Սպառազինությունների փոխադրումներ հակամարտության գոտիներ․ Լեռնային Ղարաբաղի օրինակը

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
10 min readDec 11, 2021
Նկարը՝ բնագրից․ տեսարան Ադրբեջան Հայաստան սահմանային շրջանից։ amanderson2/Flickr

ՍԲ. խմբ. — Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (ՍՄԽՀԻ) հոդվածը, որ ներկայացնում ենք թարգմանաբար, ուսումնասիրում և պարզում է սպառազինությունների միջազգային հոսքը դեպի Ադրբեջան ու Հայաստան։ Շարունակելով ներկայացնել սպառազինությունների միջազգային բիզնեսի թեման՝ օգտակար ենք համարում քննության առնել առկա (թեկուզև սուղ) տեղեկատվությունը, թե մեր կյանքերի վրա խորը ազդեցություն թողնող ղարաբաղյան պատերազմը ինչպես է առնչվում սպառազինության միջազգային շուկայի հետ, և փոխազդեցության ինչ հարաբերություններ են գործում։ Թեև ՍՄԽՀԻ եզրակացության մեջ տեղ գտած առաջարկությունը մեր կարծիքով խիստ սահմանափակ է, միտված չի շրջելու համակարգը, այլ կարծես բավարարվում է այն կառավարելու մոտեցմամբ, ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում այլապես կարեւոր այս հոդվածը։

Ապրիլի 30, 2021

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 2020-ին վերաճեց վեցշաբաթյա պատերազմի, որի պատճառած մահերի թիվը գնահատվում է 5700[1]։ Պատերազմն ամբողջովին անսպասելի չէր, քանի որ երկու պետությունների միջև մահվան ելքով ռազմական ընդհարումներ կանոնավոր կերպով տեղի էին ունենում 1994-ից ի վեր՝ նախորդ լայնամասշտաբ պատերազմի ավարտից սկսած։ Այս թեմատիկ պատմական ակնարկը քննարկում է երկու երկրների՝ 2020-ի պատերազմին նախորդած ռազմական համալրումները։ Քննարկման կենտրոնում են սպառազինությունների արտաքին մատակարարների դերակատարությունն ու երկու երկրներին դրանց տրամադրած ծանր սպառազինությունների և այլ ռազմական սարքավորումների փոխադրումները։ Այս քննարկումը սպառազինություննների միջազգային փոխադրումների ռիսկերի մասին ավելի լայն բանավեճի մաս է։

Հակամարտության կարգավորում, թե զենքի կուտակում

Միջազգային համայնքի շրջանում կա լայն տարածված համաձայնություն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային միջնորդական ջանքերի շնորհիվ խաղաղ ճանապարհով։ Բոլորովին վերջերս սա շեշտադրեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, որը դատապարտեց ուժի գործադրումը և զսպվածության ու հրադադարի կոչ արեց երկրներին՝ ի պատասխան 2020-ի մարտերին։ 1990-ականներից ի վեր շարունակական միջնորդական ջանքերը գլխավորում է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները․ միաժամանակ Ռուսաստանը ԵԱՀԿ ձևաչափից դուրս հետամուտ է իր սեփական միջնորդական գործողություններին։ Բացի այդ, 1992-ից ի վեր ԵԱՀԿ-ն մշտական պահանջ է սահմանել իր անդամ երկրների համար «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններում ներգրավված Հայաստանի և Ադրբեջանի ուժերի նկատմամբ» կիրառելու զենքի և ռազմամթերքի առաքումների կամավոր էմբարգո։ Չնայած որոշ երկրներ (օր․՝ Գերմանիան) մեկնաբանում են այս էմբարգոն՝ որպես սպառազինության բոլոր տեսակների արտահանման արգելք Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ՝ ԵԱՀԿ-ի պահանջը չի վերաբերում երկու երկրների սպառազինությունների մատակարարումներին ընդհանրապես։

