Խաչը

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
17 min readNov 28, 2019

Սկզբում Արցախի թեմը գոյություն ուներ միայն թղթի վրա: Պարգև սրբազանի և իմ՝ որպես թեմի գործերի կառավարչի անելիքները շատ-շատ էին, սակայն երկու տարի շարունակ մենք մեր գլխավոր խնդիրը համարում էինք Ամարաս եկեղեցու վերականգնումը: Եվ վերջապես այդ օրը եկավ: Եկեղեցու հանդիսավոր բացումը մենք ծրագրել էինք 1991 թվականի ապրիլին: Սպասում էինք հյուրեր Հայաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Կանադայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հարավսլավիայից և Լեհաստանից: Ամարասը հայ ժողովրդի պամության, նրա մշակույթի և հոգևոր կյանքի մեջ մեծ դերակատարում և նշանակություն էր ունեցել: Այնպես որ եկեղեցու վերածնունդը դառնալու էր համազգային իրադարձություն: Բնականաբար, ԿԳԲ-ն էլ էր դա լավ հասկանում, բացի այդ մի կողմից նման տոնակատարությունը թաքցնել հնարավոր չէր, մյուս կողմից էլ մատնիչները իրենց գործը շատ հստակ էին կատարում: Ինձ վաղուց էին հետևում և ես համակերպվել էի դրան: Ես քողարկվում էի՝ փարաջա էի կրում, շրջում էի մորուքով և մուգ ակնոցով: Իմ գտնվելու վայրերը քչերին էին հայտնի:

Երևանում դեմ էին, որ ես գնայի Ամարասի բացմանը: Մեծ էր հավանականությունը, որ ին կձերբակաեին ու կփակեին ճաղերի ետրում: Բայց Ամարասի բացումը բաց թողնելը կնշանակեր վախենալ և ջուրը գցել 2 տարվա չարչարանքը: Կարճ ասած, դա ինձ համար պատվի ու սկզբունքի հարց էր:

Բացի այդ, ես հույս ունեի, որ պատժիչ օրգանները կվախենան հրապարակային միջոցառման ժամանակ սկանդալ սաքրել: Դա մեծ արձագանք կունենար, չէ որ հյուրեր էին լինելու բազմաթիվ երկրներից: Իսկ դա պետք է որ ինձ պաշտպաներ: Բացի այդ առիթը հոգևոր բնույթ ուներ, այլ ոչ՝ աշխարհիկ: Իսկ 89-ին անգամ Կրեմլն էր փոխել իր վերաբերմունքը կրոնի հանդեպ՝ անհաշտ վերաբերմունքը դարձել էր հանդուրժող և զուսպ: Հայաստանում դեռ լճացման տարիներից գոնե արտաքուստ հարգանքով էին վերաբերվում եկեղեցուն ու հոգրորականներին: Դրա հետ մեկտեղ եկեղեցիները միշտ եղել են ապաստարան… Այ այսպիսի փաստարկներ էի ես մտովի հավաքում: Ավաղ սխալվեցի: Ինձ ձերբակալեցին, ընդ որում՝ այնպես, որ հոլիվուդյան մարտաֆիլմերի բեմադրիչներն անգամ կնախանձեին: Ավտոմատային կրակահերթեր, պայթյուններ, կապույտ բերետավորներ, ուղղաթիռներ, զրահամեքենաներ… Ասես բռնում էին առնվազն խոշոր գանգստերի, նարկոբարոնի կամ նույնիսկ Բեն Լադենին… որին, ինչպես հայտնի է, ձերբակալեցին լուռ, առանց հատուկ միջոցների:

Իսկ ահա իմ ձերբակալությունը կազմակերպվեց ավելի քան տպավորիչ: Եթե հնարավոր լիներ դիտել այդ տեսարանը կողքից, ես հաճույքով կնայեի այդ ֆիլմը: Իմ մեքենան օդանավակայանում շրջափակեցին վիլիսները, ինձ (ծպտված վանականի փարաջայով, դնովի մորուքով ու ակնոցով) գետնին տապալեցին, պառկեցրին բերանքսիվայր: Իսկ վերևում պտտվում էին երկու ուղղաթիռ, առջևում զրահամեքենան էր: Ինձ են մոտենում դիմակավորված կապույտ բերետավորներ ու պահում են ինձ ԱԿ ինքնաձիգի ենթափողի նռնականետի նշանառության տակ: Ես երբեք նռնականետով ենթափող չէի տեսել, միայն լսել էի դրա մասին ու միշտ երազել էի ունենալ: Այն անմատչելի էր անգամ ինձ նման փորձառու զենք ճարողի համար: 89-ին ես հաջողացրի Ուրալում ձեռք բերել երեք տանկ, քանդել ու մաս-մաս ուղարկել Հայաստան: Փողերը ուղարկեցի որպես խողովակներ, զրահաշտարակները՝ մետաղի ջարդոն, իսկ ընթացամասը՝ որպես գյուղատնտեսական քարշակ: Եվ ի՞նչ եք կարծում: Այդ բեռան կեսը տեղ հասավ, և մենք երեք ռազմական մեքենայից ստացանք մեկը: Ընդամենը մեկը, սակայն իսկականը, բնօրինակը: Ճիշտ է՝ նրա համար արկեր այդպես էլ չգտանք, սակայն Վարդենիսում մենք ունեինք մեր պատրաստի տանկը: Նկատի ունեինք, որ Վարդենիսից կարող ենք հասնել սահման, անցնել այն, ու մենք Ղարաբաղում ենք: Հիմա, պատերազմից հետո, կարելի է այդ ամենի վրա խնդալ, բայց ինչպիսի՜ երազանքներ ունեինք:

Եվ այսպես, ես անօգնական պառկած եմ գետնին, գլխիս՝ դեսանտայինի սապոգը: Հաջորդ պահին ինձ կտրուկ ոտքի են հանում, պոկում մորուքս, ակնոցս ու փարաջաս և պարկի նման նետում զրահամեքենան: Ո՞ւր էին տանում ինձ այդ օդադեսանտային ուղեկցությամբ, գաղափար չունեի: Ես դեռ ուշքի չէի եկել ցնցումից և վատ էի հասկանում, թե ինչ է կատարվում: Վերջապես բացվեց զրահամեքենայի կափույրը, ինձ դուրս քաշեցին ու երեքտակ ծալած տարան անհասկանալի նշանակության մի կառույց: Միայն վերջին պահին գլխի ընկա, որ դա Շուշիի բերդն է:

