Սպորտ և երաժշտություն

Artur Aleksanyan
Կյանքի Իրավունք
9 min readDec 3, 2019

Երբ լրացավ տասնվեցս, իսկ եղբորս՝ Ալիկի տասնչորսը, մեր կոլխոզային դարաշրջանը ավարտվեց: Ու առողջությունն ամրապնդելու համար, ինչը շատ ցանկալի էր, ես որոշեցի զբաղվել սպորտով: Մարզաձևի ընտրությանը նպաստեց պատահարը: Մի անգամ հայտնվեցի «Դինամո» մարզապալատում, որտեղ ներկա եղա իմ համադասարանցի և բարեկամ Կարեն Մկրտչյանի սուսերամարտի պարապմունքին: Սուսերամարտը հմայում էր մարզիկների արտաքին անսովոր տեսքով՝ սպիտակ հանդերձանքով ու դեմքը փակող դիմակով: Դե, իհարկե, նաև սուսերով, որը ժամանակակից հրացանակիրը մարտագորգի վրա խաչաձևում է մրցակցի սուսերի հետ: Իսկ հետո ամեն ինչ կախված է քո արագությունից, ճարպկությունից, մրցակցին քո տեմպն ու մարտ վարելու ոճը թելադրելու հմտությունից: Կարճ ասած, այս մարզաձևը իմ ճաշակով էր, ես որոշեցի լրջորեն զբաղվել դրանով և դրսևորել տաղանդս: Միանգամայն անսպասելիորեն իմ լավագույն ակնկալիքները շատ արագ պսակվեցին հաջողությամբ: Դա, իհարկե, ահագին զարմացրեց մարզիչիս, խմբակի ընկերներիս ու նախ և առաջ՝ ինձ: Հաջողությունները սպասել չտվեցին, և կարճ ժամանակում ես դարձա Լեռնային Ղարաբաղի պատանիների առաջնության երկրորդ մրցանակակիր:

Դրանից հետո մեր մարզային թիմը ուղարկեցին Ադրբեջանի մայրաքաղաք: Այստեղ՝ Բաքվում, Ադրբեջանի առաջնությունում մենք պիտի պաշտպանեինք հայկական ինքնավարության պատիվը: Հասկանալի է, որ պաշտոնական մակարդակով այդ մասին խոսք անգամ լինել չէր կարող: Հայերի ու ադրբեջանցիների առերևույթ չերեվացող հակամարտության մասին ոչ ոք ծպտուն անգամ չէր հանում: Ու երբ մարտագորգ կանչեցին մեր տղերքից մեկին, այդ մասին միտքն ակամա թևածեց օդում: Ինձ հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ: Հաջողությունը գլխապտույտ էր առաջացնում. էլի մեկ քայլ, էլի մի քիչ ջանք, և ես կդառնամ Ադրբեջանի չեմպիոն: Իմ մարզիչ Գարայանը ամեն կերպ քաջալերում էր ինձ, տրամադրում էր դժվար պայքարի, հուշում, թե ինչպես վարեմ մենամարտը: Նա հավատում էր ինձ, հնարավոր էր համարում, որ հաղթեմ, բայց պահանջում էր շրջահայաց լինել: Չէ որ ղարաբաղյան թիմի ներկայացուցչի այդ հաղթանակը հնարավորություն կլիներ ապացուցել Ադրբեջանին, որ հայերը սպորտում, մասնավորապես՝ սուսերամարտում ավելի ուժեղ են: Եվ ոչ միայն սպորտում: Այդ կարգի մրցակցություն — հակամարտություն ծագում էր յուրաքանչյուր քայլափոխի: Ազգային երանգավորումը զգացվում էր ամեն ինչում: Բաքուն կոչվում էր ինտերնացիոնալ քաղաք, նույնիսկ՝ ամենաինտերնացիոնալը, սակայն եթե հանկարծ ադրբեջանցու հետ մրցակցությունում հայը հաղթեր, դա հիվանդագին կընկալվեր: Այն ժամանակ ես չէի կարող ձևակերպել սա, բայց հոգու ամբողջ լարերով զգում էի, այսպես ասած՝ ենթագիտակցական մակարդակում: Ինձ համար մեծ պատիվ կլիներ հաղթել ադրբեջանցուն իր տանը, իր հանդիսատեսի աչքի առաջ:

