Լաչին

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
10 min readDec 16, 2019

Շուշիի ազատագրումից հետո, Լաչինի ճակատի հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով 12 մարտիկների հետ ես հետախուզության գնացի Զառուսլու և Լիսագոր գյուղեր: Պետք էր պարզել, թե ինչպես է հակառակորդը պաշտպանում այդ գյուղերը, ինչքան մարդ և սպառազինություն ունեն: Այդ երկու գյուղերը առաջնային նշանակություն ունեին Լաչինի պաշտպանության համար, իսկ Լաչինը կարևորագույն հենակետ է, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին կապող գլխավոր ավտոմայրուղին: Մեր խումբը վերև էր բարձրանում լեռնային արահետներով, որ հակառակորդը մեզ չնկատեր: 1992-ի մայիսի 18-ի վաղ առավոտը սառն էր, բայց արևոտ: Քամին փչում էր մեր ուղղությամբ` հաջողություն խոստացող լավ նշան:

Բարձրանալով Լիսագորի մերձակա ամենաբարձր բլուրը, մենք զննեցինք մեր շուրջը: Ներքևում, ասես ափի մեջ, փռված էին լճերը: Ես Դավիթ Ոսկանյանին հրամայեցի հինգ հոգի վերցնել և զբաղեցնել պաշտպանությունը հարավային կողմից: Եթե հակառակորդը հայտնաբերեր մեզ, նրանք պետք է մեզ պաշտպանության տակ առնեին: Հակառակորդին մենք տեսնում էինք բացահայտ և միանգամայն հստակ: Ես սկսեցի հաշվել և հաշվեցի մոտավորապես հարյուր մարդու: Տենդագին և անկանոն տեղաշարժերը խոսում էին ադրբեջանցիների խուճապային տրամադրության մասին: Գյուղում չկային գյուղացիներ և քաղաքացիական անձինք, նշանակում է՝ գյուղացիներին տարհանել էին: Դա չէր կարող մեզ չուրախացնել: Եվ ակնհայտ էր, որ ամենաչնչին առիթի դեպքում այստեղ մնացած ստորաբաժանումները նույնպես ճողոպրելու էին: Ադրբեջանցիների ձեռագիրը ես ուսումնասիրել էի և չէի կասկածում, որ ամեն ինչ հենց այդպես է:

Ես փորձում էի կապվել հրամանատար Սեյրանի հետ, բայց կապ չկար: Առանց երկար մտածելու որոշեցի արագ տեղաշարժով հարձակվել խուճապով համակված ադրբեջանցիների վաշտի վրա: Մարտիկներին հրամայեցի ձգվել գյուղի երկայնքով, թիկունքից` մեկը մյուսից հիսուն մետր հեռավորության վրա, և ըստ հրամանի` սկսել գրոհը: Դրա հետ մեկտեղ ադրբեջանցիների համար միջանցք բացեցինք դեպի Լաչին՝ թող փախչեն: Մտածածս ճիշտ էր` երեք կողմից կրակոցներ լսելով՝ ադրբեջանցիները անմիջապես թողեցին իրենց դիրքերը և սլացան ճանապարհով ցած: Ընկերներից ոմանք էլ մարտի բռնվեցին այն թուրքերի հետ, որոնք չէին փախել, բայց չէին էլ կասկածում, որ հիմա հայերը կհարվածեն իրենց: Տասը րոպեում Լիսագորը մաքրված էր: Հակառակորդը թողնելով տեխնիկան և զինամթերքը, փախչում էր ով ոնց կարող էր, մենք էլ նրանց չէինք խանգարում:

Ադրբեջանցիները շուրջ քսան կորուստ ունեցան, մեր կողմից զոհեր և վիրավորներ չկային: Ես ինձ մոտ երկու զինվոր թողեցի, իսկ մնացածին հրամայեցի հետևել հակառակորդին ճանապարհի ոլորաններում, որն ադրբեջաներեն կոչվում էր «յեդիգաթ», այսինքն՝ «յոթ շրջադարձ» մինչև Զառուսլու գյուղը: Այդ ժամանակ կապի դուրս եկավ ճակատի հրամանատար Սեյրան Օհանյանը: Ես նրան զեկուցեցի, որ դուրս եմ մղել ադրբեջանցիներին Լիսագորից: Նա հրամայեց անմիջապես լքել գյուղը և գտնել վստահելի թաքստոց, որովհետև 12:00-ին հետևելու է հզոր ռմբակոծություն «Գրադից»: Ես Սեյրանին խնդրեցի շտապ չեղյալ հայտարարել այն:

