարևան Շուշիում, որը թերևս Թիֆլիսից ու Բաքվից հետո նախկինում հայկական մշակութային երրորդ կենտրոնն էր, 1920-ի սարսափելի կոտորածից հետո գործնականում ոչնչացվեց հայկական բնակչությունը: Սկզբում Բաքվի իշխանությունները աչք էին փակում Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի բնակչության միատարրության վրա: Բայց հետո նրանց համբերությունն սպառվեց: Ադրբեջանցիններին կանխամտածված, նպատակասլաց բնակեցնում էին Ստեփանակերտում, որ քիչ- քիչ դուրս մղեն մեզ հայրենի քաղաքից, ինչպես դա հաջողվեց անել Շուշիում: Նախկինում այնտեղ էլ լույս էին տեսնում հայերեն թերթեր, տպագրվում էին գրքեր, մշտապես հյուրախաղերի էին գալիս թատերական խմբեր, դպրոցներում և քաղաքային ուսումնարաններում տրվում էր որակյալ կրթություն, համենայն դեպս տեղի շրջանավարտները առանց դժվարության սովորում էին Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Բեռլինի և Փարիզի համալսարաններում: Երբ հայերին կոտորեցին, իսկ փրկվածները անվերադարձ փախան, մշակութային կենտրոնից Շուշին վերածվեց գաղջ մթնոլորտով խուլ գյուղաքաղաքի:

Նպատակասլաց ռազմավարությունը՝ փոխել մարզկենտրոնի, ապա նաև՝ ամբողջ մարզի ազգային պատկերը, հղի էր իրավիճակի սրման և անգամ ժողովրդական հուզումների սպառնալիքով: Այդ պատճառով էլ երևի մեր քաղաքում տեղակայված էր խորհրդային երկու զորամաս. մոտոհրաձգային գունդը և քիմիական պաշտպանության գումարտակը: Այս երկու զորամասերն էլ նախատեսված էին տեղական բնակչությանը ոչնչացնելու համար, եթե հանկարծ լինեին զանգվածային անկարգություններ կամ հուզումներ՝ ազգային կամ հակասովետական հողի վրա: Պատկերացրեք՝ ոչ թե քաղաքից դուրս, այլ քաղաքի կենտրոնում բնավորված էր զորամասը, որն իր զինանոցում ուներ քիմիական արկեր և թունավորող նյութեր: Եթե իրավիճակը դուրս գար վերահսկողությունից, դժվար չէր լինի միանգամից ոչնչացնել ողջ բնակչությունը: Դժվար չէր գաղտագողի թունավորել քաղաքային ջրամբարը, կամ հացի գործարանի ալյուրը, կամ մսի կոմբինատի մթերքը: Ու վերջ: Կար բնակչություն՝ չկա բնակչություն, կար խնդիր՝ չկա խնդիր: Դե, մենք էլ ինչ անենինք, ապրում էինք զորամասերի հետ կողք կողքի, ոնց որ վառոդի տակառի վրա:

Այդ զորամասերում ծառայում էին շատ ռուսներ՝ սպաներ ու զինվորներ: Քաղաքացիները նրանց վերաբերվում էին հարգանքով ու բարեկամաբար: Նրանց հետ շփվելը հաճելի էր:

Ստեփանակերտում կար ինը դպրոց, դրանցից երեքում ուսուցումը ռուսերեն էր, մեկում՝ ադրբեջաներեն: 1985-ին ադրբեջանական դպրոցները դարձան երկուսը: Հայկականներից մնաց չորսը, ամեն տարի աշակերտների թիվը նվազում էր: Մտածելով երեխաների ապագայի մասին, ծնողներից շատերը (այդ թվում՝ իմ) հասկանում էին, որ հայերենը Ադրբեջանին պատկանող ինքնավար մարզում դառնում է անհեռանկար: Ծառայության մեջ ցանկացած առաջխաղացում պահանջում էր ռուսերենի լիարժեք իմացություն: Ղարաբաղում ամբողջ գործավարությունը կատարվում էր ռուսերենով: Հայկական դպրոցները պահանջվող մակարդակով գիտելիքներ տալ չէին կարող: Դա ռեսպուբլիկայում մայրենի լեզու չէր: Այլ կերպ ասած, խորհրդային քաղաքականությունը սրբագրում էր յուրաքանչյուր ղարաբաղցու մասնավոր կյանքը, ոչ ոք չէր կարող անտեսել այս իրաղությունը: Գնալով ավելի շատ երեխաներ ու դեռահասներ դպրոցում տրվող գիտելիքներն ուսումնասիրում էին ոչ այն լեզվով, որով շփվում էին ընտանիքում և փողոցում: Աստիճանաբար քաղաքում մոդայիկ էր դառնում ռուսախոսությունը, անգամ՝ ընկերական նեղ միջավայրում: Դանդաղ, բայց անկասելիորեն քաղաքը դառնում էր ռուսախոս: Բանը հասավ նրան, որ տեղի դրամատիկական թատրոնի հանդիսատեսը պակասեց: Այս մասին խոսելիս հարկ է նշել, որ թատրոնն ի սկզբանե Ղարաբաղում վայելում էր սեր ու համբավ: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից, այն հսկայական դերակատարություն ունեցավ հանդիսատեսին գեղեցկագույն հայերեն խոսքը մատուցելու, գրական լեզվին հաղորդակից դարձնելու գործում, որը ղարաբաղցիները առօրյայում չէին օգտագործում: Մինչդեռ հայերեն բարբառները, հատկապես ղարաբաղյանը, շատ են տարբերվում գրական լեզվից: Կարճ ասած, Ստեփանակերտի թատրոնը հայկական մշակույթի մի իսկական տաճար էր, փոքրիկ կղզի՝ թշնամական շրջապատման մեջ:

Բաքուն Մոսկվայի լիակատար անտարբերության կամ գուցե լուռ համաձայնության պայմաններում չհայտարարված պատերազմ էր վարում ադրբեջանական քաղաքների հայ բնակչության դեմ: Բացի Բաքվից, որտեղ ապրում էր երկու-երեք հարյուր հազար հայ, ևս մի քանի հարյուր հազարն էլ բնակվում էին Կիրովաբադում, Սումգայիթում, Նուխիում, Մինգեչաուրում, Շաքիում, Շամխորում: Սրան հարկավոր է ավելացնել ամբողջ Շահումյանի շրջանը և այնպիսի խոշոր գյուղեր, ինչպիսիք են նշանավոր Չարդախլուն, որը խորհրդային բանակին տվել է երկու մարշալ՝ Բաղրամյան և Բաբաջանյան, բազմաթիվ գեներալներ, գիտնականներ, Խորհրդային Միության հերոսներ: Ինչ՞ էին ուզում ադրբեջանական իշխանությունները: Ուզում էին, որ Լեռնային Ղարաբաղն արժանանար Նախիջևանի Ինքնավար մարզի ճակատագրին: Նախկինում Նախիջևանի տարածաշրջանում ապրում էին մի քանի հարյուր հազար հայեր, սակայն 1920-ականների սկզբին հայերը կազմում էին մարզի բնակչության կեսը: Այդ պատճառով էլ այն ևս ստացավ ինքնավարության կարգավիճակ: Եվ ինչո՞վ դա ավարտվեց: Վաթսուն տարի անց, շնորհիվ հետևողական ու նպատակադրված քաղաքականության, Նախիջևանը ամբողջությամբ մաքրեցին բնիկ ժողովրդից: Բայց դա քիչ էր: Հայերն այլևս չէին կարող նույնիսկ այցելել Նախիջևան, որը հայտարարվել էր սահմանային գոտի՝ հատուկ անցագրային ռեժիմով: Նրանց նույնիսկ թույլ չէին տալիս այցելել հարազատների ու նախնիների գերեզմաններին, հիանալ եկեղեցիներով ու խաչքարերով:

Վստահ կարելի է ասել, որ Ադրբեջանը համառորեն իրագործում էր սպիտակ ցեղասպանություն՝ հայկական բնակչությունը չէր ոչնչացվում, բայց տեղահանվում էր բնօրրանից: Ադրբեջանցիներին պարզապես բերում էին այն շրջաններ, որոնք բնակեցված էին հայերով: Մեր աչքի առաջ մեկը մյուսի ետևից բացվում էին ադրբեջանական դպրոցներ: Ով էր այնտեղ սովորում, եթե մեր հարազատ քաղաքում այդքան ադրբեջանցիներ չկային: Աշակերտներին դասի էին բերում կողքի շրջաններից: Ավարտելով դպրոցը, նրանք ընդունվում էին մանկավարժական ինստիտուտ, որը բացվեց 1980 թվականին հենց նրա համար, որ, ստանալով միջնակարգ դպրոցի ավարտական վկայական, երիտասարդ ադրբեջանցիները չլքեին Ստեփանակերտը: Ադրբեջանական բաժնի ուսանողների թիվը ճիշտ այնքան էր, որքան հայկական բաժնում: Եվ ամենաշատ ուսանողները կրթություն ստանում էին ռուսերեն: Ոնց մեղադրես…

