Խուճապից դեպի պայմանագիր

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
9 min readNov 28, 2019

26-րդ ճակատում ծայրահեղ ծանր իրավիճակ էր: Ստիպված էինք պաշտպանվել` նաև պահել դեպի Ղարաբաղի մայրաքաղաք տանող մուտքերը: Բայց ոչ թե ուղղակի պաշտպանվել, այլև հակառակորդին առավելագույն վնաս հասցնել: Միայն այդ դեպքում հնարավորություն կստեղծվեր հարված հասցնել և ազատագրել Շուշին: Չնայած Շուշիի գրավումը ռազմավարական ծրագիր էր, հեռավոր հեռանկար: Հակառակորդը ամեն գնով ձգտում էր ճեղքել պաշտպանությունը և հայտնվել Ստեփանակերտում: Թե առաջնագծում, թե թիկունքում բացարձակապես բոլորը հասկանում էին, թե ինչ է դա նշանակում: Եթե թշնամուն հաջողվեր գրավել Ստեփանակերտը, ամեն ինչ կավարտվեր: Մենք տանուլ կտայինք պատերազմը, դրա հետ էլ՝ ամբողջ Ղարաբաղը: Կրկնում եմ՝ բացարձակապես բոլորը դա գիտակցում էին և կենաց ու մահվան կռիվ էին տալիս: Իրադարձությունները դասավորվել էին հենց այդպես. կամ հաղթանակ, կամ մահ: Տառացիորեն նահանջելու տեղ չկար, դա սարսափելի էր. հանգուցալուծմանը սպասումն էին բոլորը՝ ներառյալ նրանք, ում համար կռվում էինք:

Պատերազմից հետո մայրս մի օր ինձ ասաց. «Այն տարիներին ինձ սպանում էր այն, որ իմ չորս որդիներն էլ ճակատում են»: Ճակատը երեք-չորս կիլոմետրի վրա էր, մեր տանը շատ մոտ: Եվ երբ ասում են, թե Ղարաբաղում հայերը կռվում էին իրենց ընտանիքների, տների համար, դա բառացիորեն պետք է հասկանալ: Հաճախ առաջնագծից մենք մի քանի րոպեով մտնում էինք տուն, քանի որ տնեցիները իրենց տեղը չէին գտնում, եթե մեզ չէին տեսնում: Պատահում էր` կանայք կիսամեռ թափառում էին փողոցներում, ականջ էին դնում: Ինչ-որ մեկի զոհվելու կամ վիրավորվելու մասին լուրը կարող էր նաև սպանել կամ վիրավորել դժբախտ մորը: Ավտոմատային և գնդացրային հրաձգությունը, արկերի և նռնակների պայթյունը լսվում էր հստակ, կարծես մարտը ընթանում էր հարևան փողոցում: Տնեցիները պարզորոշ տարբերում էին, թե ով է կրակում` մենք, թե թուրքերը. հարավից`մերոնք էին, հյուսիսից` թուրքերը: Ի դեպ, արկերը երբեմն հասնում էին մեր տներին, մի անգամ էլ մեր բակում մի արկ ընկավ:

