«Ամազոնի» աշխատակիցների համատեղ հայտարարությունը կորոնավիրուսի հետ կապված

Anna Shahnazaryan
Սեւ Բիբար (Sev Bibar)
4 min readMar 30, 2020
Ամազոնի աշխարհի հազարավոր պահեստներից մեկը

Աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածումն ավելի ցցուն և սուր է դարձնում աշխատավոր դասակարգի (անկախ նրանից՝ հարուստ, թե աղքատ երկրում ապրող, մեծ, թե փոքր ձեռնարկությունում աշխատող) աշխատանքային ծանր պայմանների նույնությունը։ Համավարակը, կարծես, հետ քաշեց կապիտալիզմի ծանր վարագույրը՝ թույլ տալով տարբեր ձեռնարկությունների աշխատողներին գիտակցել, որ աշխատանքային անվտանգության և պաշտպանվածության մասին իրենց ղեկավարների ու կառավարությունների ճառերը սին են, և իրենք՝ աշխատավորները, «նույն նավի մեջ են»։ Պետությունների ղեկավարների՝ տանը մնալու հորդորներին զուգահեռ կան առողջապահականից բացի այլ ոլորտներ, որոնց գործունեությունը ոչ միայն դադարեցված չէ, այլև պայմանավորված կարանտինային իրավիճակով՝ ավելի է ակտիվացել։ Խոսքը մանրածախ ինտերնետային առևտրի մասին է։

Աշխարհի ամենահարուստ կորպորացիայի (հիմնադիր Ջեֆ Բեզոսն ամենահարուստ մարդն է աշխարհում՝ 100 միլիարդ դոլարի ունեցվածքով) և խոշորագույն գործատուներից մեկի (ամբողջ աշխարհում ունի 600․000–700․000 աշխատող)՝ ամերիկյան «Ամազոնի» աշխատակիցները տարբեր երկրներում գործադուլներ և բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ընկերության առաջ կոնկրետ պահանջներ դնելով (հայտարարությունը՝ ստորև)։

Թեև ԱՄՆ-ում «Ամազոնի» աշխատակիցները ճյուղային արհմիությանը միանալու լուրջ խոչընդոտներ ունեն, աշխատողների միջազգային այս խմբի հայտարարությունը ուղենիշ է տարբեր երկրներում բողոքի ակցիաներ անող աշխատողների համար։

Զուգահեռ իրականության մեջ՝ Հայաստանում օլիգարխներ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի (այս ցանկը կարելի է շարունակել) և այլոց պատկանող ձեռնարկություններում մարդկանց ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնել, աշխատել 20 ժամից ավելի՝ առանց համապատասխան պաշտպանվածության։ Իսկ երկրում մտցված արտակարգ դրությունն ու աշխատավորական միությունների թույլ դիրքերը վերացնում են ընդվզման ամենափոքր ցանկությունն անգամ։ (Տե՛ս https://bit.ly/39tMrRb)

***

«Մինչ կորոնավիրուսը հազարավոր մարդկանց կյանքեր է խլում և դեռ շատերինն էլ խլելու է, Ամազոնի պահեստները շարունակում են աշխատել շուրջօրյա ռեժիմով։ Մի կողմից՝ կառավարությունները կարգադրում են սոցիալական հեռավորություն պահպանել, մյուս կողմից՝ ստիպում են աշխատավորներին աշխատել։ «Ամազոնի» ծանրոցները շարունակում են առաքվել վիրուսի տարածվածության պատճառով ամբողջովին փակված քաղաքներ՝ այդպիսով վտանգելով բեռնափոխադրող բանվորների կյանքը։

Այն երկրներում, որտեղ արգելված է հանրային վայրերում հավաքվելը, «Ամազոնին» թույլատրված է գործել՝ որպես «պետություն պետության մեջ»: Ընկերությունը կարող է վտանգել մեր կյանքն ու շահագործել մեզ՝ մինչ մենք՝ հազարավորներս, շարունակում ենք աշխատել փակ տարածքներում: Բեռնատար մեքենաների վարորդներն ու առաքիչները՝ մեր գլոբալ տնտեսական համակարգի արյունատար անոթները, վիրուսը պահեստից պահեստ են տեղափոխում։ Աշխատողների ձեռքի տակով ու սարքավորումների միջով անհամար բեռներ են անցնում: Արդյունքում, «Ամազոնը» ոչ միայն մեզ՝ աշխատակիցներիս է վարակման վտանգի ենթարկում, այլև ստիպում է վարակը տանել տուն՝ մեր ընտանիքներ, ինչն էլ հնարավոր է դարձնում դրա ավելի լայն տարածումը։