Մեր քաղաք գալիս էին սովորելու ամբողջ Ադրբեջանից: Նրանց ետևից գալիս էին նրանց ծնողները: Մենք՝ բնիկ ստեփանակերտցիներս, արդեն շնչահեղձ էինք լինում, շունչներս կտրվում էր գեղջկական ճնշումից: Տարրական հիգիենայից զուրկ նոր քաղաքացիները բառիս բուն իմաստով թունավորում էին մթնոլորտը: Նրանցից շատերից այնպիսի հոտ էր գալիս, որ մենք փախչում էինք մեր սիրելի սրճարաններից ու ռեստորաններից: Ադրբեջանցի նորաբնակները, որպես կանոն, փողատեր էին ու երթևեկում էին սեփական մեքենաներով: Հանդարտությունը, խաղաղությունը, բարիդրացիությունը աստիճանաբար լքում էին Ստեփանակերտը: Քաղաքում ավելի հաճախ էին բռնկվում ընդհարումներ ու վեճեր: Հեղինակության մրցավազքում ծնողները երեխաներին ուղարկում էին ռուսական դպրոցներ: Դա առավելություն էր. միջնակարգն ավարտելուց հետո կարելի էր գնալ Մոսկվա կամ ռուսական այլ քաղաք և ընդունվել տեղի բուհերը: Եվ, թե Աստված հաջողեր՝ էլ չվերադառնալ:

Ավելի ու ավելի շատ ղարաբաղցիներ էին ընդմիշտ լքում հայրենիքը: Նրանք չէին ուզում հակամարտել ադրբեջանցիների հետ: Նրանց համար ավելի հեշտ էր զիջել հայրական տունը: Այդպես մեր աչքերի առաջ դատարկվեց թե հարազատ քաղաքը, թե ամբողջ Ղարաբաղը: Անտեսանելի ստորջրյա ընթացքը զրկեց մեր արմատները հիմքից՝ ժողովրդի արմատները, ստիպելով մարդկանց լքել հարազատ վայրերը: Հենց դա էլ սոցիալիստական ինտերնացիոնալիզմն էր՝ գործնականում: Արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր ու վայելուչ, մինչդեռ ժողովուրդների բարեկամության հոգեցունց ցուցանակի տակ ստորջրյա հորձանքները օրեցօր խարխլում էին հին հիմքերը: 1986-ին այդ անտեսանելի հոսանքները վերածվեցին հեղեղի և դուրս եկան ջրի երես: Մարդիկ սկսեցին ստորագրություններ հավաքել՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ կազմից փոխանցել Հայկական ԽՍՀ կազմ: Այլ կերպ ասած, խոսքը մեր փոքր հայրենիքը մեծին միացնելու մասին էր:

Դա վաղ թե ուշ պատահելու էր: Արցախահայության ճակատագիրը դեռևս 1923 թվականին կանխորոշել էր Ստալինը: Նա, ըստ էության, ուզում էր ոչնչացնել մեզ և մեր գենոֆոնդը՝ միաձուլել մի բուռ ղարաբաղցիներին քանակապես գերակշռող ադրբեջանցիների և թուրքերի հետ: Զգուշորեն ներդրվող սոցիալական և զուտ կենցաղային ծրագրերով նախատեսվում էր փոխել քրիստոնեական երկրի նկարագիրը, կարճ ասած հավատափոխ անել: Ադրբեջանցիները քիչ-քիչ բուն էին դնում մեր կողմերում, տնավորվում և կամաց- կամաց դուրս մղում հայերին: Շուշիի արյունոտ իրադարձությունների նման դեպքեր կարծես թե չկային, բայց, այնուամենայնիվ, Լաչինում, Քելբաջարում, Մարտունիում, Մարտակերտում և, ի վերջո, իմ հարազատ, սիրելի և անկրկնելի Ստեփանակերտում հայերի թիվը գնալով նվազում էր:

Լինելով երաժիշտ, ես լայնքով ու երկայնքով չափել էի Ղարաբաղը և անգիր գիտեի քաղաքները, ավանները, գյուղերն ու շեները: Ամենուր ես ունեի բազմաթիվ ընկերներ, ծանոթներ և չթաքցնեմ՝ երկրպագուներ: Բոլորն էլ ինքնատիպ էին, նման չէին մեկը մյուսին: Հետագայում այդ տարբեր բնավորության տեր մարդիկ միասնաբար ոտքի ելան հայրենիքի պաշտպանության համար, նրանցից շատերը զոհվեցին հանուն հայրենիքի:

Ինչու այդպես եղավ: Ես բանական պատասխան չունեմ: Ունեմ զգացմունքային բացատրություն: Ահա այն.

Արցախը ոչ երկիր է, ոչ տեղանք, ոչ երկրամաս: Արցախը դրախտ է, որտեղ ապրում են հրեշտակներ, որոնք օր օրի մաքրում են երկնային հոգևոր էներգիան: Արցախը փոքրիկ լուսատու է, որը մարդկության համար ճառագում է սեր և խաղաղություն: Եվ մարդկությունը վաղ թե ուշ կհասկանա, որ Արցախը մոլորակի ոսկե հատման վայրն է, որտեղ ի հայտ է եկել մարդկային գենը: Փոքրիկ Արցախը դարձավ ատոմային ռումբ, որը կործանեց սոցիալիստական ժանտախտը նրա կեղծ ինտերնացիոնալիզմով և ստի վրա կառուցված Խորհրդային Միությունը: Մարդկությունը վաղ թե ուշ կգիտակցի սա:

--

--