Հաղթանակի կանխավայելումը, ցավոք, վերափոխվեց ողբերգության, քանի որ հազիվ էի դուրս եկել կիսաեզրափակիչ մարտին, երբ զգացի, որ մրցավարը ադրբեջանցի սուսերամարտիկի կողմն է և առանձնապես չի էլ ջանում թաքցնել դա: Նման բացահայտ ոչ մարզական մթնոլորտում մենամարտելը անհավանական դժվար է: Ու ոչ միայն մենամարտելը: Ինչ-որ պահի ես առաջ անցա ու հաղթում էի 4:2: Եվ այստեղ տեղի ունեցավ ճակատագրական իրադարձություն: Հերթական գրոհի ժամանակ ադրբեջանցին վիրավորեց ինձ: Ես սուր ցավ զգացի: Ինչպես հետո պարզեց մարզիչս, հակառակորդը սուսերի ծայրից հանել էր պաշտպանիչ գլխիկը: Կանոններով դա խստիվ արգելված էր: Սակայն կատարվածը բացահայտելու և կարգազանցին որակազրկելու, կամ թեկուզ միավորը վերախաղարկելու փոխարեն մրցավարը իմ վիրավոր լինելու պատճառով դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց մրցակցին: Մարզիչիս բողոքին ի պատասխան՝ հայտարարեցին, որ գլխիկը, իբր, ինքն իրեն է ընկել, դա հնարավոր է, քո սանի բախտը պարզապես չբերեց: Կողիս վերքը, իհարկե, մահացու չէր: Հիվանդանոցում այն մշակեցին, ցավազրկող ներարկում արեցին, վիրակապեցին ու տուն ուղարկեցին:

Հենց որ վերադարձա Ստեփանակերտ, վրդովված հայրս արգելեց ինձ զբաղվել սուսերամարտով: Ես առարկեցի, բայց նա ոչ մի առարկություն չէր ուզում լսել: Այդպես էլ ավարտվեց իմ մարզական կարիերան: Ես տասնվեց տարեկան էի: Չի կարելի ասել, թե ոչ տևական մարզումները կարգավորել էին առողջական վիճակս: Բայց և չի կարելի ասել, թե սուսերամարտով հրապուրվելս իզուր անցավ: Այն սրեց իմ ռեակցիան, լավացրեց աչքաչափս, զարգացրեց հարվածը կասեցնելու, հարձակումից պաշտպանվելու ընդունակությունս: Չեմ հիշում՝ գիտակցո՞ւմ էի ես դա այն ժամանակ. հազիվ թե, բայց այս ձեռքբերումները ինձ պետք եղան հետագայում, հատկապես պատերազմում: Այսպես թե այնպես՝ ես խաչ քաշեցի սպորտի վրա: Դա, ի դեպ, ոչ մի կերպ չազդեց ֆուտբոլի հետ իմ կապվածությանը: Ամեն պատեհ առիթով ես մեծ բավականությամբ մասնակցում էի բակային մրցումներին, և, ասում են, վատ դարպասապահ չէի:

Սուսերամարտի պարապմունքների ամենաթեժ շրջանում ես իմ ապագան կապում էի սպորտի հետ: Բայց սպորտը մեռավ, և ժամանակն էր հասկանալ, թե ինչ եմ ուզում դառնալ ու որն է իմ նախասիրությունը: Մեր տանը կար ազգային երաժշտական գործիք՝ դհոլ, երկկողմանի թմբուկ, որի երկու կողմերին ոչ միայն փայտիկներով են խփում՝ ընդ որում՝ տարբեր, մեկը հաստ, մյուսը բարակ, այլև մատներով ու ձեռքի ափերով: Հայրս երբեմն դհոլ էր խփում: Դա լինում էր, երբ որևէ առիթով հարևանները հավաքվում էին: Նա բերում էր իր գործիքը և վարժ նվագում էր հայկական մեղեդիները՝ բարձրացնելով ամբողջ փողոցի տրամադրությունը: Մեր տան մոտ բազմություն էր հավաքվում, ժողովուրդը ծափ էր տալիս ու երգում, պարում, մեկ-մեկ էլ պար բռնում փոշոտ, չասֆալտած փողոցում:

Ի դեպ, ուժեղ անձրևներին մեր փողոցով մեքենաները ոչ թե ընթանում էին, այլ ավելի շատ՝ լողում, քանի որ այստեղ ոչ ջրահեռացման համակարգ կար, ոչ մայթ, ոչ խիճ, ոչ ձյութ: Ճամփեզրերին մեկ-երկու օր հետո կռկռում էին գորտերը: Մի խոսքով, լավ անձրևից հետո մեր Հոբելյանական փողոցը վերածվում էր գրեթե վենետիկյան ջրանցքի, ուղղակի մեզ մոտ նավակներ չկային, և մեզ չհաջողվեց ջրերի վրայով քայլել Քրիստոսի պես…

Մեր ուրախ երեկոները հավերժ կմնան հիշողությանս մեջ: Առհասարակ ժողովուրդը դառնում է ժողովուրդ, երբ կենցաղային կարիքներից, համատեղ աշխատանքից և համատեղ պաշտպանությունից բացի ինչ-որ բան նրան համախմբում է: Յուրահատուկ, ինքնաբուխ արվեստը, որ գալիս է ներսից, հոգուց, ժողովրդական ընկալումների ընդերքից, միավորում է մարդկանց ավելի ամուր, քան գիտակցության թելադրած հրահանգը՝ միացե՛ք… Դհոլը վաղուց էր ինձ դուր գալիս, դեռ մանկուց հորս խնդրում էի ինձ սովորեցնել դհոլ խփել: Ճիշտը որ ասեմ՝ նա երկու-երեք ռիթմ էր նվագում ՝ 6/8 և 3/4, բայց այդքանը լիովին բավարար էր, որ յուրացնեի թե դհոլի, թե մեր ազգային ռիթմերի այբուբենը:

Մի խոսքով, դհոլ խփելու արվեստին ես տիրապետեցի որպես ինքնուս: Մի անգամ, կարծեմ ութերորդ դասարանում, ինձ կանչեց դասղեկս՝ Դարիկո Արտաշեսովնան, ասաց, որ դպրոցում ստեղծում են փողային նվագախումբ և երաժիշտներ են հավաքում: Տնօրենը, նրա ասելով, հրավիրում է բոլորին, ովքեր որևէ գործիք շատ թե քիչ նվագել գիտեն: Այդպես ես դարձա թմբկահար, սկզբում խփում էի մեծ, ապա և՝ փոքր թմբուկներ: Ավելի ուշ սովորեցի ծնծղաներ զարկել, և դա ինչ-որ չափով կանխորոշեց իմ ապագան:

Ի դժբախտություն ինձ՝ մեր քաղաքում ու նաև ամբողջ Ղարաբաղում, չկար պրոֆեսիոնալ թմբկահար, չկար մեկը, որից սովորեի, ու ես կամա-ակամա սկսեցի ինքնուրույն անել ամեն ինչ՝ լսել ձայնապնակներ, մագնիտոֆոնի ձայնագրություններ, ու, իհարկե, դիտել հեռուստատեսային համերգներ. էկրանի դեմ նստած՝ ոչ միայն լսում էի, այլև ուսումնասիրում թմբկահարի յուրաքանչյուր շարժում: Մի խոսքով, ես համառորեն ինքնակրթվում էի, սովորում երաժշտական այբուբենը: Ուզում էի դառնալ պրոֆեսիոնալ թմբկահար ու դարձա: Իհարկե, ոչ միանգամից: Հարկ եղավ, որ ինձ ճանաչեն անվանի երաժիշտները: Նրանք սկսեցին հրավիրել ինձ: Ես սկզբում նվագում էի գործարանային խմբերում, իսկ հետո՝ քաղաքային նվագախմբերում: Կողք կողքի նվագել եմ Ղարաբաղում հայտնի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք էին եղբայրներ Հենրիխ և Վլադիմիր Բարխուդարյանները, Գենա Ասծատուրովը, ավելի ուշ՝ Վլադիմիր Արզումանյանը: Ես նայում էի, թե ինչպես են աշխատում նրանք, նրանք հետևում էին ինձ, խորհուրդներ տալիս, ուղղում, քաջալերում: Նրանք դարձան իմ ուսուցիչները, ես՝ նրանց աշակերտը: Դա հիասքանչ դպրոց էր, որը տվեց իր պտուղները: Այն բանի շնորհիվ, որ երբեք չէի ամաչում սովորել, ես ձեռք բերեցի լավ երաժիշտի համբավ: Ցավոք, նրանցից ոչ ոք հիմա արդեն ողջ չէ, բայց ես մինչ օրս հիշում, հարգում ու սիրում եմ նրանց: Չի կարելի մոռանալ, թե որքան մեծ է նրանց լուման Ղարաբաղի ժամանակակից երաժշտական մշակույթի և, մասնավորապես, ջազային ու էստրադային երաժշտության զարգացման գործում: Այս ասպարեզում նրանք այնքան բան են արել, որ նրանց հիմնադրած դպրոցը այժմ էլ պտուղներ է տալիս: Ի դեպ, նրանք բոլորը մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, զենքը ձեռքներին պաշտպանել ու ազատագրել են Արցախը:

Այո, իմ ուսուցիչները հիմնադրել են Ղարաբաղում էստրադային ու ջազային երաժշտության դպրոցը, մեր մեջ ասած ինքս էլ եմ տքնել այդ անդաստանում:

Զգալով, որ լիարժեք տիրապետում եմ գործիս, ես համարձակվեցի պարապել աշակերտների հետ: Քաղաքային կուլտուրայի տանը բացեցի հարվածային գործիքների ստուդիա: Ինձ մոտ սովորեցին ու հմտացան մոտ երեսուն հոգի: Երեք տասնյակ աշակերտ՝ կարծես քիչ չէ:

…Քիչ-քիչ ես հանրահայտ էի դառնում: Ինձ վիճակվեց մասնակցել համամիութենական մրցույթների ու տարբեր փառատոնների: Համերգները անհամար էին: Դրանք իմ անունը հայտնի դարձրին ոչ միայն Արցախում, այլև նախ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի ու Վրաստանի, այնուհետև նաև՝ թերևս ամբողջ հսկա երկրի ջազի սիրահարներին: Արդեն 70-ականների վերջին, երբ նոր էր լրացել քսան տարեկանս, ես անուն էի ձեռք բերել իմ ասպարեզում և արժանապատիվ գումարներ էի վաստակում:

Բայց շատ հեռու գնացինք: Վերադառնանք իմ երաժշտական կարիերայի ակունքներին:

Կյանքում կատարվում են առաջին հայացքից ոչ էական իրադարձություններ, որոնք գալիս են աննկատ ու սուսուփուս, ու հետո պարզվում է, որ կտրուկ փոխում են արդեն հստակ երևացող ճանապարհը: Այդպես եղավ նաև ինձ հետ: Մի անգամ բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ հայտնվեցի մի համերգային ծրագրում, որը ճակատագրական եղավ իմ կյանքում: Ելույթ էր ունենում Ղարաբաղի էստրադային նվագախումբը կոմպոզիտոր Հենրիխ Բարխուդարյանի գլխավորությամբ: Ինձ բառացիորեն իր վարպետությամբ կախարդել էր թմբկահար Վիկտոր Տուգորևը, որը եկել էր Ռուսաստանից՝ Սարատով քաղաքից: Հենց այդ օրվանից ես որոշեցի դառնալ թմբկահար: Ռիթմը, տեմպը, բրեյքը, տակտը, զատակտը, սինկոպան, ֆորտեն, պիանոն, այս բոլոր, կարելի է ասել, խիստ մասնագիտական տերմինները հավելյալ իմաստ էին ստանում՝ կապված ոչ այնքան տեսության կամ այս ու այն գործիքը նվագելու տեխնիկայի, որքան իմ հոգու հետ: Ես երևակայում էի ինձ բեմում, հարվածային գործիքների մոտ: Ջազում թմբկահարը կարևորագույն դեմք է, երբեմն՝ դիրիժորին հավասար: Նրանից է կախված է ոչ միայն նվագախմբի, այլև դահլիճի տրամադրությունը: Հնարավոր է, որ բեմը իմ մեջ աստիճանաբար դաստիարակեց ապագա առաջնորդի հմտություններ, ռազմաճակատի հրամանատարի, քաղաքական-հասարակական և բարեգործական կազմակերպությունների ղեկավարի ունակություններ, որը ոչ պակաս դեր խաղաց Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարում: Հենց այստեղ էլ ամեն ինչ լրջացավ:

Ժամանակի ընթացքում ես այն աստիճան տիրապետեցի հարվածային գործիքներին, որ սկսեցի իմ ձեռքերով պատրաստել դրանք: Նախ փորձեցի դրանք ստեղծել ինձ համար, ուրիշ ոչ մի բանի մասին չմտածելով: Ու երբ հասկացա, որ հեչ էլ վատ չի ստացվում… Իզուր չեն ասում՝ ախորժակն ուտելիս է բացվում: Իսկ ինչու ոչ, մտածեցի ես ու տրամադրվեցի վաճառել: Առան: Փախցրին ձեռքիցս: Ընդհանրապես ես հաջողակ մարդ դուրս եկա: Իմ պատրաստած թմբուկները աննախադեպ պահանջարկ ունեցան: Ու ոչ միայն այն պատճառով, որ ես բախտավոր էի: Խանութներում հարվածային գործիքները շատ թանկ էին, բայց անորակ: Վաճառվող թմբուկներն ու մյուս գործիքները Ռիգայի արտադրանք էին: «Սովետական են՝ ուրեմն լավագույնն են»,- հեգնում էին բանիմացները: Բայց լավագույն ֆիրմաներինը, օրինակ՝ Premier, Tama և անգամ Amati, շատ թանկ էին, էլ չեմ ասում, որ չէին ճարվում: Հասկանալով, որ լավ որակի թմբուկներն անմատչելի են երաժիշտների համար, ես անցա գործի: Գնեցի դուրս գրված հարվածային գործիքներ, հանեցի դրանց վրայից օղակապերը, ամրակները և մեխանիկական դետալները, համալրեցի ծնծղաների և այսպես կոչված հայ-հեթերի՝ հատուկ տիպի ձողով ծնծղաների պատվանդանները: Ստեփանակերտի էլեկտրագործարանում մշակում էին դրանք դեղին կամ արծաթագույն նիկելի լուծույթով, տալով փայլ ու հենց նոր արտադրվածի թարմ տեսք: Նույն կերպ ես թարմացնում էի մեծ թմբուկի և հայ-հեթի ոտնակները: Ամենավերջում կես սանտիմետրանոց թափանցիկ պլեքսոգլասից (այդպես էր կոչվում օրգանական ապակին) պատրաստվում էին բոլոր չորս թմբուկները:

