Հրդեհ

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
7 min readDec 3, 2019

Մեր տունը Կրկժանի շրջանում էր, ես սովորում էի Ստեփանակերտի համար 8 միջնակարգ դպրոցում: Ամեն անգամ, դասերից վերադառնալիս, ես անցնում էի այգու միջով, որը ժողովուրդը անվանում էր «Յոլկի պալկի»: 1967 թվականն էր: Ես երրորդ դասարանում էի: Ու մի օր պատահաբար մասնակից դարձա մի տեսարանի, որը տառացիորեն տակնուվրա արեց իմ մանկական հոգին և ստիպեց կյանքում առաջին անգամ մտորել աշխարհում տիրող անարդարությունների, ազգային արժանապատվության ու մարդու իրավունքների մասին: Հասկանալի է, որ այս բառերն այն ժամանակ չկային իմ բառապաշարում, ուղղակի չկարողանալով վերնագիր տալ մտքերիս, ես մտածում էի հենց դրանց մասին:

Եվ այսպես, իմ սովորական ճանապարհով տուն էի գալիս ու հանկարծ նկատեցի, որ այգում՝ ամառային կինոթատրոնի մոտ, ասեղ գցելու տեղ չկա: Պարզվեց, որ կինոթատրոնի բեմում ոստիկանության հսկողությամբ բաց դատ էր ընթանում, և մարդիկ ագահորեն կլանում էին իրենց հասնող յուրաքանչյուր բառը: Դատում էին մի փողատեր ադրբեջանցու: Իրադարձությունը շատ մեծ աղմուկ էր արել մեր կողմերում: Այդ ադրբեջանցին, որի անունը մինչև հիմա հիշում եմ՝ Արշադ, բռնաբարել էր մի հայ տղայի: Դա դեռ քիչ է՝ անարգելով տղային, նա սպանել էր նրան, կացնով անդամահատել: Եվ որ հեռու չգնար թաղել էր Շուշի-Ստեփանակերտ մայրուղու եզրին: Արշադին մեղավոր ճանաչեցին ու դատապարտեցին ութ, թե տասը տարվա բանտարկության: Երբ դատավորը հետաքրքրվեց սպանության շարժառիթով, Արշադը հարկ չհամարեց խորանալ հոգեբանական մանրուքների մեջ և լկտիաբար հայտարարեց. «Լավ եմ արել: Ադրբեջանը մեր երկիրն է, ես այստեղ տեր եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»: Հավաքված ժողովուրդը առանց այդ էլ եռում էր կատաղությունից, և Արշադի արհամարհական քմծիծաղը վերջին կաթիլն էր: Մարդիկ վրդովվեցին, լսվեցին բացականչություններ: Մեկ րոպեում կրքերը սաստիկ բորբոքվեցին: Մարդկային կերպարանքով այդ անասունի կինը բարձրաձայն խոստացավ՝ ում որ հարկն է տալ «մի պարկ ոսկի» և ազատել ամուսնուն: Ժողովուրդը, կարելի է ասել, շանթ ու կրակ էր արձակում, ու երբ հավաքվածների աչքի առաջ նրան խցկեցին մեքենայի մեջ, որ հեռու փախցնեն, ու, բացառված չէր՝ ազատ արձակեն, կատաղությունը ժայթքեց: Ամբոխը փակեց ճանապարհը, մեքենան շուռ տվեցին, բենզինը հոսեց, թափվեց գետնին: Այդ պահին ինչ-որ մեկը չրթացրեց լուցկին, և մեքենան բռնկվեց: Միլիցիան սկսեց օդ կրակել, փորձելով ցրել խառնաշփոթը: Ես հստակ տեսա թե՛ Արշադին մեքենայի մեջ խցկելը, թե՛ մեքենայի բռնկվելը: Աննկարագրելի իրարանցում սկսվեց, հրմշտոց, խուճապ, այստեղ-այնտեղ կրակոցներ էին, մարդիկ վազում էին ուր աչքները կտրեր: Ուղիղ իմ դիմաց հայտնվեցին մեր հարևանները՝ Հրանտ Սարգսյանը և Հովիկ Իշխանյանը: Բռնելով ձեռքս, Հրանտ քեռին և Հովիկ քեռին արագ դուրս բերեցին ինձ ամբոխի միջից ու հրամայեցին. «Շո՛ւտ թռիր տուն»:

Ես պուկ՝ փախա: Մինչև տուն մոտ մեկ կիլոմետր էր: Շնչակտուր տեղ հասա: Ցասումը, վայրագությունը և կրակոցները հարազատ ու խաղաղ քաղաքում, ուժեղ վախեցրել էին ինձ: Ես սկսեցի լաց լինել: Մայրս ջուր տվեց ու փորձեց հանգստացնել:

Դեպքից տաս րոպե անց ամբողջ քաղաքը իմացել էր կատարվածի մասին, ու թե փոքր, թե մեծ՝ բոլոր ստեփանակերտցիները վազեցին դեպի իրադարձությունների էպիկենտրոն: «Յոլկի-պալկին» մոլեգնում էր, սկսվեցին, ինչպես իրավաբաններն են որակում՝ զանգվածային անկարգությունները: Բանակային զորամասը, որ տեղակայված էր ամառային այգու ցանկապատին կից, անհապաղ գործի անցավ և մեկ-երկու ժամում հանդարտեցրեց հուզումը: Մեր փոքրիկ քաղաքը շունչը պահած լռեց…

Հաջորդ օրը սկսվեցին անկարգության մասնակիցների ու վկաների համատարած ձերբակալություններ: Հարցաքննություններն ամենուր էին: Հարցաքննում էին տառացիորեն յուրաքանչյուրին: ԽՍՀՄ ՊԱԿ-ի և խորհրդային վարչախմբի ամբողջ ուշադրությունը, իր ողջ հզորությամբ այդ օրերին կենտրոնացված էր Լեռնային Ղարաբաղի վրա, ուր տեղի էր ունեցել երևի թե ամենազանգվածային խռովությունը ազգային հողի վրա, խռովություն, որը ադրբեջանական իշխանությունների և կրեմլյան վերնախավի ապօրինությունների հետևանք էին: Անգամ ինձ՝ տասնամյա երեխայիս, մի քանի անգամ քարշ տվեցին ՊԱԿ: Կտրում էին դասերից, տանում ու խաչաձև հարցերով հարցախեղդ անում, թույլ չտալով ուշքի գալ: Պահանջում էին պատմել, թե ինչ և ում եմ տեսել, ով ինչ էր անում ու ասում: Ես միալար քրթմնջում էի՝ ոչինչ չգիտեմ, ոչ մեկին, ըստ էության, չեմ տեսել և վախեցել եմ վառվող մեքենայից, որի մեջ մարդ կար:

Ես չէի խաբում: Ես իսկապես վախեցել էի: Ավելին, ես սթրեսի մեջ էի: Երկար ժամանակ հիվանդ էի, նույնիսկ ընկա հիվանդանոց: Բայց միաժամանակ հպարտ էի, որ չտվեցի որևէ մեկի անունը, չմատնեցի քեռի Հրանտին ու քեռի Հովիկին: Թեև դա նրանց չօգնեց: Նրանց դատեցին ազգամիջյան թշնամանք հրահրելու համար ու ամեն մեկին կարծեմ տասնհինգ տարի տվեցին: Մեր մյուս հարևաններին էլ տարան: Մեր քաղաքի շատ բնակիչներ հայտնվեցին ճաղերի ետևում, այնպես որ հասակակիցներիցս շատերը, կարելի է ասել, մեծացան որբ: Այստեղ իրենց դերը խաղացին հայկական դարավոր բարքերը: Ընտանեկան և ազգակցական կապերը ղարաբաղցիների մեջ այն աստիճան են ամուր, որ բանտարկյալների մայրերն ու կանայք հաղթահարեցին իրենց վիճակված անտանելի դառնությունները և դաստիարակեցին իրենց զավակներին լիարժեք: Հայրերի հարկադրված բացակայությունը գրեթե չզգացվեց: Ղարաբաղի ժողովուրդը միշտ համախմբված է եղել, դժվար պահերին մարդիկ միմյանց օգնության են հասել և կիսել են մերձավորի հետ վերջին կտոր հացը: Միաժամանակ հպարտորեն կրել են հայ լինելու կոչումը, պաշտպանելով այն ադրբեջանցիներից՝ երեկվա քոչվորներից, որոնց խորհրդային իշխանության օրոք սկսեցին զանգվածաբար բնակեցնել բնիկ հայկական հողերում:

Իմ ծնողներին խիստ բարկացնում էր այն վիճակը, որի մեջ ինձ ներքաշել էին, նրանք բողոքում էին բոլոր ատյաններում՝ մի՞թե նորմալ է, որ տասնամյա երեխային անվերջ կանչում են հարցաքննությունների առանց որևէ հասկանալի պատճառի: Ոչ բացատրություն էր տրվում, ոչ էլ որևէ բան: Ավարտվեց նրանով, որ հայրս որոշեց ուղարկել ինձ Մոսկվա, իր ավագ քրոջ՝ Գալյայի մոտ: Ուրիշ ելք չկար: Ու թերևս խելամիտ էլք էր, բայց արդյունքում ես կտրվեցի իմ սովորական միջավայրից՝ հանկարծ հայտնվելով ինձ համար միանգամայն նոր իրականության մեջ՝ ուրիշ երկիր, ուրիշ քաղաք, ուրիշ ընտանիք…