Ամենօրյա այդ դժոխքը չի կարելի կյանք կոչել: Ես ձևացնում էի, թե սարսափելի ոչինչ տեղի չի ունենում և ամեն ինչ թաքցնում էի մորիցս: Խղճալով նրան` երբեք չեմ ասել, որ վիրավորվել եմ: Պատահում էր, երեկոյան գալիս էի, և մինչ մայրս տաքացնում և մատուցում էր ընթրիքը, ոտքիցս բեկոր էի հանում, իսկ քույրս` Ադելան, օգնում էր վիրակապել վերքս: Ճիշտն ասած ես մինչև պատերազմն էլ էի ինձ այդպես պահում: Մշտապես ինչ-որ ճամպրուկներ, պարկեր էի տուն բերում: Ծնողներիս չէի ասում, թե ինչ է դրանց մեջ, նրանք միայն հետո էին իմանում, որ այնտեղ զենք և զինամթերք էր: Մի անգամ մայրս հանկարծակի հարցրեց. «Ի՞նչ կա մեջը», իսկ ես. «Հեչ, փամփուշտներ են»: Իմ հետևից ընկած էին միլիցիան և ՊԱԿ-ը, չէին թողնում շնչեի և երբ ես գնում էի, ծնողներս եղբորս` Ալիկի հետ (նրանք հո միամիտ չէին, գլխի էին ընկնում) փոս էին փորում այգում, թաղում էին ճամպրուկները, վրան փայտ էին լցնում կամ ծածկում ինչ-որ կույտով: Քողարկում էին իմ զինանոցը: Պատահում էր` անսպասելի վերադառնում էի, ճամպրուկները չէի գտնում ձեղնահարկում և բղավում էի. «Առանց իմ թույլատրության ձեռք մի տվեք իմ իրերին»: Ինչ-որ ժամանակ անց ամբողջ այգին փորած էր և այստեղ-այնտեղ թաղված էին իմ ճամպրուկներն ու պարկերը: Գործը հասավ նաև ջրատար խողովակներին, կտուրին, վառարանի ծխնելույզին: Հատակի սալիկների տակ ևս թաքստոց էր: 88-ը և 89-ը, մեր ընտանիքի համար իսկական մղձավանջ էին: Ծնողներիս անձնազոհաբար օգնում էին ինձ, իսկ ես մտածում էի, որ այդպես էլ պետք է լինի: Մի անգամ ինձ բռնեցին և պահակախմբով տուն բերեցին: Ռուս զինվորներ էին: Խուզարկություն էր լինելու: Մերոնք փոքր երեխաներին վերցրել ու փախել էին անտառ, որ իրենց էլ հարցուփորձ չանեն: Տանը մնացել էր միայն հայրս, նա հաշմանդամ էր, մենք նրա համար անհանգիստ չէինք: Վստահ էինք նաև, որ որդիների թիկունքին սարի պես կանգնած է: Զինվորները ոչինչ չգտան, ամեն ինչ խնամքով թաքցրած էր: Մերոնք անտառում մեկ-երկու ժամ սպասելուց հետո, հարևանների միջոցով իմացել էին, որ զինվորները գնացել են ու վերադարձել էին տուն: Հաջորդ օրն ինձ էլ բաց թողեցին: Ես մոտեցա մորս, համբուրեցի ճակատն ու ասացի.

-Մամ, մի վախեցիր, ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի հասկացիր, այդպես է պետք: Երկիրը շուտով փուլ կգա, ադրբեջանցիները հարձակվելու են մեզ վրա: Որպեսզի նրանց դիմակայենք, մենք պետք է պատրաստ լինենք, չէ՞: Ու մի բան էլ, ես մենակ չեմ, ինձ նման հարյուրները կան, նրանց էլ է մայր ծնել: Այնպես որ դիմացեք, դուք մեզ ուժեղ եք պետք:

Հեշտ է ասել՝ մի վախեցիր: Մայրը հո քարից չէ:

Առհասարակ, ես երբեմն տանեցիների հետ վարվում էի ինչպես ենթակաների, զինվորների հետ: Մի անգամ եկա, հրամայեցի հորս` ճաշին հավաքել շրջանի բոլոր տղամարդկանց: Ասացի, և այդպես եղավ: Հայրս գնաց ժողովրդին հավաքելու: Ժամը երեքին ես վերադարձա: Ասացի, որ ճակատում ամեն ինչ չէ, որ հարթ է, իսկ այնտեղ կռվում են ձեր տղաները, այնպես որ հայտարարում եմ համընդհանուր զորահավաք: Ներկայանալը պարտադիր է: Ձեր խնդիրն է խրամատներ և բլինդաժներ փորել, կահավորել ճաշարանը, դաշտային հոսպիտալն ու շտաբի տնակը: Ձեր շինանյութը անտառի ծառերն են: Մեխեր ու պարաններ տնից կբերեք: Սնվելու եք ձեր հաշվին: Ոչ մի խմիչք: Որիդ բռնեցի, մինչև պատերազմի ավարտը կպահեմ կողքս: Ձեզ մեկ շաբաթ ժամանակ:

Հարևան Նելսոնին նշանակեցի բրիգադիր, հորս` նրան օգնական: Մեր գրեթե բոլոր հարևանները շինարարներ էին, միշտ աշխատել էին պետական շինարարական բաժանմունքներում, մեծ փողեր ստանալով Աղդամում, Աղջաբեդում, Եվլախում, Բարդայում տներ էին սարքել ադրբեջանցիների համար: Ինչ-ինչ, բայց աշխատանքից նրանք չէին վախենում: Հակառակը, նրանք հնարավորություն ստացան օգնել սեփական որդիներին, մասնակցել համընդհանուր հաղթանակին և գիտակցել, որ իրենք էլ պետք են ճակատին: Կարճ ասած, երկու օր անց, ինչ որ հրահանգել էի, կատարվել էր: Անկեղծ ասած, ես զարմացել էի, շնորհակալություն հայտնեցի և խնդրեցի. «Անհրաժեշտ է, որ ամեն օր երեսուն հոգի փոխարինեն իրար, ինչպես մարտական հերթապահության ժամանակ: Պետք է փայտ կոտրել, ճաշ եփել, դագաղներ սարքել, առաջնագծից դուրս բերել զոհվածներին և վիրավորներին, զինամթերք մատակարարել»: Մի խոսքով, ես հարկադրված էի քաղաքացիականներից ստեղծել թիկունքային ծառայություն, և նրանք ուրախությամբ լծվեցին իրենց որդիներին օգնելու գործին: Մի անգամ ես քսան տակառ բենզին բերեցի: Գիշեր էր: Ասացի հիմա էլ մենք ենք գնդակոծելու Շուշին այնպես, ինչպես ադրբեջանցիներն են ռմբակոծում մեզ Գրադներից:

-Տանից պետք է դուրս գալ,-ասում եմ,- և ինչ-որ տեղ սպասել, մինչև ռմբակոծությունն ավարտվի: Եթե արկը դիպչի մեր տանը, ամբողջ փողոցը հօդս կցնդի:

Ինչ պետք է անեի ես. ոսկու արժեք ունեցող այդ բենզինը դժվարությամբ ճարել էի ճակատի համար, և տեղափոխել այն դեռևս անհնար էր: Ասացի, որ բենզինի ետևից կգամ վաղը չէ մյուս օրը և գնացի:

Ծնողներս գունատվեցին, բայց հրամանը հրաման է: Նրանք արագորեն տեղեկացրին հարևաններին, և բոլորը ցրվեցին ինչ-որ տեղ: Երկու ժամ անց մերոնք սկսեցին ռմբակոծել Շուշին, թշնամին` Ստեփանակերտը: Մեզ Աստված էր պահպանում, միայն պատուհանները փշրվեցին, բեկորներն անցել էին դարպասի միջով: Հաջորդ օրը մենք իմացանք, որ մերոնք ազատագրել են Շուշին, դուրս են մղել ադրբեջանցիներին: Դա անմոռանալի օր էր, առաջին մեծ հաղթանակը: Մայրս փորձում էր տեղեկություններ ստանալ որդիների մասին, բայց իզուր: Ամեն ինչ գաղտնի էր պահվում: Ո՞վ է զոհվել, ո՞վ է վիրավոր: Մեկ ժամ անց, երբ լուրը տարածվեց քաղաքում, հարևանները հավաքվեցին մեր տան մոտ, որ ինչ որ բան իմանան: Բայց մայրս էլ ոչինչ չգիտեր: Եվ այդտեղ իսկական խուճապ սկսվեց: Հարևանները կարծում էին, թե նա իրենցից ինչ-որ բան է թաքցնում: Բայց կեսօրին բոլորն ամեն ինչ իմացան: Մեր բոլոր հարևանները, մենք էլ եղբայրներով ողջ էինք և անվնաս:

Քաղաքը ճակատի հենց կողքն էր՝ ընդամենը երեք կիլոմետրի վրա: Մեր տունը, ուր ապրում էին ծնողներս, քաղաքի ամենածայրին էր: Մեր կողքից էլ այլ կամավորական ջոկատների ուրիշ մարտիկների տներն էին: Ուրեմն պիտի կռվեինք մինչև մահ: Գիշերները, երբ քաղաքը խաղաղվում էր, մեզ այցելում էին ծնողները, տեղեկանում էին ինչ վիճակ է, ով է ողջ, ով է զոհվել, բերում էին մաքուր սպիտակեղեն և գուլպա: Ինչ-որ սնունդ էին բերում, ինչ-որ բան էլ տեղում էին պատրաստում:

Չգիտեմ ինչպես ավելի հստակ բացատրեմ: Կռվում էին կին թե տղամարդ, կռվում էին Ղարաբաղի բոլոր ընտանիքները, բոլոր կլանները, դրա համար էլ այդ պատերազմը կոչում են համաժողովրդական: Իհարկե, համաժողովրդական կարգավիճակը ավելի ընդգրկուն է, քան ուղղակի ղարաբաղյանը: Մեր թիկունքում կանգնած էր ամբողջ Հայաստանը և ամբողջ հայությունը: Ղարաբաղցիների հետ կողք կողքի կռվում էին կամավորականներ Հայաստանից, խորհրդային տարբեր հանրապետություններից և տարբեր երկրներից, նրանցից շատերը առաջին անգամ եկել էին իրենց նախնիների հողը: Ինչ որ իմաստով ղարաբաղյան պատերազմը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենամաքուր և նույնիսկ սուրբ ժամանակահատվածը: Այդ տարիներին բոլորը, ով որ իրեն հայ էր համարում, մի շնչառություն ունեին: Ինչ վերաբերվում է Ստեփանակերտին և կոնկրետ մեր ճակատին, ապա այդտեղ իսկապես բոլորի սրտերը միանման էին բաբախում, ու բոլորը պապանձվում էին, երբ արկ էր թռչում կամ ինքնաթիռից ռումբ էր արձակվում, և միասին փորձում էին հասկանալ, թե որտեղ է տեղի ունեցել պայթյունը` որ փողոցի որ տանն է դժբախտությունը պատուհասել:

Զինվորական կյանքի չորս տարիները (ստեփանակերտցիների համար դա նկուղներում անցկացրած տարիներ էին) բարեկամացրին Ղարաբաղի ժողովրդին: Երբեմն ինձ լրջորեն թվում է, թե բոլոր հարյուր հիսուն հազար արցախցիները դեմքով ճանաչում էին մեկը մյուսին, գիտեին յուրաքանչյուրի ճակատագիրն ու գաղտնիքները, նույնիսկ թե ինչպես էր դասավորվել նրանց երեխաների բախտը: Այդ չորս տարիներին արձանագրվում էր ոչ թե մեր ժողովրդի պատմությունը, այլ մարտական ուղին: Պատմությունը գրում են հետո, իսկ մինչ այդ բոլորս միասին և յուրաքանչյուրս առանձին, ահել, թե ջահել, բոլոր ղարաբաղցիները կարող են աշխարհին ներկայացնել իրենց մարտական ճանապարհը:

Բոլոր թաղումների ժամանակ, իսկ այդ տարիներին թաղումները մեր քաղաքում անվերջանալի էին, նվագում էր ջութակահար Բորյան` արդեն վաթսունն անց, ցածրահասակ մի մարդ: մինչ պատերազմը Բորյան դասավանդում էր երաժշտական ուսումնարանում, անցկացնում նաև մասնավոր պարապմունքներ: Ինձ նա մի քանի հիշարժան դաս էր տվել: Բորյան համընդհանուր հարգանք էր վայելում, նրա կյանքի համար դողում էին հրամանատարները, չցանկանալով մեղք վերցնել խղճի վրա` ոչ ոք նրան չէր հաշվառում իր ջոկատի մեջ: Ի պատասխան այդ ժամանակ Բորյան վերցրեց ջութակն ու տեղափոխվեց գերեզմանոց: Նա այնտեղ համարյա ապրում էր: Տուն էր գնում միայն գիշերը, որովհետև գիշերվա լուռ ժամերին ոչ մեկին չէին թաղում, իսկ առավոտյան վեցին զբաղեցնում էր իր սովորական տեղը:

-Ջութակը, Արթուր ջան, իմ ավտոմատն է,-ասում էր նա,- գիտե՞ս ինչով եմ զբաղված: Մեր զոհված ընկերների համբարձման ճանապարհը մաքրում եմ սատանաներից: Ուրիշ ո՞նց օգուտ բերեմ մեր հերոս ժողովրդին:

Շուշին տեղակայված էր բարձունքին, Ստեփանակերտը փռված էր նրա տակ, ինչպես բռի մեջ: Հենց սկսեցին այն գնդակոծել, իսկ ավելի ստույգ Ալազանից և Գրադից դիմահար կրակել, քաղաքը վերածվեց ավերակների, բայց զարմանալին այն է, որ ստեփանակերտցիները խուճապի չէին մատնվում, խուճապ այստեղ ընդհանրապես չկար: Չգիտես ինչու` որևէ մեկը չէր կասկածում, որ այդ ծանր զրկանքները ժամանակավոր են, և մենք շուտով կազատագրենք Ղարաբաղը դրբեջանցիներից: «Մենքը» ստեփանակերտցիների շուրթերով չէր ենթադրում միայն կամավորական ջոկատների մարտիկներին, իսկ ավելի ուշ` պաշտպանության բանակին: «Մենք» ասելով բոլոր ղարաբաղցիները նկատի ունեին հույսը, որի անունն էր Հաղթանակ: Այդ վստահությունն էր ներշնչում հերոսությունն ու դիմացկունությունը, համախմբվածությունը ու միասնականությունը: Այս օրինակը շատ կարևոր է: Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունից, բանակային հրամանատարներից ոչ ոք կրակի բերանից չհեռացրեց երեխաներին կամ ծնողներին, Հայաստան, Ռուսաստան կամ որևէ այլ տեղ, որտեղ ավելի հանգիստ էր և չէին կրակում ու ռմբակոծում:

Իսկ ահա ճակատում երբեմն առաջանում էին խուճապային տրամադրություններ: Չցանկանալով վիրավորել կամ նսեմացնել որևէ մեկին`ուզում եմ հանուն արդարության ճշտել` այո, պատահում էր, որ մարդիկ չէին դիմանում մշտական լարվածությանը, ռիսկին և ամեն րոպե մահանալու վտանգին, բայց անձամբ ես նրանց շարքերում չեմ հիշում որևէ ղարաբաղցու: Երբեմն վախի բռնկումներ էին լինում միայն նրանց շարքերում, ովքեր կամավոր եկել էին մեզ օգնելու: Մի անգամ իմ աչքիս առաջ մարտիկների մի խումբ փախավ առաջնագծից: Մի քանի տղաներ վերցնելով 7-րդ վաշտից, ես փակեցի նրանց ճանապարհը: Օդ էի կրակում և վախեցնում. «Չկանգնեք՝ կկրակեմ»: «Մենք վախենում ենք,- գոռում էին ի պատասխան,- մեզ բոլորիս այստեղ կսպանեն, մենք տուն ենք գնում»: Մի կերպ կասեցնելով այդ խուճապը, ես հանդարտեցրի նրանց և խոստացա, որ այլևս չեմ տանի մարտի. «Միայն պահակային ծառայություն կիրականացնեք, որպեսզի տեղի տղաները կարողանան մի փոքր հանգստանալ»:

Այդ տղաներին համակած վախը ավելի քան արդարացված էր: Ադրբեջանցիները մեզ հանգիստ չէին տալիս: Շուրջը անդադար պայթում էին օդուժի արկերը, երկնքից ռումբեր էին թափվում: Ձեզ դրեք կրակոցներ չլսած նորեկների տեղը: Բոլորը մեծամասամբ քաղաքացիական մասնագիտություններ ունեին, նույնիսկ բանակում ոչ բոլորն էին ծառայել: Հայաստանից ղարաբաղցիներին ինքնակամ օգնության գալով՝ նրանք չէին էլ պատկերացնում, որ կհայտնվեին այդպիսի մսաղացում: Հիշում եմ` ծանր մարտերից մեկում վայրկյանների ընթացքում բոլորի աչքի առջև պոկվեց մեր մարտիկներից մեկի ձեռքը, մյուսի ոտքը, երրորդի գլուխը: Պատկերացնու՞մ եք ինչ թափի հոգեբանական հարված հասցրեց այդ տեսարանը նրանց, ովքեր կարծես թե չէին տուժել: Ի՞նչ երկաթյա կամք էր պետք՝ հաղթահարելու սարսափելի պատկերը, չէ՞ որ, եթե նույնիսկ մարդը թեժ մարտի ընթացքում չէր արձագանքում սոսկալի տեսարանին, միևնույն է, դա մեխվում էր նրա գիտակցության մեջ:

Իմ երևանցի ընկեր կինոօպերատոր Շավարշ Վարդանյանը բազմաթիվ անգամ մարտերի տեսարաններ է նկարել: Պատերազմի սկզբից նրա մոտ հավանաբար հարյուրավոր մետրեր ժապավեն էր հավաքվել, փաստացի` ռազմական պատրաստի արխիվ: Ես նրան զգուշացրել էի, որ եթե խուճապ տեսնի և որևէ մեկը փորձի սարսափահար թողնել զենքն ու փախչել առաջնագծից, նկարել պետք չէ: Բայց մի անգամ ես նրան բռնացրի ամոթալի տեսարան նկարահանելիս:

-Ինչի՞ ես նկարում,- ասում եմ,- նախ, դա ստվեր է գցում ողջ բանակի վրա և եզակի դեպք է: Երկրորդը, մարդու թուլության մի պահ է, իսկ քո ժապավենը խայտառակություն է նրա ամբողջ կյանքի համար:

-Ոչ,- հակառակվում էր Շավարշը,- ես գիտեմ, հենց վերադառնանք Երևան, այդ տիպերն են կուրծք ծեծելու, թե իբր հերոս են: Ես էլ իրենց ցույց կտամ փաստագրական նկարահանումը, որ նրանց լեզուն կարճացնեմ:

Եվ այնուամենայնիվ, Շավարշն ինձ չհամոզեց: Ես արգելեցի նրան ցուցադրել այդ ժապավենը: Վերջիվերջո, նրանց զինվորականներ չեն, հնարավոր է, չեն հաշվարկել իրենց հոգեկան ուժերը, բայց ինքնակամ, բարի կամքով գնացել են պատերազմ, ոչ ոք նրանց չի ստիպել, չի պարտավորեցրել: Իսկ վախը մարդու բնական արձագանք է: Հավանական է, որ մեկ րոպե անց նա հաղթահարի այն, հանգստանա, հավաքի իրեն և վերադառնա իր դիրքերը:

Չգիտեմ՝ ինչպես վարվեց Շավարշն իր արխիվի հետ: Առաջնագծում ես իրավունք ունեի նրան հրամայել, խաղաղ կյանքում նա ինձ չի ենթարկվում, բայց ես իմ կարծիքը չեմ փոխել:

--

--