Այն ժամանակ թափանցիկ թմբուկները նորույթ էին, ու շուտով իմ «ARTUR» ապրանքանիշը հայտնի դարձավ ամբողջ Կովկասում, Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում և անգամ Լեհաստանում ու Բուլղարիայում: Լողասենյակում տաք ջրի տակ օրգանական ապակին դառնում էր թղթի նման, դրանով ես փաթաթում էի թմբուկների հին կորպուսները՝ մեծ, փոքր, ալտ, բաս,- և ստանում էի հարվածային գործիքների բոլորովին նոր հավաքածու: Հասցնելով իդեալական վիճակի, ես ամրացնում էի օղակներն ու թաղանթները, լարում էի ըստ կամերտոնի, և «ARTUR» հավաքածուն պատրաստ էր: Շաբաթվա մեջ հաջողվում էր այդպիսի երկու հավաքածու սարքել: Պահանջարկը ծագում էր անխափան, գործիքի տեսքը աննման էր, հնչողությունը՝ արտակարգ, քանի որ, նախ, ես սովոր չէի խաբեության, և երկրորդ՝ զգում էի գործիքը ներքուստ: Ի վերջո, համերգների և ուսումնական ստուդիայի բավականին շոշափելի վաստակին գումարվեց սեփական արտադրության հարվածային գործիքների վաճառքից գոյացած եկամուտը:

Ասում են՝ կյանքում պատահական ոչինչ չի լինում: Այդ ժամանակ մտքովս չէր էլ անցնի, որ երաժշտությամբ ու երաժշտական գործիքների արտադրությամբ աշխատած փողերը երբևէ կծախսվեն ինքնապաշտպանական ջոկատների համար զենք գնելու վրա:

Մի ոչ գեղեցիկ օր քաղաքում շշուկներ տարածվեցին, թե Ղարաբաղի էստրադային նվագախումբը կազմալուծվել է: Մեկ-երկու ժամ անց պարզվեց, որ դա ոչ ասեկոսե է, ոչ էլ բամբասանք: Նվագախմբի լուծարումը հիմնավորվում էր ֆանտաստիկ նորությամբ. նվագախմբի գեղարվեստական ղեկավար Հենրիխ Բարխուդարովը ձերբակալվել է: Ինչպե՞ս է ձերբակալվել, ինչո՞ւ: Ըստ մեղադրանքի՝ Բաքվի հյուրանոցներից մեկի հավաքարարին բռնաբարելու համար: Առը հա քեզ. ավելի խելոք բան չէին կարող հորինե՞լ: Հենրիխը բնածին հմայքի տեր, խելացի և բարեհոգի ժպիտով մարդ էր: Կարեկից էր ու բարի, բացի այդ, կանանց շրջանում անվերապահ հաջողություն էր վայելում: Եվ, վերջապես, աչքի էր ընկնում ընտանիքին մեծ կապվածությամբ ու միշտ իր հետ հյուրախաղերի էր տանում իր հմայիչ կնոջն ու հրաշալի որդուն՝ Իգորին:

Իրական շարժառիթը, բնականաբար, այլ էր: Եվ քաղաքում համառ շշուկներ էին շրջում, թե իբր պատճառն այն է, որ նվագախմբի երգացանկում միայն մեկ ադրբեջանական երգ կա: Ու դա քաղաքական լուրջ սխալ էր: Ղարաբաղյան ջազմենները կոպտորեն ոտնահարել էին ինտերնացիոնալիզմի սկզբունքը: Ծրագրում, որը հաստատել էր Ադրհամերգը, առկա էին ևս չորս ադրբեջանական երգեր, այլապես այդ երգացանկը ոչ ոք չէր հաստատի: Սակայն իրականում համերգներում հնչում էր ադրբեջանական մեկ երգից ոչ ավելի: Դա պարտադիր էր: Մնացած երգերը հայերեն էին, ընդ որում՝ ոչ միայն գրական լեզվով, այլև կոլորիտային ղարաբաղյան բարբառով, նաև՝ ռուսերեն, անգլերեն, հունարեն, ֆրանսերեն…