Ես, իհարկե, հասկանում էի, թե ինչու ինձ այդպես ցուցադրաբար, հանդիսավոր ձերբակալեցին: Բայց ինչի էր պետք դա անել վանքի բացման հանդիսությունից առաջ, որը վերածնվել էր նաև իմ ջանքերի շնորհիվ, անհասկանալի էր: Կարող էին և համբերել: Բուն ձերբակալությանը ես հանգիստ էի վերաբերվում: Մարդը դեմ է կոմունիստական ռեժիմին և այն անվանում է ավազակային ու արյունարբու: Որտե՞ղ պիտի հայտնվի նա դրանից հետո: Դե իհարկե՝ բանտում: Նրանց համար ես հանցագործ էի: Իսկ ինչո՞ւ դեսանտայինները ձերբակալությունը վերածեցին ցուցադրական գործողության, որը չէր կարող չթունավորել արարողությունը և անգամ տապալել այն: Ինչ էլ լինի՝ ռուսները նույնպես քրիստոնյա են, թեև մեր երկու եկեղեցիների միջև՝ ուղղափառ ու առաքելական, տարակարծություններ կան: Բայց ես կարծում էի, որ նրանք պետք է իմանային, որ հայերն առաջինն են Տրդատ թագավորի գլխավորությամբ մկրտություն ընդունել պետական մակարդակով: Իսկ Ամարաս եկեղեցին հայկական սրբություններից մեկն է: Այդ ցուցադրական արհամարհանքը հավատակիցների հանդեպ անհասկանալի էր ինձ այն ժամանակ և տանջում է մինչ օրս: Թեև հիմա ես գուցե և հասկանում եմ, թե բանն ինչ է: Քրիստոնեությունը Ռուսաստանում վերածնվեց միայն խորհրդային աթեիտական ագրեսիվ իշխանության տապալումից հետո: Եվ նույնիսկ այսօր, երբ ռուսները իրենց համարում են ուղղափառ քրիստոնյա, ոչ բոլորը գիտեն, որ հայերը նույնպես քրիստոնյա են: Իսկ այն, որ Հայաստանը քրիստոնեություն է ընդունել դեռևս չորրորդ դարի սկզբին, շատ քչերին է հայտնի: Դա այսօր, իսկ խորհրդային իշխանության օրոք հայերին ճանաչողները ավելի քիչ էին: Աստված գիտի, գուցե այդ տգիտոթյունից է, որ մեծն Ռուսիան երկրորդ դարն է արդեն չի կարողանույմ ձերբազատվել այն անեծքից, որ հետապնդում է նրան 1917թ.-ի հեղաշրջումիւց ի վեր:

Սա է Ռուսաստանի ու ռուսների դժբախտությունը, նրանք թեև սլավոններ են, բայց նրանցից շատերը հոգու խորքում ոչ թե աթեիստ են, այլ միապետական հավակնություններով անաստվածներ: Աշխարհի մեկ վեցերորդը իրեն ենթարկած ժողովրդի համար զավթիչի ոգին շատ ավելի կարևոր է, քան քրիստոնեությունը: Այդ պատճառով նաև հիմա աշխարհի գրեթե կեսը տառապում է, ինչպես և իրենք: Ռուսաստանի դժբախտությունն այն է, որ չի հոգնում մտածել իր երբեմնի հզորության մասին: Որովհետև երկրագնդի և համայն մարդկության մասին ավելի շատ է մտածում, քան իր ու իր երկրի քաղաքացիների:

Եվ այսպես, ինձ տարան Շուշիի բանտ: Շուշին Ստեփանակերտից հեռու է մոտ տասը կիլոմետր, նախկինում այն Ղարաբաղի հայկական գլխավոր քաղաքն էր: Ասում եմ՝ նախկինում, քանի որ 1920թ.-ի սարսափելի կոտորածից հետո այնտեղ գրեթե հայ չէր մնացել: Քաղաքը տարեցտարի բնակեցնում էին ադրբեջանցիներով: Ի վերջո, 1980 թվականին այնտեղ մնաց մոտ մի հարյուր հիսուն հայ՝ ընդդեմ երեսուն հազար ադրբեջանցիների: Ստեփանակերտում, ըստ էության, փորձում էին նույնը անել:

Ազատագրական շարժման սկզբից Շուշիի բանտը բաժանվել էր երկու անհավասար մասի: Առաջինում պահում էին քրեականներին, երկրորդում՝ քաղբանտարկյալներին ու պարետային ժամը խախտողներին, որը մտցրին, երբ իրավիճակը սրվեց: «Քաղաքականներին» վերահսկում էին ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուսները, ավելի ճիշտ՝ ՊԱԿ-ը: Նախ ինձ քարշ տվեցին ստուգելու՝ զենք, կտրող-ծակող առարկաներ և կամ արգելված գրականություն ունեմ, թե ոչ: Ապա տարան համեստ կահավորված մի սենյակ: Ինձ ուղեկցում էր «պատվո պահակախումբը»՝ վեց ավտոմատավոր դեսանտային: Սեղանի ետևում նստած էր մի գեներալ, տեսքից երևում էր, որ ռուս է: Նա անտարբեր նայեց ինձ ու լռեց:

Հայտնվեց՝ պարզ չէր, թե ինչից, ուրախ Հասան անունով ադրբեջանցի բանտապետը՝ իր երկու ազգակից տեղակալների հետ: Նա պիտի գրանցեր հերթական ծայրահեղական «կենվորին»: Հասանը ինձ վրա նետեց նվաստացնող մի հայացք ու թունոտ ասաց.

-Քեզ հազար անգամ ասել են՝ քեզ լավ պահիր, թշնամություն մի բորբոքիր երկու եղբայրական ազգությունների միջև:- Չսպասելով պատասխանի՝ նա շարունակեց:- Տես, չփոշմանես, որ չլսեցիր մեզ ու շատ հարգելի ռուս ընկերներին: Դու գոնե գիտե՞ս ինչու ես այստեղ: Թե ադրբեջանցի, թե հայ ժողովուրդը պատրաստ են սպանել քեզ: Բայց մենք սրտացավ մարդիկ ենք, որոշել ենք քեզ նման հիմարին փրկել: Քո մասին հոգ կտանենք:

Այդ զզվելի մենախոսությունը հրամայական տոնով ընդհատեց գեներալը.