-Դա անհնար է,- հակառակվեց նա,- 61-ի հետ կապ չկա:

Մեր զրույցը լսում էր ամբողջ ճակատը, կենտրոնի հետ կապ հաստատել էին փորձում բոլորը, բայց ապարդյուն, և հանկարծ…

Մթնեց, երկիրը երկնքի հետ փոխվեցին տեղերով, լեռները շարժվեցին, նրանց լռությունը պայթեցրեց կամ երկնային կայծակը, կամ էլ հրետանու ռմբակոծությունը, մի խոսքով՝ մեզ պատեց դժոխքը: Մոտակայքում ժայռեր կային, մենք շտապեցինք դրանց կողմը, սեղմվեցինք, թաքնվեցինք և սկսեցինք սպասել: Սպասումը ընդամենը հինգ րոպե տևեց, բայց այդ ակնթարթի ընթացքում աչքիս առջևով անցան երեսուն ու մի քանի տարվա կյանքս, տխրություններս ու ուրախություններս, երեխաներիս դեմքերը, որոնք ժամեր շարունակ նստում էին նկուղներում, ծնողներս, եղբայրներս, քույրերս, ընկերներս: Մի խոսքով՝ վախը փոխեց ժամանակը, այն շրջվեց, ես հայտնվեցի այլ իրականության մեջ, որտեղ վայրկյանը ձգվում է մի օր, րոպեն՝ տասնամյակ:

Փառք Աստծո, իմ տղաներից և ոչ ոք չտուժեց: Հրետանու ռմբակոծությունից հետո մենք հավաքվեցինք, և ես լսեցի նրանց պատմությունները: Ներքևից նրանց թվում էր, թե Լիսագորը կրակի մեջ է: Փախչող ադրբեջանցիներից ոմանք, քար կտրած նայում էին սարսափելի տեսարանին: Հեռադիտակով Դավիթը տեսել էր, թե ինչպես ադրբեջանցիներից մեկը ծնկի գալով շտապ ու անփույթ քրիստոնեայի պես խաչակնքվել էր:

-Դե լավ, հա,- չհավատացի ես:- Երևի մերոնց թուրքի հետ ես շփոթել:

-Ես ոչ խենթ եմ, ոչ էլ կույր,- վիրավորվեց Դավիթը:- Դրանց մեջ ի՞նչ հայ: Րոպեական կվերացնեին: Նա լռեց, կարծես կրկին աչքերի առջև վերականգնում էր անհավանական տեսարանը և ավելացրեց:- Չէ, չէ, երդվում եմ մորս անունով, հաստատ մուսուլման էր, ծնկի իջավ ինչպես նամազի ժամանակ: Կամ նա խելքը թռցրել էր, կամ որոշել էր, որ մեր Հիսուսն իրեն ավելի կօգնի:

Մինչ մենք տաքացած և ոգևորված կիսվում էինք, մեզ մոտ շտապեց Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ մի ողջ բանակ:

-Ա՛յ Արթուր, հարազա՛տ,- բացականչեց Սեյրանը,- ես քեզ ի՞նչ հանձնարարություն էի տվել: Իմանալ Լիսագորում հակառակորդի ուժերի և սպառազինության մասին: Այդպե՞ս է, թե՞ չէ: Իսկ դո՞ւ: Իսկ դու ինքնակամ արկածախնդրություն ես նախաձեռնել: Մի՞թե կարելի է խախտել հրամանը:

Ես արդարացա, թե այդպես դասավորվեցին հանգամանքները, էլի ինչ-որ բաներ ասացի: Սեյրանը թերահավատորեն նայում էր ինձ:

-Հասկանում ես, Սեյրան,- ես որոշեցի ներկայացնել ամեն բան այնպես, ինչպես եղել էր,- ուղղակի ես ուզում էի հստակ և ակնառու ցույց տալ տղաներիս, որ ադրբեջանցիները չեն կարող կռվել ինչպես մենք՝ հայերս: Այն, ինչ մեր գեներում է, նրանց ոտքերում է և վերջ:

Ես թափ տվեցի ուսերս և ծիծաղեցի, Սեյրանն էլ ծիծաղեց: Միջադեպը հարթված էր: Սեյրանը մեզ շնորհակալություն հայտնեց, հրամայեց սնվել, հանգստանալ և պատրաստվել վաղվա մարտին: Մեզ իսկապես ճակատագրական մարտ էր սպասվում: Պահանջվում էր հակառակորդին դուրս մղել Լաչինից, ազատագրել Լաչինը և միջանցքը, որը կապում է Ղարաբաղը մեծ երկրի հետ: Մի քանի տասնամյակ մեր Ղարաբաղը ապրել էր կղզիացած՝ մայրցամաքից կտրված: Ժամանակն էր վերջ դնել դրան և միացնել հայկական հողը Հայաստանի հետ: Ըստ էության, հանուն դրան սկսվեց մեր շարժումը, հանուն դրա էլ մենք կռվում էինք:

Ես արագ հավաքեցի իմ հետախույզներին և Յուրա Հովհաննիսյանի հետ եկած 7-րդ ջոկատը, որի ոչ պաշտոնական հրամանատար էի: Հենց ոչ պաշտոնական: Իրականում, այդ ջոկատը ստեղծել էի ես, բայց, քանի որ իմ, Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Բաբայանի մոտ նորմալ հարաբերություններ չէին ստացվում, նրանք առաջարկեցին. «Քո փոխարեն երաշխավորիր ցանկացած մարտիկի, այդ դեպքում մենք կգրանցենք ջոկատը»: Ես առաջարկեցի Արկադիին՝ իմ հարևանին, բայց պայմանով, որ նա պետք է ենթարկվի անձամբ ինձ: Այդ պայմանը պաշտպանեցին ջոկատի բոլոր մարտիկները:

Հավաքից հետո մենք ու մենք ուրախ քննարկում էինք առավոտյան կռվի ժամանակ ծագած բարդությունները՝ ինչպես մտանք Լիսագոր և Զառուսլու, ինչպես հայտնվեցինք մերոնց հրետակոծության տակ և ուրախանում էինք հաջողությամբ ու հաղթանակով: Ռացիայով ինձ կանչեց Դավիթը, ասեց, որ ձի է գտել, ճիշտ է, վտիտ է, բայց քշել կլինի: Ես խնդրեցի ձիուն բազա բերել: Նստեցի և սկսեցի դեսուդեն գնալ: Մեր երևանցիները զարմացել էին, շատերը կենդանի ձի չէին էլ տեսել: Սկսեցին աղաչել՝ տուր քշենք, տուր քշենք…

Մթնում էւ: Ինձ կանչեց Սեյրանը և ասաց, որ Հայաստանից ուր որ է բերդաձորցիներից կազմավորված գումարտակ կմոտենա:

-Նրանց կհանձնենք քո ենթակայությանը: Մայրամուտին դուրս եք գալու Լիսագորից: Հանձնարարությունը՝ ազատագրել Բերդաձորը, Մեծշենը, Կանաչթալան… Ինչո՞ւ ես ծիծաղում: Հարցեր կա՞ն:

-Պարո՛ն հրամանատար: Ի դեպ, մայրս ծնունդով Բերդաձորից է: Մանկությունս այնտեղ է անցել: Տղաները, որոնք հիմա կհասնեն, գրեթե բոլորն իմ ազգականներն են, իմ եղբայրներն ու բարեկամները: Դա իմ ընտանեկան կլանն է: Ինքս եմ այդ տղաներին կազմակերպել մեկ տարի առաջ:

-Մինչև «Կոլցո» գործողությո՞ւնը, թե՞ հետո:

-Հետո… Գյուղ էր մտել բանակային ստորաբաժանումը, նրանց հետ էլ՝ ադրբեջանցիները: Բռնել էին տասնյակ տղաների՝ աշխարհազորայինների հրամանատար Առնոյի գլխավորությամբ, հետո սպանել նրանց:

-Պարզ է: Գործի՛ր: Տղաներդ կուրախանան, որ հրամանատարը դու ես:

-Ես խնդրանք ունեմ, Սեյրան ջան, մեծ խնդրանք: Այսօր մայիսի 17-ն է, ճի՞շտ է: Ուղիղ մեկ տարի առաջ է այս ամենը եղել: Թույլ տուր ես դա հենց հիմա անեմ: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ նվեր կմատուցենք մորս և բոլոր գյուղացիներին: Հանուն Քրիստոսի, թույլ տուր Առնոյի և մյուս զոհվածների հիշատակի համար…