Գեղղեկի համառությունը կատաղեցրել էր Բաքվի չինովնիկներին ու դարձել նրան ճաղերի ետև թաքցնելու առիթ, իսկ նվագախումբը, որը հայտնի էր ամբողջ Խորհրդային Միությունում, առանց երկար մտածելու ցրելու պատրվակ: Այդպես անհետացավ Ղարաբաղում միակ պրոֆեսիոնալ էստրադային նվագախումբը: Դա տեղի ունեցավ 1972–73-ին, երբ ես տասնհինգ-տասնվեց տարեկան էի ու նոր-նոր դասեր էի առնում թմբկահար, Хрыч մականունով Վիկտոր Տուգորևի մոտ:

Վեց տարի անց Բարխուդարովը վերադարձավ: Այդ ժամանակ ես կայացած երաժիշտ էի: Գնացինք նրան դիմավորելու: Այդտեղ էլ ինձ համար պարզվեց կատարվածի իրական պատճառը: Բարխուդարովի խոսքով, ղարաբաղյան նվագախումբը իրոք կոշտուկներ է առաջացրել Բաքվի մշակութային հրահանգիչների աչքերին, ու նրանք ջանք չէին խնայել, որ լուծարեն այն: Ընդ որում, նվագախումբը նշանակալի հաջողությունների էր հասել թե էստրադային, թե ջազային ժանրերում և ճանաչում էր ձեռք բերել հենց որպես հայկական կոլեկտիվ, թեև պաշտոնական բոլոր հաշվետվություններում նշվում էր որպես ադրբեջանական: Ո՞ր հանրապետությունից եք: Ախ, Ադրբեջանի՞ց: Այդպես էլ կգրենք… Նվագախումբը արժանապատվորեն կրում էր իր ազգային պատկանելությունը, և հանրապետության ղեկավարությունը դրան վերաբերվում էր խանդով: Մենք չգիտենք արդյո՞ք Բաքվի կուլտուրայի հրահանգիչներն էին Մոսկվա հասցրել իրենց մտահոգությունները, թե այլ պատճառ կար: Միութենական կենտրոնը աշխատում էր չխառնվել ազգամիջյան հարաբերություններին, դա հանրապետական կենտկոմի մենաշնորհն էր: Պետական նվագախմբի փակումը սկանդալի չվերածվեց: Եկվոր երաժիշտները ցրվեցին տարբեր ուղղություններով, տեղացիները մնացին: Նրանց մեջ կային իրենց գործի իսկական վարպետներ: Չեմ կարող չնշել թեկուզ մի քանի անուն: Ինձ պատիվ է վիճակվել նրանց հետ ելույթներ ունենալ. Վլադիմիր Արզումանյան, Վլադիմիր և Լիլյա Օվչյաններ, Արթուր Գրիգորյան՝ Երևանից, Կիմ և Գարիկ Բարխուդարովներ, Գենադի Ասծատուրով, Գարիկ Բալայան, Կարեն Բալասանյան, Օլեժկա Փիրումյան, Միշա և Արտեմ Լալայաններ, ջութակահար Բորյա, շեփորահար Ալբերտ, կլարնետահար Մասեհ, հանրահայտ ելույթավար Կարեն Ավանեսյան, Կիմ Բալայան և ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյան… Բոլորին անհնար է հիշել ու թվարկել:

Հենրիխ Բարխուդարյանի սկսած գործը շարունակելու համար մենք որոշեցինք ստեղծել էստրադային նվագախումբ Ստեփանակերտի կուլտուրայի տանը կից: Ասածն արած էր: Նոր նվագախումբը արագորեն մեծ համբավ վայելեց Ղարաբաղում: Հայկական ժողովրդական ու դասական ստեղծագործություններից բացի մենք շատ էինք սիրում ջազ: Նվագում էին Ջորջ Գերշվինի, Բի Բի Քինգի, Չիկ Կորիայի, Լուի Արմսթրոնգի, Ջորջ Բենսոնի և այլոց ստեղծագործությունները: Մեր ծրագրում միշտ հատուկ տեղ էին զբաղեցնում նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը:

Երաժշտությունը նպաստեց իմ հոգևոր զարգացմանը և օգնեց ոտքի կանգնել: Չլիներ այն, իմ կյանքը կդասավորվեր բոլորվին այլ կերպ:

--

--