-Հերիք է զառանցես: Արագ ձևակերպիր ու ռադ եղիր:

-Ընկեր գեներալ, ես ճիշտն եմ ասում,- խաղաղասիրաբար առարկեց Հասանը:- Մեղք է հիմարը, նրա համար այստեղ ավելի լավ կլինի:- Ու, դառնալով ինձ, հրամայեց:- Հանվի՛ր: Մինչև վերջ:

Ես դուրս քաշեցի սվիտերս, վերնաշապիկս, շապիկս, կոշիկներս ու գուլպաներս, հանեցի շալվարս: Բանտի պետը շուռ տվեց գրպաններս, շոշափեց հագուստս և, բոթելով ինձ՝ հրամայեց.

-Անդրավարտիքդ էլ: Տեսնենք քամակդ:

-Ձենդ կտրիր ու միմոսություն մի արա,- դարձյալ խառնվեց գեներալը:- Վերջացրու ու չքվիր:

Ես մերկ կանգնած եմ, իսկ Հասանն իր էշն է քշում.

-Լսիր, Հիսուս Քրիստոս, հլը խաչդ տուր: Ես ձեզ ճանաչում եմ, խաչով երակը կկտրի, հետո էլ կասեն, թե Հասանն է սպանել սրան:

-Խնդրում եմ,- ասացի նրան հայերեն,- խաչիս ձեռք մի տուր, ախր ես հավատացյալ եմ: Դրա համար քեզ լավ փող կտան, մի կասկածիր:

-Էդ ի՞նչ եք բլբլում,- հետաքրքրվեց գեներալը:

-Նա, ընկեր գեներալ, սպառնում է, որ կմորթի ռուսներին, հենց որ դուրս գա,- թարգմանեց Հասանը:

Ես չհասցրի առարկել: Վզիս ուժեղ հարված զգացի, խզակոթով խփում էին գլխիս ու թիկունքիս: Ականջներս խշշացին, ես, ասես մշուշի միջից, լսում էի գեներալի գոռոցը.

-Է՛յ, դո՛ւ, Հասան ես, ինչ ես: Ի՞նչ ես մլուլ տալիս, բոզ… ստորագրի, տուր փաստաթուղթն ու ջհանդամվիր:

Կամ Հասանը չպատասխանեց, կամ ինչ-որ բան քրթմնջաց, բայց ես միայն լսեցի, որ նա գոռում է ինձ վրա:

-Վերջին անգամ եմ ասում, խաչը հանի՛ր:

Ամբողջովին արյան մեջ՝ ես դիմեցի գեներալին.

-Ես հավատացյալ եմ, քրիստոնյա, ախր դուք էլ եք քրիստոնյա, ինչու՞ է ձեզ իմ խաչը խանգարում:

Ինձ շարունակ խզակոթերով խփում էին, իսկ երկու հոգի էլ սկսեցին հարվածել աճուկներիս, կրծքիս, կողերիս: Զգալով, որ կորցնում եմ գիտակցությունս, պոկեցի խաչս ու փորձեցի կուլ տալ…

Թե ինչքան ծեծեցին ինձ, ինչպես էին փորձում խաչը բերանիցս հանել, չեմ հիշում, ավելի ճիշտ նյարդերովս չեմ ֆիքսել:

Ուշքի էի գալիս աստիճանաբար: Փորձեցի բացել աչքերս, բայց չստացվեց, կոպերս ոնց որ մեխած լինեին կամ սոսնձած: Խոսել նույնպես չկարողացա, բերանս ոնց որ հաստ թելով կարած լինեին, իսկ լեզվիս փոխարեն ասես փուշ էր աճել: Փորձեցի շարժել ձեռքերս ու ոտքերս, գուցե դա հաջողվի: Նախ հասկացա, որ ինձ այլևս չեն խփում, լռություն է: Ինչ-որ մեկը դիպավ կրծքիս, դեմքիս շնչառություն զգացի: Հետո մաքրեցին ճակատս, այտերս, քիթս, շուրթերս, կզակս: Դեմքիցս ինչ-որ բան վերցրին կամ ինչ-որ բան դրեցին. շատ ցավոտ էր: Դա տևեց մի ամբողջ հավերժություն: Ինձ շրջապատում էր խիտ, անթափանց խավարը:

Ես կարծես հայտնվել էի դժոխքում: Բայց կներեք, ի՞նչ օրենքով: Ու՞ր է Ահեղ դատաստանը, ու՞ր են Աստված ու նրա հրեշտակները, մի՞թե նա չի որոշում, ում, ինչու և ուր ուղարկել: Ոչ, ես համաձայն չեմ և պահանջում եմ արդարադատություն: Մի՞թե երկնքում էլ չկա արդարություն: Չե՛մ հավատում: Ինձ ներկայացրեք Աստծուն, ոչ ոք իրավունք չունի դատել ինձ, բացի նրանից. ես բողոքում եմ:

Ես սկսեցի խեղդվել հազից: Միանգամից երևակայությունս բորբոքվեց, անթափանց խավարում կայծակներ փայլատակեցին: Կայծակները համատեղվեցին խեղդող հազին: Դա ամպրոպ էր, նախ խավարում փայլատակում է կայծակը, ապա թնդում է որոտը: Որոտը, ոչ թե հազը: Որոտ ու կայծակ: Երևում է՝ Աստված լսել է ինձ ու շտապում է ինձ մոտ, իսկ կայծակը և հազի նոպաները նրա նախանշանների էությունն էին: Էլ ո՞վ ինձ օգնության կգա: Նա է, գլխավորների գլխավորը:

Սիրտս ահավոր խառնում էր, ես անմիջապես ործկացի ու հետ տվեցի, ասես ներսից ինձ շուռ էին տալիս: Առաջվա պես ամպրոպն ու կայծակները շարունակվում էին, բայց ես ուժերի վերելք էի զգում: Սկսեցի բռունցք անել, սեղմել մատներս: Ցավը խոցում էր ամբողջ էությունս, բայց պարզ տրամաբանությունը հուշում էր. եթե ցավ եմ զգում, ուրեմն ողջ եմ: Դեռ այն աշխարհում չեմ: Այ, դա հաճելի էր: Աստվա՞ծ չէր արդյոք, որ վրդովվեց, երբ առանց իր իմացության ինձ դժոխք շպրտեցին, ու չեղյալ հայտարարելով անարդար դատավճիռը, ինձ վերադարձրեց երկիր: Այլապես որտեղի՞ց հայտնվեցին գլխիս մեջ որոտն ու կայծակը:

Ինչ-որ մեկը իմ ձեռքs բռունցք դարձրեց, հետո բացեց: Նախ աջ, հետո ձախ ձեռքերս: Ապա նորից: Էս ո՞վ է, մտածեցի: Ինքս ուժ չունեի սեղմել իմ թմրած, ջարդված մատները: Ուրեմն ես չէի, ուրիշ մեկն էր: Այդ պահին ինչ-որ մեկը սեղմեց կուրծքս և փչեց իր տաք շունչը դեմքիս: Երբ մատներս բռունցք դարձան, ես զգացի, որ բռիս մեջ ինչ-որ բան կա, ավելի ճիշտ, ինչ-որ բան դրեցին: Ուզում էի շոշափել մյուս ձեռքով, թե ինչ է դա, ու անմիջապես ինձ հասկացան և օգնեցին… Աստված, ախր սա իմ խաչն է: Բայց ես կարծես կուլ էի տվել այն: Նշանակում է, չէր հաջողվել, խաչը քերծել էր կոկորդս, քիմքս, լեզուս, և ահա կրկին ինձ մոտ է, ճիշտ է՝ ոչ կրծքիս, բայց հոգ չէ:

Սկզբում վերադարձավ գիտակցությունս, իսկ հիմա արդեն լուսավորվեց:

Ինձ ջերմացնում էր միտքը, որ իմ խաչը բաժին չհասավ ոչ ադրբեջանցիներին, ոչ «հայրենիքի պաշտպաններին», որոնք վեց հոգով հաղթեցին «լողլող ծայրահեղականիս»: Խաչը չհասավ նաև գեներալին, որը հավակնում էր իրեն ենթարկել ամենքին ու ամեն ինչ, ջարդ ու փշուր անել, որ չկարողանան ծպտուն հանել: Ինձ համակել էր հպարտությունը՝ ես դիմակայեցի միապետությանը, չհանձնվեցի նրա վասսալներին ու դրա հետ մեկտեղ պահպանեցի թե անձնական, թե ազգային արժանապատվությունս: Թերևս հենց այսպես է՝ Գրիգոր Լուսավորիչը համբերատար դիմացել ծաղր ու ծանակին: Գիտակցելով հայերի քրիստոնյա լինելու պատմական առաքելությունը, հնազանդ կրել է տանջալի խաչը: Հոգիս խնդրում էր հասկացնել բոլոր կաթոլիկներին, ուղղափառներին ու բողոքականներին, որ չի կարելի լինել քրիստոնյա և տանջել, խոշտանգել, նվաստացնել եղբայր քրիստոնյաներին: Առավել ևս, երբ նրանք փառաբանում են կամ պաշտպանում են իրենց սրբությունները: Եթե նույնիսկ դա հասարակ կրծքի խաչ է՝ Հիսուսի տանջանքի խորհրդանիշ, որը խաչվեց մարդկային մեղքերը քավելու համար: Բայց այնուամենայնիվ, աղոթում էի ես, ներիր նրանց, Աստված, քանզի չեն գիտակցում, թե ինչ են անում…

Ու եթե նախկինում խաչն իմ կրծքին նույնիսկ ոչ թե խորհրդանիշ էր, այլ պարզապես թալիսման, ապա այժմ այն դարձավ ինձ համար հոգևոր ուժի աղբյուր:

Մեկ-երկու օր անց ես աստիճանաբար ուշքի եկա, բայց միայն այն իմաստով, որ իմ գիտակցության հոսքի մեջ զառանցանքն արդեն զանազանվում էր իրականությունից: Իսկ մնացածում ես դեռ կույր, խուլուհամր արարած էի: Սակայն անցավ մի տասն օր, և ես սկսեցի քիչ-քիչ տեսնել, լսել, զգալ: Շնորհիվ, նախ և առաջ, իմ հոգևոր վերելքին ու պայծառացմանը, և երկրորդ՝ շնորհիվ այն մարդու, որը բախտի կամոք հայտնվեց իմ կողքին: Խոսքը իմ խցակից Նապոլեոնի մասին է՝ Մարտակերտի շրջանից: Նապոլեոնը ճաղերի ետևում էր հայտնվել ինձնից երկու ամիս առաջ: Իր հարազատ վայրերում նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի մարտիկ, սակայն ձերբակալվել պարետային ժամը խախտելու և հրազեն՝ եթե ապակոդավորեմ՝ հնամաշ բերդանկա պահելու համար: Բարեբախտաբար, օրենքի պահապանները չէին խորացել, թե ով է նա իրականում: Մի անգամ Նապոլեոնը ափսոսանքով շշնջաց ականջիս.

-Լավ չի, շեֆ, ինչ-որ բան լավ չի: Ո՞վ է հիմա մտածելու մեր մասին: Ի՞նչ է լինելու մեր շարժման հետ:

-Հիմարություններ դուրս մի տուր: Կարծում ես՝ ելք չի՞ լինելու: Ադրբեջանցիները չեն կարող մեզ ճնշել: Ոչ էլ ԽՍՀՄ-ը. ա՛յ, կտեսնես, էսօր-էգուց փլվելու է, Գորբաչովն արդեն փրփուրներից է բռնվում:

Նապոլեոնը անդադար հոգում էր իմ մասին, ջուր էր տալիս, զգուշորեն քերում էր արյունը մարմնիցս ու շշուկով պատմում իր հերոսությունները, որոնք ինքն անձամբ հերոսություն չէր համարում: Վերջին մեկ-մեկուկես տարում նա իրենց շրջանում պաշտպանել էր համագյուղացիներին ու անասուններին ադրբեջանցիներից, երբեմն էլ՝ սովետական բանակայիններից, որոնք հաճախ ապրում էին կողոպուտով: Լսում էի ես նրան անհագ հետաքրքրությամբ, ամեն կոնկրետ պատմություն իր գույնն ուներ, աշխարհայացք էր ընդլայնում և նոր փաստեր ի հայտ բերում: Նապոլեոնի պատմությունները, նրա միապաղաղ տոնը, նրա համեստությունը հպարտություն էին ներշնչում. ինչ կարգին մարդիկ կան մեր մեջ և նրանք շատ են: Նշանակում է՝ հոռետեսները սխալ էին, երբ մտածում էին, որ եթե իսկական պատերազմ սկսվի՝ մենք չենք դիմանա:

Չեկիստները փորձեր էին անում հարցաքննել ինձ, բայց չէր հաջողվում: Բնավ ոչ այն պատճառով, որ ես չէի ուզում զրուցել նրանց հետ կամ համագործակցել: Ես խոսելու ընդունակ չէի: Քաջարի դեսանտայինները ջարդել էին բոլոր ատամներս, նաև՝ ծնոտս: Բուժօգնության մասին ոչ ոք չհիշեց: Ես գիտեի, որ ինձ համար բժիշկ չեն կանչելու: Բանտում անցակացրած օրերին ինձ նույնիսկ մի ֆելդշեր էլ չայցելեց: Ու որ պատկերն ամբողջականացնեմ, ասեմ, որ միշտ քաղցած էի: Ճիշտ է, հացադուլ չէի հայտարարել: Ուղղակի ոչ կարողանում էի ծամել, ոչ էլ կուլ տալ: Կոկորդս ու ձայնալարերս քերել էր խաչը: Զավեշտալի է, որ խցում պատահաբար (գուցե և` ոչ պատահաբար) մենք հայտնաբերեցինք Պոլ Բրեգի գիրքն այն մասին, թե ինչպես կարելի է քաղցած մնալ: Գիրքն իմ ձեռքն ընկավ շատ պատեհ ժամի: Ես այն կարդացի մեկ շնչով: Հետո իմացա, որ ոչ մի պատահականություն էլ չկար. Հսկիչ Ֆեդյան էր գիրքը խուցը նետել:

Բայց ամենածանրն ինձ համար ոչ թե մարմնիս ցավն էր կամ քաղցը, այլ անքնությունը: Անքնությունից տառապում էր նաև Նապոլեոնը: Ադրբեջանցիները ամբողջ գիշեր զվարճանում էին՝ մեր պատուհանի տակ շներին թունավորելով: Դրանք աղիողորմ կլանչում էին, և մենք ժամերով լսում էինք շների կաղկանձը: Դա դեռ ամենը չէր: Բանտապահները փողոցային խուլիգանի հարայհրոցով ու վայրի աղաղակներով մեր պատուհանների տակ էին գլորում ավտոդողեր ու վառում: Ծուխն ու թունավոր նյութերը լցվում էին խցեր և երկար ժամանակ չէին անցնում, շնչել հնարավոր չէր: Պատուհաններին ապակի չկար: Ենթադրում եմ, որ ի սկզբանե այնտեղ նախատեսված են եղել միայն վանդակաճաղեր, այնպես որ մրմռացնող սև քուլաները լցվում էին մեր քիթը, կոկորդը, թոքերը: Մենք խեղդվում էինք, սիրտներս անընդհատ թույնը ուտում էր մեզ ներսից: Բողոքելն անիմաստ էր, քանի որ շների համերգներն ու թունավոր գազով գրոհները կազմակերպվում էին չեկիստների համաձայնությամբ: Առանց նրանց հավանության Հասանն ու նրա «վեցնոցները» չէին համարձակվի հանդես բերել այդպիսի անմարդկային հնարամտություն: Միակ բանը, որ օգնում էր ողջ մնալ այդ պայմաններում, հավատն էր: Աստծու և ընկերների նկատմամբ, որոնք, վստահ էի, անում են ամեն ինչ՝ մեզ այս դժոխքից հանելու համար:

Ես չսխալվեցի: Կալանքի երկրորդ ամիսն էր, խուց մտան հսկիչները, բռնեցին թևերս, քանի որ ինքնուրույն տեղաշարժվել ի վիճակի չէի, ու տարան մի ուրիշ սենյակ: Այնտեղ ինձ սպասում էին երկու գեներալներ: Նրանք ներկայացան. գեներալ-լեյտենանտ Իշուտին և գեներալ-լեյտենանտ Ռոդիոնով, մեկը՝ ԽՍՀՄ դատախազությունից, մյուսը՝ ՊԱԿ-ից: Ասացին, որ հասկանում են իմ վիճակը, բայց ստիպված են մի քանի հարց տալ: Դրա համար էլ Մոսկվայից եկել հասել են այստեղ: Նրանց անհրաժեշտ էր բացահայտել, թե ով եմ ես իրականում: Ծառայո՞ւմ եմ արդյոք ԿՀՎ-ում կամ «Մոսադում» և եթե այո, ապա ի՞նչ կոչում ունեմ: Ի՞նչ առաջադրանք պիտի կատարեմ: Եվ, վերջապես, պատրա՞ստ եմ արդյոք ազատվելու դեպքում համագործակցել պետանվտանգության կոմիտեի հետ (արժանապատիվ պարգևատրումը երաշխավորվում էր) և այս ամենը՝ միանգամայն լուրջ:

Ասել, թե ինձ ցնցեց այդ հարցերի ցինիզմը, անպատկառությունն ու անհույս բթությունը, կնշանակի ոչինչ չասել: Այդ ընթացքում ես արդեն հարմարվել էի իմ անատամ լնդերին, բերանիս վերքերը կամաց-կամաց լավանում էին, ու ես, երեխայի պես նորից սովորում էի խոսել: Առոգանությունս, իհարկե, այն չէր, բայց…

-Մի՞թե դուք կարծում եք, որ Ղարաբաղյան շարժումը թշնամական հետախուզությունների մեքենայություն է,- մոտավորապես այսպես սկսեցի:- Այն, ինչ ուզում ենք, ընդամենը Ադրբեջանի կազմից դուրս գալն է և Հայաստանին միանալը: Ուրիշ ոչինչ: Մենք ասելով նկատի ունեմ Ղարաբաղի ամբողջ հայությունը, առհասարակ՝ ամբողջ հայությունը: Չէ, Աստված վկա, ականջներիս չեմ հավատում: Ի՞նչ կապ ունեն այստեղ ԿՀՎ-ն, «Մոսադը» կամ ՊԱԿ-ը:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք բացատրում, որ Գերագույն խորհրդի պատգամավորներ Սոս Սարգսյանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը և ուրիշներ Մոսկվայում հացադուլ են անում, ու նրանց պահանջների մեջ նաև ձեր ազատումն է: Ակադեմիկոսը, ժողովրդական դերասանը ծանրակշիռ մարդիկ են: Անգամ ձեր կաթողիկոսն է սպասում պրեզիդենտ Գորբաչովի ընդունելությանը ու էլի նույն թեմայով:

Բանտում, տեսակցություններից զրկված, ես ոչ մի բանի մասին պատկերացում չունեի: Ապշեցի ու գերադասեցի լռել: Իսկ դադարից հետո ասացի, որ զրույցը շարունակելու իմաստ չեմ տեսնում: Հսկիչները նույն կերպ, ինչպես բերել էին, ինձ տարան խուց: Բայց… տրամադրությունս բարձրացավ:

Անցավ ևս մեկ սիրտ մաշող շաբաթ: Հաջորդ օրն առավոտյան խուց է մտնում մի ավագ սպա և հրամայում.

-Իրերով՝ դո՛ւրս արի, քեզ ազատ են արձակել:

Երկար սպասված այդ հրահանգը հնչեց երաժշտության պես: Բայց մի րոպե… այստեղ խնդիր կա: Ինձ բռնեցին, առանց սանկցիա ներկայացնելու կալանավորեցին, ծեծեցին՝ կիսամեռ արեցին, առանց դատ ու դատաստանի, բանտ նետեցին ու հիմա էլ բաց են թողնում առանց դատի՞ Ի՞նչ հանելուկ է սա:

Գուցե իրենք էլ են փոշմանել իրենց արածների համար, իսկ հիմա հրաման են ստացել…

Ա՜խ հրաման են ստացել…

-Ես մի պայման ունեմ. մինչև չխոստանաք, որ կկատարեք, ես այստեղից դուրս չեմ գա:

-Պայմա՞ն… դու ո՞վ ես, որ մեր առջև պայման դնես, ես քո մերը,- բղավեց սպան:

Ես պահանջեցի, որ ինձ տանեն Շուշի քաղաքի կենտրոն՝ Ղազանչեցոց եկեղեցի: Եթե, ասացի, մերժեք, երակներս կփրթեմ:

Նա նորից թունդ հայհոյեց:

-Չես ուզում՝ ոնց ուզում ես… կմնաս ու ամբղջ կյանքդ կփթես այստեղ:

Թքեց ու շրխկացրեց դուռը: Փականները զրնգացին:

Երկու օր հետո խուց մտավ նույն սպան.

-Իրերով՝ դո՛ւրս:

-Իսկ եկեղեցու հարցով ի՞նչ կասեք, ընկեր մայոր:

-Մի սադրիր ինձ, քո մերը: Ասացի՝ դո՛ւրս:

-Ու ի՞նչ, հարցնում եմ:

-Պինչ,- հայհոյեց նա:- Դե լավ: Կտանենք ԲՏՌ-ով, թե չէ ազերիները գլուխդ կպոկեն: Եկեղեցի՞ն ինչիդ է պետք:

-Աղոթել եմ ուզում:

-Ապուշ: Օրը ցերեկով մուսուլմանների աչքի առաջ մեն-մենակ գնում ես եկեղեցի՞: Խելքդ թռցրե՞լ ես: Ոտքի վրա կանգնել չես կարողանում: Տխմար: Իսկական գժանոցի ապրանք ես… Դե դո՛ւրս արի:

Հսկիչ Ֆեդյան մայորի թիկունքից աչքով արեց, իբր՝ ամեն ինչ կարգին է: Ես հավատացի նրան: Գրկեցի Նապոլեոնին, «Շնորհակալություն, եղբայր: Ես քեզ դուրս կքաշեմ այստեղից, համբերիր», շշնջացի ականջին: Բանտի դարպասի մոտ ինձ նստեցրին ԲՏՌ և մեր «հեծելախումբը»՝ մի քանի զրահամեքենաներով ու զինվորներով լի 4 «Ուրալով», պահակախմբի ուղեկցությամբ շարժվեց: Մոտ տասնհինգ րոպեից մեքենան կանգնեց: Դուռը բացվեց: Մենք կանգնած էինք եկեղեցու մուտքի մոտ: Դուրս եկա ԲՏՌ-ից ու լսում եմ Ղազանչեցոցը շրջապատած ադրբեջանցի ամբոխի գոռոցները. «Մա՛հ հայերին: Ղարաբաղը մե՛րն է»: Ինձ վրա շպրտեցին քարեր, երկաթի ու փայտի կտորներ: Զինվորները օդ կրակեցին, ամբոխի դեմ շղթա կազմեցին և իրենց վահաններով արահետ բացեցին: Ամբոխի միջից շներ բաց թողեցին: Հնչեցին մի քանի կրակոցներ, շներից մեկը տապալվեց, մյուսները փախան: Մտնելով եկեղեցի, ես պատրաստվում էի խաչակնքել, բայց շվարեցի: Վանքը դարձրել էին հասարակական զուգարան, անտանելի գարշահոտ էր փչում: Ինքս ինձ պարտադրելով՝ բարձրացա խորան, հանեցի պիջակս, մաքրեցի գետինը, ծնկի իջա: Ես աղոթքով դիմեցի Աստծուն: Պղծված եկեղեցուց մի քանի քայլ այն կողմ ինձ անարգում էին, անիծում էին, սպառնում էին: Իսկ ես, ձգտելով ձերբազատվել օդում լցված շուրջը թագավորող անբարյացակամությունից, Աստծուց գթություն էի հայցում նրանց համար, ովքեր օգնեցին ինձ ամենածանր օրերիս, նոր ուժեր պարգևեցին և աջակցեցին մեզ մեր պայքարում:

Մեկ րոպե անց զինվորները ուժով հեռացրին ինձ խորանից, խցկեցին ԲՏՌ-ի մեջ և տարան շառ ու փորձանքից հեռու: ԲՏՌ-ը ուղղություն վերցրեց դեպի Ստեփանակերտ և առանց կանգառի հասավ օդանավակայան: Ինձ ինքնաթիռ նստեցրին և ուղարկեցին Երևան, որպեսզի, ինչպես բացատրեցին ճանապարհին, այնտեղից էլ ուղարկեն Ռուսաստան, Սիբիր, ազատ բնակության: Քանի որ երևանյան իմ աջակիցների ջանքերով այդ տարօրինակ ծրագիրը այդպես էլ չիրականացավ, ես մինչև հիմա չգիտեմ՝ ով, որտեղ, երբ և ինչ հիմքով էր կայացրել նման դատավճիռ: Չեկիստների ծրագրին վիճակված չէր իրականանալ, քանի որ դրա մասին հայտնի էր դարձել Երևանի մեր շտաբին: Վազգեն Սարգսյանը տասնյակ ֆիդայիների հետ, «Էրեբունի» օդանավակայանում, ինքնաթիռի վայրէջքից հետո, շրջապատելով այն, մտան ներս, ավտոմատներն ուղղեցին ինձ ուղեկցող չեկիստների վրա, պառկեցրին դեմքով դեպի հատակը և, բռնելով իմ ձեռքից, դուրս բերեցին ինքնաթիռից:

-Որտե՞ղ պահենք նրան,- կիսաձայն հարցրեց Վազգենը Սերգեյին,- այնպես, որ դրանք չգտնեն,- նա գլխով ցույց տվեց շփոթահար կագեբեականներին:

-Աղվերանում,- շշնջաց Սերգեյը,- մի լավ պանսիոնատ կա: Տնօրենը մոտ ընկերս է: Արթուրն այնտեղ հուսալի ձեռքերում կլինի: Համ էլ նրան կբուժեն ու ոտքի կկանգնեցնեն:

-Վատ միտք չէ,- համաձայնեց Վազգենը, և Սերգեյը, որին ուղեկցում էին ֆիդայիները, տարավ ինձ «Ոսկե գետակ» պանսիոնատ:

Ես չգիտեի ուր են տանում ինձ: Ճանապարհին Սերգեյը ասաց, որ մենք գնում ենք իր ընկերոջ մոտ, որը Աղվերանում պանսիոնատ ունի՝ բժիշկներ, սոճու անտառ, իդեալական մաքուր օդ… Եվ նա պատմեց, թե ինչ է եղել իմ ձերբակալությունից հետո: Հավանաբար ինձ ձերբակալել են, նաև նրա համար, որ ձախողեն «Ամարասի» բացումը, որը մենք համարում էինք ազգային մասշտաբի հանդիսություն: Խորհրդակցությունից հետո «Ամարաս» միության վարչության անդամները և հյուրերը որոշել են չհետաձգել բացումը: Ընդհակառակը անել ամեն ինչ՝ ըստ վաղօրոք մշակած ծրագրի: Եվ հանդիսությունը կայացել է: Պարգև սրբազանը օծել է վերականգնված եկեղեցին, հընթացս՝ նաև բարեգործական միությունը, որը կրում է նրա անունը: Եվ աղոթել է ինձ համար, որ իմ կալանքը չձգձգվի, և ես շուտափույթ ազատ արձակվեմ:

«Ոսկե գետակ» պանսիոնատում ինձ շատ օգնեցին: Բայց քանի որ իմ ընկերները լրջորեն անհանգստացած էին և իմ գտնվելու վայրը պետք է գաղտնի մնար, պանսիոնատի տնօրենը տարբեր պատրվակներով դուրս գրեց բոլորին, ապա նոր սկսեցին իմ բուժումը:

Հե՞շտ է արդյոք մեկ-մեկուկես ամսում լիարժեք կյանք վերադարձնել մի մարդու, որը առանց չափազանցության հազիվ է կանգնում ոտքի վրա: Ես շատ շնորհակալ եմ բժիշկներին և ողջ անձնակազմին, հատկապես՝ Սերգեյին, որը համբերատար տարավ իմ նազուտուզը: Բայց Աղվերանում ես երկար չմնացի: Շատ թե քիչ ապաքինվելով՝ ես թռա Արցախ, որովհետև այնտեղ բացահայտորեն հասունանում էր պատերազմը: Ինչ վերաբերում է Շուշիի բերդին, իմ կենսագրության այդ դրվագը ես կհամարեի ավարտված: Բանտը, սակայն, հիշեցրեց իր մասին: Բանն այսպես եղավ. իմ ազատումից մեկ-մեկուկես տարի անց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նոր կազմավորված բանակը ազատագրեց Շուշին: Հանուն այդ մեծ հաղթանակի մենք շատ զրկանքներ կրեցինք: Վախենում եմ չափից դուրս պաթետիկ թվալ, բայց դա կանվանեմ երազանքի հաղթանակ: Դրան երկու պատճառ կա. Նախ՝ մենք միշտ երազել ենք, որ հայկական մշակույթի ու լուսավորության այդ կենտրոնը դարձյալ մերը դառնա: Եվ հետո պատերազմի ժամանակ, երազում էինք, որ դադարեցվեին Շուշիից Ստեփանակերտի հյուծիչ ու դաժան գնդակոծությունները, որոնք Ստեփանակերտը վերածում էին ավերակների: Դե, իսկ ռազմական տեսանկյունից Շուշին վերցնելը գործնականում անհնար էր: Գտնվելով բարձունքի վրա, քաղաքը զբաղեցնում է իշխող ստրատեգիական դիրք, վերահսկում է Ստեփանակերտ-Գորիս, այլ կերպ ասած՝ Ղարաբաղ-Հայաստան ճանապարհը:

Շուշին գտնվում է ծովի մակերևույթից 1368 մետր բարձրության վրա, ուղիղ Ստեփանակերտի գլխին: Ահա թե ինչպես է մամուլում գլուխ գովել ադրբեջանցի սպա Ազադ Քերիմովը. «Մեզնից ամեն մեկը կարող էր առավոտյան խումհարը գլխին արթնանալ, գիշերային հարբեցողությունից հետո, նստել «Գրադ» հրթիռային համակարգի ետևը և կրակել, կրակել, կրակել Ստեփանակերտի վրա առանց նշանակետի, սփռելով այնտեղ խուճապ ու մահ»:

Մայիսի 9-ի առավոտյան, Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ինձ ռացիայով կանչեց Պարգև սրբազանը և ժամը 10-ին հրավիրեց Ղազանչեցոց եկեղեցի, որտեղ ինքը քաղաքի ազատագրման և թշնամական բանակի նկատմամբ նշանակալի հաղթանակի պատվին պատարագ էր մատուցելու: Ինքս ինձ համար ավելացրի, որ դա հաղթանակ է նաև ադրբեջանական մարտիկների, ինչպես նաև սովետական կարգերի դեմ ու սահմանների, որ գծվել են «բաժանիր և տիրիր» սկզբունքով:

-Անպայման կգամ, սրբազան: Ես հոսպիտալում եմ, վիրակապ են դնում: Տես, առանց ինձ չսկսեք: Սա իմ անձնական տոնն է: Հիշո՞ւմ ես, քեզ պատմել եմ, թե ոնց էի այնտեղ աղոթում բանտից հետո:

-Բա ոնց, շատ լավ եմ հիշում:

-Ես հենց էս հաղթանակի համար էլ աղոթում էի:

Վիրակապից հետո Յուրի Հովհաննիսյանի հետ մեքենա նստեցի, ու քամու պես սլացանք Շուշի: Քաղաքի գրավմանը մենք չէինք մասնակցել, այդ ժամանակ մեր 26-րդ ճակատը կտրում էր ադրբեջանցիների ռեզերվի ճանապարհը, որը օգնության էր շտապում Շուշիի կայազորին: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, որին մկրտել էին Կոմանդոս, մեր առջև մի ուրիշ խնդիր էլ էր դրել. պաշտպանել Ստեփանակերտը, որի ուղղությամբ շարժվելով՝ հակառակորդը շատ կուզենար գրավել: Այդ կատաղի մարտերի ժամանակ ես և Յուրին վիրավորվել էինք:

Հազիվ էինք մտել եկեղեցի, հուզմունքից ոտքերս ծալվեցին: Ես կընկնեի, բայց Պարգև սրբազանը և Գրիգոր քահանան գրկեցին ինձ ու օգնեցին մոտենալ խորանին, որտեղ էլ ես նստեցի: Ո՜վ Աստված: Զգացմունքները, որ համակել էին ինձ, աննկարագրելի են: Ես երբեք այդպիսի ցնծություն չէի ապրել: Սրբազանի նշանով բոլորը հավաքվեցին խորանի մոտ, նա կարդաց «Հայր մերը», և արարողությունն սկսվեց: Պատարագը ձգվում էր արդեն կես ժամ, երբ հանկարծ եկեղեցու բակում կրակոցներ հնչեցին, որը տևեց մեկ կամ երկու րոպե: Այդ րոպեները մեզ հավերժություն թվացին՝ շատ անսպասելի էին այդ կրակոցները: Բոլորը դուրս թափվեցին, բացի սրբազանից, նրան օգնող եկեղեցականներից ու ինձնից: Զինվորների բառերից ու Կոմանդոսի բղավոցից, որ հրամայում էր չկրակել, ես հասկացա, որ ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել: Ինձ օգնեցին դուրս գալ եկեղեցուց: Բացված տեսարանը ապշեցրեց ինձ: Բայց ոչ միանգամից, այլ քիչ անց:

Եկեղեցու բակում զինվորները ձեռքերից բռնած քարշ էին տալիս մի ադրբեջանցի սպայի: Նա ինքնուրույն քայլել չէր կարող, երկու ոտքն էլ վիրավոր էին: Եկեղեցու մուտքի մոտ, մեզնից երկու քայլ հեռավորության վրա, նրանց էր սպասում Կոմանդոսը: Գերու հետ բռնել էին նաև նրա ընտանիքի անդամներին՝ կնոջը, մորը և վեց երեխաներին: Եկեղեցուց ոչ հեռու անավարտ մի շինություն կար՝ առանց պատուհանների ու դռների, որի նկուղում էլ գտել էին սպային: Նա չէր ուզեցել հանձնվել, կրակել էր: Մերոնք ծխաբեր նռնակ էին գցել: Երբ գերուն մոտ բերեցին, ես ակամա սուլեցի. «Մամա ջան»: Դա բանտապետ Հասանն էր, նա, որ հրամայել էր ինձ հանել խաչս: Եվ ահա նա, ոտքերը վիրավոր, թավալվում է իմ ոտքերի տակ, որ նույնպես վիրավոր էին: Այն եկեղեցու մոտ, ուր երազում էի հայտնվել ու որտեղ աղոթել էի մեր հաղթանակի համար:

Ես նստեցի Հասանի դեմ, հանեցի վերնաշապիկի տակից խաչը և ցույց տվեցի նրան:

-Ճանաչո՞ւմ ես:

Նա ինչ-որ բան մրթմրթաց ատամների արանքից կնոջն ու մորը, նրանք երեքով սողացին դեպի ինձ և փորձեցին լիզել կոշիկներս: Ես ետ հրեցի նրանց և հայացքով հարցրի Պարգև սրբազանին, թե ինչ անենք նրանց հետ:

-Դրա հետ գործ չունես,- ասաց սրբազանը:- եթե մերոնց ձեռքն է ընկել, ուրեմն Աստծո կամքն է: Կոմանդոսը կկարգադրի, և նրան կդատի ռազմական տրիբունալը: Իսկ ընտանիքը հարկավոր է ուղարկել ադրբեջանական կողմ:

Ես շշուկով հարցրի Հասանին, թե ինչպես է հասել այստեղ: Նա պատասխանեց, որ Շուշիի կռվում վիրավորվել է, չի կարողացել փախչել, իսկ իր ընկերներից և ծառայակիցներից ոչ մեկն իրեն չի օգնել, ընտանիքին էլ չեն վերցրել, թողել են բախտի քմահաճույքին:

-Իսկ գիտե՞ս ինչու քեզ չօգնեցին,- հարցրի ես:

-Հը՞,- նա հարցով պատասխանեց:

-Որովհետև դու շան որդի ես, ահա թե ինչու:

-Ճիշտ է, թանկագին:- Նա չէր էլ մտածում ինձ հակաճառել:- Աղաչում եմ՝ ընտանիքիս ձեռք չտաս:

-Մենք կանանց և երեխաների դեմ չենք կռվում:

Սրբազանը օգնեց ինձ մտնել եկեղեցի, խորանի մոտ նստեցրեց և շարունակեց պատարագը, իսկ ես, լսելով, արցունքն աչքերիս, ափիս մեջ պահել էի իմ բազմաչարչար կրծքի խաչը:

--

--