Սեյրանը մտածեց, փափկեց և ասաց, որ կխոսի գլխավոր շտաբի հետ:

-Ամեն ինչ այդքան հեշտ չէ, Արթուր: Նախ գործողությունը նշանակված է վաղը և հետո, ձեզ հրետանու օգնությունը պետք կլինի, իսկ նրանք դեռևս չեն հասցրել խրամատավորվել նոր դիրքերում՝ դա երկու:

- Աստված սիրես,- նորից սկսեցի ես,- մեզ ոչ մի հրետանի էլ պետք չէ: Դու ուղղակի բերդաձորցիներին չես ճանաչոևմ: Պատկերացրու, մենք գիշերը անսպասելի մտնում ենք գյուղ, որտեղ անգիր գիտենք ամեն տուն, ամեն արահետ, յուրաքանչյուր փոս: Թուրքերը չեն հասցնի ուշքի գալ, րոպեական դուրս կշպրտենք նրանց:

Հենց այդ ժամանակ բերդաձորցիների ջոկատը, մոտավորապես 300 մարդ, մտավ Լիսագոր: Մթության մեջ երևում էին միայն մեքենաներից դուրս ցատկող զինվորների ուրվագծերը: Ես դեմքերը չէի տեսնում, բայց այդ ամենի մեջ մեծ զորություն կար և դա ինձ գոտեպնդեց: Ես Սեյրանին վճռականորեն ասացի.

-Պատերազմը հաղթում է հանդգնությունն ու մարտական ոգին: Չե՞ս լսել ասացվածքը. «Քաջությունը քաղաքներ է վերցնում» և մենք դա այսօր ապացուցեցինք: Ես տասներկու զինվոր ունեի, իսկ նրանք սատանան գիտի որքան էին՝ գուցե ջոկատ, կամ գումարտակ:

-Լավ, համոզեցիր: Բայց մարդկանց համար գլխով ես պատասխանատու: Ռիսկի չդիմես, յոթ անգամ մտածիր, նոր հրամայիր: Գիշեր է, աչքդ մատ մտնի՝ չես տեսնի: Աստված ձեզ օգնական:

Մենք գրկախառնվեցինք, ես հրամայեցի նորեկներին շարվել: Սեյրանը հայտարարեց, որ նրանք անցնում են իմ ենթակայության տակ և ավելացրեց.

-Երեսուն րոպե ընդմիջում, հետո անցնում եք մարտական առաջադրանքի: Ցրվե՛լ:

Կես ժամն ինձ հազիվ հերիքեց, որ բարևեմ և գրկախառնվեմ իմ բոլոր ազգակից եղբայրների հետ: Ըստ էության, բոլոր բերդաձորցիներն ինձ հարազատ են: Բոլորը գիտեին ինձ, ես էլ գիտեի գրեթե բոլորին՝ նույնիսկ անուններով:

Քառասուն րոպե անց, մոտավորապես 21:00-ին, մենք արդեն իջնում էինք այն տեղով, որն ադրբեջանցիները կոչում են «յեդիգաթ»: Հասնելով փոքրիկ «Տասը վերստ» գյուղ՝ մենք ստուգողական մի քանի կրակոց արձակեցինք և համոզվեցինք, որ այնտեղ մարդ չկա, հավանաբոար բոլորը դեռևս ցերեկը գնացել էին նահանջող զորքի հետ: Գյուղից ութ հարյուր մետր հեռանալով՝ հասանք խաչմերուկին: Մի ճանապարհը տանում էր ներքև՝ Մեծշեն և հետո՝ Բերդաձոր, իսկ երկրորդը՝ ուղիղ Կանաչթալա: Ես երեք մասի բաժանեցի ամբողջ անձնակազմը՝ Բերդաձորի և երկու գյուղերի համար: Դրանից բացի, հրամայեցի յուրաքանչյուր ջոկատից հարյուր մետր առաջ ուղարկել հետախույզների խումբ: Անձամբ ես ջոկատներից մեկի հետ մոտեցա Բերդաձորին: Գյուղի մոտ մենք ավտոմատային կրակոցներով և երկու-երեք նռնակներով պայթեցրինք գիշերային լռությունը. թող հակառակորդը իմանա, որ տանտերերը վերադարձել են: Ի պատասխան ոչ մի կրակոց չհնչեց, ոչ ոք չերևաց: Տներում մարդ չկար, բայց որոշ տեղերում վառվող նավթի լամպեր գտանք, վառարաններում էլ կրակ կար, իսկ սեղանին՝ սպասք: Հավանաբար ադրբեջանցիները պատրաստվել էին ընթրիքի: Մենք այդպես էլ չհասկացանք, թե երբ են նրանք փախել: Նույնը մյուս գյուղերում էր՝ մարդ չկար, բայց ամեն ինչ խոսում էր այն մասին, որ քիչ առաջ եղել էր: Ցնծագին աղաղակներ բարձրացան, աղմուկ, օդ կրակոցներ: Ես թողեցի, որ տղաներն ուրախանան, բայց հինգ րոպեից հրամայեցի ջոկատների հրամանատարներին պահակային ծառայություն ծավալել շտաբի մոտ, ապահովել Բերդաձորի և բոլոր երեք գյուղերի մարտական հերթապահությունը, կերակրել մարտիկներին և քնել: Հաջորդ օրը մեզ ծանր մարտ էր սպասվում Լաչինի և Զաբուխ գյուղի համար: Ամեն դեպքում զգուշացրի. «Ոչ մի կաթիլ ալկոհոլ, այլապես կպատժեմ»:

Ժամը 1:00-ին ես կապվեցի Սեյրանի հետ և զեկուցեցի, որ առաջադրանքը կատարված է: Հետո կապվեցի 61-ի, կենտրոնի հետ, գտա Ալիկ և Անաստաս եղբայրներիս և հանձնարարեցի, որ գտնեն մորս և նրա եղբորը՝ Բենիկ քեռիին ու փոխանցեն, որ մենք Բերդաձորում ենք, և ես շնորհավորում եմ բոլորին հարազատ գյուղի ազատագրման կապակցությամբ: Թող հավաքեն համագյուղացիներին և երկու օրից գան և վերաբնակվեն իրենց տներում. «Իննսունինը տարի վարձակալությամբ»,- վերջում կատակեցի ես:

Վաղ առավոտյան ես կրկին կապի մեջ մտա Սեյրանի հետ, որ ճշտեմ մեր հետագա անելիքները: Նա կարգադրեց առավել հարմար տեղ գտնել՝ Լաչինից և Զաբուխից ներքև, դեպի Կուբաթլու, ողջ ճակատի լավ տեսանելիությամբ, որ ուղղորդեմ հրետանային կրակը և տեղեկացնեմ հակառակորդի տեղաշարժի մասին: Բարձր բլրի գագաթին ես հրաշալի վայր գտա, որտեղից թռչնի թռիչքի բարձրությունից բացվում էր մեր և թշնամու ճակատային դիրքերի ամբողջ համայնապատկերը: Զեկուցեցի իրավիճակը Սեյրանին և հարցրի, թե ինչ պիտի անեն իմ արծիվները:

-Նրանք իրենց գործն արել են,- ասաց Սեյրանը,- թող մնան պահեստազորում:

Սեյրանի հրամանով, կես ժամ անց, սկսվեց հրետանային պատրաստությունը: Կրակը կենտրոնացավ Լաչինի վրա: Ուղղորդելով կրակը, ես ճշտում էի կոնկրետ թիրախների կոորդինատները: Պետք էր ոչնչացնել կամ էլ ճնշել հակառակորդի տեխնիկական հիմնական միջոցներն ու կենդանի ուժը: Մոտավորապես հասկանալով մեր հզորությունը, ադրբեջանական զորքը հապշտապ փախավ քաղաքից: Քաղաքացիական բնակչությունն, ըստ էության, բացակայում էր, ինչպես և Լիսագորում: Քաղաքը պաշտպանում էր մեկ-երկու գումարտակ, որոնք էլ որոշեցին չպաշտպանել այն: Շուտով Լաչինը մերն էր: Ես տեսա, թե ինչպես երեք կողմից քաղաք մտավ մեր հետևակը և դիրքեր տեղակայելով հանգուցային կետերում՝ սկսեց հիմնավորվել: Ես հարցրի Սեյրանին, թե կարո՞ղ եմ արդյոք լքել դիտակետս, չէ՞ որ այնտեղ էլ անելիք չունեի, նստեցի իմ Նիվան և իջա քաղաք: Իմ վաշտն ուղարկեցի Ստեփանակերտ: Առաջադրանքը կատարված էր:

Սեյրանը, գեներալ Դալիբալթայանի և շտաբի ղեկավար Ֆելիքս Գզողլյանի հետ միասին ասֆալտի վրա գծում էին Արցախը Հայաստանին կապող միջանցքի վերջին բնակավայր Զաբուխի ազատագրման գործողության սխեման:

-Այնտեղ այլևս ոչ ոք չկա,- ասում եմ նրանց,- վերևից իմ աչքով եմ տեսել: Բոլորը փախել են:

-Ովքե՞ր են այդ բոլորը,- հեգնանքով հարցնում է Դալիբալթայանը:

-Նրանց զորքերն ու ՕՄՕՆ-ը,- պատասխանում եմ,- Ես շատ լավ տեսնում էի հեռադիտակով:

-Որդիս,- չոր ասում է գեներալը,- ես իմ աչքերին ու ականջներին երբեք չեմ հավատում: Ես հավատում եմ միայն ոտքերիս և ձեռքերիս և ձեռքիս ավտոմատին: Մի խանգարիր մեզ, գնա և սպասիր հրամանի:

Սեյրանն ու Ֆելիքսն աչքով արին ինձ, ոչինչ չես անի, շառից հեռու:

Նեղանալով Դեդի չորությունից և մետաղյա սառնությունից, ես արագ կորա նրանց տեսադաշտից: Աչքս ընկավ տան պատին հենած հեծանիվը, նստեցի և քամու պես ճանապարհով իջա դեպի Զաբուխ: Նույնիսկ ավտոմատս չվերցրի, բայց մոտս ատրճանակ և նռնակ կար: Շուտով ես հայտնվեցի կամրջի մոտ, որը ինձ կասկածելի թվաց և կանգ առա: Նայեցի կամրջի տակ, ուշադիր զննեցի երթևեկելի մասը, տառացիորեն շոշափեցի աչքերով՝ ականապատվա՞ծ չէ արդյոք: Զգուշությամբ մի քանի անգամ անցա անվահետքով և համոզվելով, որ ականներ չկան, քշեցի առաջ: Երկու-երեք կիլոմետր քշեցի դեպի Հայաստան, կոնկրետ՝ դեպի Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ դեպի Գորիս: Ու բարկացած կանգ առա: Իմ առջև փռված էր պայթյուններից մինչև վերջ ավերված նախկին ճանապարհը: Բոլոր վարորդական խորամանկություններով հանդերձ՝ ճանապարհն անցնել անհնար էր: Ռացիայով զեկուցեցի Սեյրանին, որ Զաբուխը և դրանից հետո երկու կամուրջները մաքուր են, իսկ ահա սահմանի մոտ ճանապարհը ավերված է: Նա ուրախացավ:

-Դա լավ է,- ասում է,- որ գնացել ես հետախուզման: Մենք շուտով շարասյունով դուրս կգանք: Նայիր երկու կողմերդ և զեկուցիր իրավիճակի չնչին փոփոխության մասին:

Հանդարտվելով՝ ես փորձեցի մաքրել այլանդակված ճանապարհը և որքան էլ տարօրինակ էր, դա ինձ հաջողվում էր: Գետինը մաքրում էի բաճկոնովս և քերում ձեռքերով, իսկ ոչ մեծ քարերը հրում էի անդունդը: Ճիշտ է, մնաց ահռելի մի քար, որը նման էր ժայռի բեկորի: Մենակ ես այն տեղից չէի շարժի, նույնիսկ չփորձեցի: Մեկուկես ժամից մոտեցավ մեր շարասյունը: Մոտեցավ նաև գլխավոր մեքենան՝ ՈՒԱԶ-ը, որի մեջ էին գեներալ Դալիբալթայանը, Սևանցի Սուրոն, Հրազդանցի Սասունը, Յուրան Հովհաննիսյան, Վիկտորը ու էլի ինչ-որ մարդիկ: Բեռնատարից դուրս թռան մարտիկներ, միացյալ ուժերով ձորը հրեցինք այդ չարաբաստիկ քարը, և կրկին բարձրացան թափքի մեջ: ՈՒԱԶ-ը շարժվեց: Ես հետևից գոռում եմ. «Բա ե՞ս, կանգնիր, Դեդ, կանգնիր»: Ոչ մի ուշադրություն: Ես հանեցի ատրճանակս ու օդ կրակեցի: ՈՒԱԶ-ը կանգնեց, ես վազեցի և տեսարան սարքեցի:

-Դուք խելքներդ թռցրե՞լ եք,- բղավում եմ Դեդի և Սուրոյի վրա:- Ես այստեղ երկու ժամ է տանջվում եմ, ճանապարհն եմ մաքրում, որպեսզի Ձերդ գերազանցություններն անցնեն, իսկ դուք ոչ բարև, ոչ ցտեսություն, ոչ նույնիսկ շնորհակալություն:

-Կներես, Արթուր, անհարմար բան ստացվեց,- ասում է գեներալը,- բայց ես մեքենայում տեղ չունեմ, ես կարծում էի դու թափքի մեջ ես, մարտիկների հետ:

-Ես պետք է առաջինը Հայաստան մտնեմ,- բավականին լկտի կերպով ասացի ես, թռա վիլիսի կապոտին և բղավեցի Սուրոյին,- քշեք, ձեր մերը:

Եվ մենք շարժվեցինք ի պատիվ մեր հաղթանակի՝ անտեսանելի հրավառությանն ընդառաջ, որը նշանակում էր, որ ազատ Արցախը միացել է մայր Հայաստանին, և այլևս նրանց միջև սահմաններ չկան: Այդ զգացմունքն անհնար է արտահայտել բառերով, խոսքեր չկան վշտի հետ միախառնված այդ ուրախությունը, երջանկությունը, տոնախմբությունը նկարագրելու համար: Քանի որ ես շատ լավ հարմարվել էի կապոտին, հոյակապ տեսարան էր բացվում: Մենք ոլորապտույտ ճանապարհով վեր էինք բարձրանում, մինչև որ վերջապես հատեցինք Հայաստանի սահմանը: Սահման, որը ձգտում էինք վերացնել:

Տեսնում եմ, մեզնից մի հինգ կիլոմետր հեռու, մեծ դաշտում կանգնած է մարդկային բազմություն: Շրջվում եմ և բութս ցույց տալով հասկացնում, որ, ամեն ինչ կարգին է, մեզ դիմավորում են: Գնում ենք բազմությանն ընդառաջ: Մոտավորապես մեկ կիլոմետր անց՝ ես չզսպեցի կուտակված զգացմունքներս, հանեցի ատրճանակս և օդ կրակեցի: Ոգևորված կրակեցին նաև բեռնատար շարասյան տղաները: Եվ հանկարծ նկատեցի, որ ցուցապաստառներով, աղ ու հացով մեզ սպասող ժողովուրդը դեսուդեն է վազվզում: Կարծել էին, թշնամու շարասյուն է մոտենում: Մի րոպե առաջ նրանք պարում էին զուռնա-դհոլի տակ: Իսկ մյուս կողմում գինով լի տակառներ էին շարված: Կրակոցները դադարեցրինք, թափահարեցինք մեր ձեռքերն ու գոռացինք. «Հե՜յ, մերոնքական ենք, հայ ենք, մի՛ վախեցեք»: Բղավում էինք ամբողջ կոկորդով և շարժվում առաջ: Վերջապես, վախից ուշքի գալով և հասկանալով, որ մենք՝ մենք ենք, ում որ իրենք սպասում էին, դիմավորողները հետ վազեցին: Մենք վազեցինք իրենց մոտ, իրենք էլ՝ մեր: Գրկախառնություններ, արցունքներ, բացականչություններ: Տարերային հանրահավաք, աղուհաց: Շատ ծիծաղեցինք, երբ լրագրողները հանկարծ սկսեցին պահանջել, որ մենք կրկին նստենք մեքենաները, ետ դառնանք և Հայաստան մտնենք միացրած տեսախցիկների ներքո: Այլապես պատմական պահը ֆիքսված չի լինի՝ անթույլատրելի է: Ծիծաղից ուշքներս գնացել էր, ախր դերասաններ չենք, ինքներդ եք մեղավոր: 1992-ի մայիսի 18-ն էր, մայր Հայաստանի հետ Արցախի փաստացի վերամիավորման պատմական օրը:

--

--