Հորաքույր Գալյայի ընտանիքը ապրում էր Մոսկվայի մարզի Վոդնոյե քաղաքում: Նրա ամուսինը՝ Միշա Թովմասյանը, փոքր քաղաքում բավական հայտնի և հարգված մարդ էր, խորհրդային բանակի սպա: Ունեին երեք երեխա: Նրանց կյանքը վատ չէր դասավորվել, և ինձ այնտեղ ընդունեցին գրկաբաց: Մեծերը ոչ մի ջոկողություն չէին դնում իմ ու իրենց երեխաների՝ Վոլոդյայի, Յուրայի ու Ելենայի միջև: Նրանց տանիքի տակ ես ինձ հրաշալի էի զգում: Հրաշքի էր նման՝ ես արթնացել էի քնից ու հանկարծ հայտնագործել, որ իմ շուրջը ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Այլ կենցաղ, այլ բարքեր, այլ միջավայր, ի վերջո՝ շուրջս հնչող այլ լեզու — այս ամենը չէր կարող իր հետքը չթողնել իմ ձևավորման վրա: Ռուսաստանում անցկացրած ամիսները մեկընդմիշտ մնացին հիշողությանս մեջ՝ կատարյալ ճերմակ, առատ ձյուն, մի բան, որ երբեք չէի տեսել Ղարաբաղում, կեչու դյութիչ պուրակներ, ասֆալտապատ լուսավոր ճանապարհներ և հրաշալի, հարմարավետ դպրոց: Մի խոսքով, շուրջս տիրող բարեհաճ մթնոլորտը ամբողջովին բավարարում էր ինձ, բայց ժամանակի ընթացքում ես զգացի, որ դա գուցե և հրաշալի է, բայց խորթ է ինձ, և ընտելանալը դժվար է: Իզուր չէր, որ դպրոցում չկարողացա մտերմանալ ոչ մեկի հետ, ինձ մտերիմ ու վստահելի միայն հորաքրոջս երեխաներն էին, իսկ դպրոցում՝ ոչ ոք: Սկզբում՝ քանի որ լավ չէի տիրապետում ռուսաց լեզվին, ամաչում էի սխալներիս համար, իսկ երբ մոտավորապես կես տարի անց խոսակցական լեզվի հետ կապված ոչ մի խնդիր չունեի, ինձ կպցրին «սևամազ կովկասցի» մականունը: Դա օտարացրեց ինձ ամենքից՝ ոչ ոք ինձ դպրոցում այլ կերպ չէր ընկալում: Էլ ի՞նչ ընկերություն…

Վոդնոյեում ապրեցի մեկ տարի և ավարտելով չորրորդ դասարանը, արձակուրդներին եկա տուն: Եվ այստեղ ի հայտ եկավ անսպասելի, անգուշակելի փորձանքը. սովորելով ռուսերենը, ես գրեթե լրիվ մոռացել էի մայրենին: Հայերեն բառերը քամին քշել էր իմ գլխից, և ես ազատ կարողանում էի խոսել միայն ռուսերեն: Մայրս դրանից շատ տխրեց և հաճախ արցունքն աչքերին նախատում էր հորս, ասելով, թե միակ մեղավորը նա է: Որտե՞ղ է լսված, որ հարազատ զավակը, իր երեխան, իր կաթով սնվածը հացը դարձնի «խլեբ», ու տաք, սրտանց բարևը՝ «զդրաստվույ»: Այսուհետ իր զավակին չի ուղարկի օտարություն, երեխան կմնա Ստեփանակերտում, հայրական տանը, իր ընտանիքում, իր բակում, իր փողոցում:

Այդպես էլ եղավ: Հայրս նույնիսկ չփորձեց առարկել: Հինգերորդ դասարանից ես դարձյալ գնացի Ստեփանակերտի համար ութ ռուսական միջնակարգ դպրոց:

Դարձյալ ձգվեցին անհոգ, երջանիկ մանկության օրերը: Սակայն այդ անհոգ երջանկությունը երկար չտևեց: Վեցերորդ դասարանն ավարտելուց հետո Ալյոշա հորեղբայրս իր ընկերոջ՝ Շուշիքենդի կոլտնտեսության նախագահ Կոլյա հորեղբոր միջոցով ինձ ուղարկեց կոլտնտեսության այգիներում մարգերն ու պտղատու ծառերը ջրելու: Հորս ու մորս վաստակածը արդեն չէր բավարարում օրեցօր մեծացող երեխաների կարիքները: Թվում էր՝ գործը դժվար չէ… Իսկ հիմա պատկերացրեք ձեզ տասնչորսամյա տղայի դերում: Նա պիտի արթնանա արշալույսին, տասնհինգ կիլոմետր գնա մինչև այգիները, ջրի այգին ու մարգերը, կատարի բրիգադիրի առաջադրանքները ու հետ վերադառնա: Շատ դժվար էր: Բայց չեմ կարող չասել՝ ինձ ոգևորում էր, որ ծնողներս բարեխղճորեն ճանապարհում ու դիմավորում էին ինձ, գովում, անվանում փրկիչ ու իսկական տղամարդ: Այդքանից հետո ես գործի էի գնում առույգացած, սեփական արժանապատվության զգացումով՝ ոչինչ, որ փոքր եմ, բայց ես մեծերի չափ վաստակում եմ, օգնում ընտանիքիս: Իմ օգտակարության գիտակցումը ուժ էր հաղորդում ինձ, ձևավորում էր տղամարդկային ամուր բնավորություն: Եվ բացի այդ ես, հատկապես հասակակիցներիս շրջանում, ձեռք բերեցի հեղինակություն:

Իհարկե, աշխատում էի ոչ հավեսի համար: Սեպտեմբերի կեսերին կոլխոզը, հաշվարկելով իմ աշխատանքային օրերը, տվեց այն, ինչ ինձ հասնում էր, և շոշափելի գումար՝ որպես վարձատրություն: Դա իսկական տոն էր: Ամբողջ փողոցն էր պլշել, երբ երկու բեռնատար եկան մեր բակ՝ բեռնված մրգերով, բանջարեղենով, ցորենով, եգիպտացորենով, մեղրով, կարագով, մսամթերքով: Դրանից բացի՝ 800 ռուբլի աշխատավարձ: Դա նշանակում էր, որ այժմ մեր ընտանիքը կուշտ կապրի մինչև հաջորդ ամառ, անգամ կարող է հարազատներին օգնել: Այդպիսի հեռանկար էր սպասվում նաև իմ եղբայրներին՝ Ալիկին, Արամին ու Անաստասին: Հենց որ լրացավ նրանց տասնչորսը, ամռանը նրանց էլ ուղարկեցին կոլխոզի դաշտեր՝ աշխատելու և իրենց ներդրումը ունենալու ընտանեկան բյուջեում:

Այսպիսով, ասես ձեռքից ձեռք փոխանցելով էստաֆետը, մենք ամրապնդում էինք մեր ընտանիքը և կոփում մեր բնավորությունը: Հետադարձ հայացք նետելով իմ մանկությանը, ես հասկանում եմ, որ իմ բնավորությունը և կամքը ձևավորվել են հենց այն ծանր տարիներին: Իհարկե, դեռահասի համար հեշտ չէր աշխատել կոլխոզի բանջարանոցներում, կիզիչ արևի տակ: Ամեն անգամ, երբ ջուրը մի մարգից մյուսն էի փոխում, լարվածությունից մկաններիս ջլերն ուռչում էին: Երեկվա դեռ նուրբ մատներս ծածկվում էին կոշտուկներով, պետք էր բանեցնել բահը՝ թույլ չտալով, որ ջուրը հոսի մարգերի արանքով: Չեմ մոռանա, որ մինչև ոսկորներս թրջված ու մրսած՝ ընկուզենու տակ սպասում էի, թե երբ է անձրևը կտրվելու, որ շուտ վերսկսեի աշխատանքն ու տաքանայի: Հարցին, թե ինչու ենք ջրում բոստանը հեղեղից հետո, բրիգադիրը պատասխանում էր՝ մենք հո չենք գրում՝ հեղեղ է եղել, թե չի եղել, գրում ենք, թե ամբո՞ղջ օրն է չարչարվել Արթուրը, թե՞ կես: Սովետական կոլպոզնիկ գյուղացու տրամաբանություն…

Մանկությունից հիշողությանս մեջ դաջվել են մանթակը և ջընջըլախտեն: Ինչ է մանթա՞կը… Երկու ծայրը սրած տասը-տասնհինգ սանտիմետրանոց քառակողմ փայտիկ, որի ծայրերից մեկին խփում ես մեկ այլ՝ 60 սանտիմետրանոց կլոր փայտով, ու երբ փայտիկը բարձրանում է օդ՝ ուժեղ հարվածում ես: Ում փայտիկը հեռու է թռչում, նա էլ հաղթում է: Որոշ չափով հիշեցնում է ռուսական լապտան և ամերիկյան բեյսբոլը: Ես շատ էի սիրում այդ խաղը ու երբեք առիթը չէի կորցնում բակում խաղալ տղերքի հետ: Սիրում էի նաև ջընջըլախտեն, որ խաղում էինք գոտիով: Անկեղծ ասած, արդեն մոռացել եմ մանրամասները, բայց դա շատ տարածված էր ղարաբաղցի տղաների շրջանում:

--

--