Այս ճգնաժամը հարվածեց ոչ միայն մեզ՝ «Ամազոնի» աշխատակիցներիս, այլև բոլո՛ր աշխատավորներին։ Հիվանդանոցների և սուպերմարկետների աշխատողներն անգամ պատշաճ պաշտպանիչ հանդերձանք չեն ստանում։ Արտակարգ դրությունը և դրանով պայմանավորված՝ բազմամարդ հավաքների արգելումը, որոնք իբրև թե համաճարակի տարածումը կանխելու նպատակ ունեն, օգտագործվում են նաև ամենափոքր իսկ բողոքի ցույցերն ու պիկետները քրեականացնելու համար։ Այս քաղաքականությունները կառավարությունների ձեռքին գործիք են դառնում լռեցնելու համար այն աշխատավորներին, ովքեր բարձրաձայնում են, որ հենց «Ամազոնի» անպատասխատատու քաղաքականությո՛ւնն է կորոնա վիրուսի տարածման պատճառ դառնում։ Բայց չնայած «Ամազոնը» մեզ պարտադրում է շարունակել ավելի ու ավելի ծանրաբեռնված աշխատել՝ իրար շատ մոտ և շատ անգամ առանց պաշտպանիչ հանդերձանքի, մեզանից հազարավորներն անցած շաբաթ բողոքի ցույցեր են կազմակերպել։

Մենք ձայն ենք բարձրացրել ընկերության այն քայլերի դեմ, որ անգամ այս ճգնաժամային պայմաններում ձգտում է առավելագույն շահույթ ստանալ՝ վտանգելով մեր առողջությունը։ Մենք բողոքի ցույցեր ենք կազմակերպել Լեհաստանում և Իսպանիայում, գործադուլներ ենք արել Իտալիայում, Ֆրանսիայում և Նյու-Յորքում։ Մենք ցույց ենք տվել, որ ամեն տեղ էլ հնարավոր է պայքարել սեփական կյանքի և առողջության համար։ Ցույց ենք տվել, որ չենք դադարեցնելու մեր պայքարը։ Բացի այդ «Ամազոնը» պետք է իմանա, որ աշխատավարձի բարձրացումը (որը երկրից երկիր տարբեր է, կարծես՝ մեր կյանքի արժեքը պայմանավորված է քաղաքացիությամբ) չի կարող ստիպել վաճառել մեր առողջությունն ու անվտանգությունը։

Մենք՝ «Ամազոն»-ի աշխատակիցներս ամբողջ աշխարհում, չենք պատրաստվում լռել, քանի մեր շեֆերի ընչաքաղցությունը և կառավարությունների փոքրոգությունը վտանգում են բոլորիս։ Մենք ամբողջ աշխարհի աշխատավորներին կոչ ենք անում. հո՛գ տարեք ձեր և ձեր մերձավորների մասին, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, բայց միաժամանակ ինքնակազմակերպվե՛ք, պայքարե՛ք և պատրա՛ստ եղեք հակահարված տալուն։

Մենք պահանջում ենք.

  1. Անհապաղ փակել «Ամազոնի» բոլոր պահեստներն այնքան ժամանակ, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի ազդարարել համավարակի ավարտը։ Այդ ընթացքում «Ամազոնը» պարտավոր է բոլոր աշխատակիցներին վճարել իրենց աշխատավարձերն ամբողջությամբ։
  2. Ընկերության ահռելի շահույթի մի մասը, որը տարիներ շարունակ կուտակվել է մեր աշխատանքի շնորհիվ, պետք է հետ վերադարձվի հանրությանը։ Այն երկրներում, որտեղ «Ամազոնը» գործունեություն է ծավալում, առողջապահական համակարգին պետք է տրամադրվի 20 միլիարդ դոլար։
  3. Քանի դեռ չեն փակվել ընկերության պահեստները, «Ամազոնը» պարտավոր է վճարովի արձակուրդ տրամադրել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր հիվանդ են կամ կարանտինի մեջ են, հոգ են տանում իրենց հարազատների մասին, կամ մանկապարտեզների և դպրոցների փակման պատճառով երեխաների խնամքով են զբաղված։
  4. Քանի դեռ չեն փակվել ընկերության պահեստները, «Ամազոնը» պարտավոր է վտանգավոր պայմաններում աշխատելու համար նախատեսված հավելյալ գումար վճարել իր աշխատակիցներին։
  5. Քանի դեռ չեն փակվել ընկերության պահեստները, «Ամազոնը» չպետք է իր աշխատողներին գործից ազատի կամ նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառի ընդմիջումներ վերցնելու և առաջադրանքների ծավալը թերակատարելու համար, որպեսզի այս վտանգավոր ժամանակներում աշխատողները կարողանան նախապատվություն տալ իրենց անվտագությանը, ոչ թե աշխատանքի արդյունավետությանը։
  6. Քանի դեռ չեն փակվել պահեստներն ու սպասարկման կենտրոնները, ընկերությունը պետք է կրճատի իր պահեստների աշխատանքային ժամերն՝ առանց աշխատավարձի նվազեցման։ Մենք՝ աշխատողներս, ավելի շատ վճարվող հանգստի կարիք ունենք մեր հիմնմարար կարիքները հոգալու և մեր կյանքի վրա կորոնայի ազդեցությանը հարմարվելու համար։

2020 թվական, մարտի 22»

Հայտարարությունը մի քանի լեզուներով հասանելի է այստեղ:

Գերմաներենից թարգմանեց Շահանե Խաչատրյանը

Խմբագրեց և անգլերենի հետ համեմատեց Արփինե Գալֆայանը

--

--