Այդուհանդերձ, երբ հակամարտությունը կարգավորելու միջազգային փորձերը երկարաձգվեցին, երկու երկրներն առաջնային դարձրին իրենց ռազմական կարողությունների համալրումը։ Սրա մասին է վկայում, օրինակ՝ այն փաստը, որ Հայաստանում 2020-ի ռազմական ծախսերը կազմել են համախառն ներքին արժեքի (ՀՆԱ-ի) 4,9%-ը, իսկ Ադրբեջանում՝ 5,4%-ը։ Երկու դեպքում էլ յուրաքանչյուր երկրի պետական ծախսերի մասնաբաժինը զգալիորեն գերազանցում է 2020-ին համաշխարհային ՀՆԱ-ի ծախսերի մեջ աշխարհի ռազմական ծախսերի 2,4% միջինը։ Դրանով հանդերձ, բացարձակ արժեքով երկու երկրների ռազմական ծախսերի մակարդակները զգալիորեն տարբեր են․ 2020-ին Հայաստանը ծախսել է 634 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը՝ 2 միլիարդ 238 միլիոն դոլար։

Երկու երկրների ռազմական ծախսերը մասամբ ծառայել են նրանց միջև զենքի ձեռբերումների մրցավազքին։ Քանի որ ո′չ Հայաստանը, ո′չ Ադրբեջանը չունեն նշանակալի ռազմարդյունաբերություն, իրենց զինանոցները ընդլայնելու և զարգացնելու գործում երկուսն էլ կախված են արտաքին մատակարարներից։ Նրանց ստացած սպառազինությունների ներկրումների քանակը ևս խիստ ասիմետրիկ է․ 2011–2020 Ադրբեջանի ռազմական ներկրումների ծավալը Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի (ՍՄԽՀԻ) գնահատմամբ 8,2 անգամ գերազանցել է Հայաստանի նույն ցուցանիշը։

Ովքե՞ր են Լեռնային Ղարաբաղում 2020-ին գործի դրված զենքի մատակարարները

ՍՄԽՀԻ-ի գնահատմամբ 2011–2020 տասնամյակում Ռուսաստանը ծանր սպառազինության ամենամեծ արտահանողն է եղել թե′ Հայաստան, թե′ Ադրբեջան (տե′ս պատկեր 1-ը)։ Այս ընթացքում այն ապահովել է Հայաստանի գրեթե ողջ ծանր սպառազինությունը, իսկ Ադրբեջանի սպառազինությունների գրեթե 2/3-ը։ Իսրայելը, Բելառուսը և Թուրքիան Արդբեջանի ծանր սպառազինությունների համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ ամենամեծ մատակարարներն են 2011–2020-ին։

Սպառազինությունների փոխադրումներ Հայաստան և Ադրբեջան, 2011–2020

Ռուսաստան
Չնայած այն բանին, որ Ռուսաստանը գործում է որպես երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդ՝ 2011–2020 թթ․ նրան բաժին է հասել Հայաստանի ծանր սպառազինության ապահովման 94, իսկ Ադրբեջանի՝ 60 տոկոսը։

2011–2020 տասնամյակում դեպի Հայաստան ռուսական առաքումները ներառել են զրահավոր փոխադրիչ մեքենաներ[2], հակաօդային պաշտպանության համակարգեր ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և տանկեր․ բոլորն էլ օգտագործվել են 2020-ի պատերազմում։ Այս առաքումների շարքում էր նաև Իսկանդեր երկրից-երկիր դասի բալիստիկ հրթիռային համակարգը՝ կրակի 300 կմ առավելագույն հեռավորությամբ, որը Ռուսաստանը տրամադրել էր Հայաստանին 2016-ին։ Կա հաղորդում այն մասին, որ Հայաստանը 2020-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված թիրախի հանդեպ կիրառել է այս հրթիռներից մեկը։ Կան նաև հաղորդումներ, որ Հայաստանը կրակել է ադրբեջանական քաղաքների վրա 2016–2017 Ռուսաստանից ձեռք բերած Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգով։ Ռուսաստանը 2019 Հայաստան էր առաքել չորս Su-30SM ռուսական արտադրության կործանիչ ինքնաթիռներ։ Թեև այս ինքնաթիռները Հայաստանի հարվածային կարողությունը նշանակալիորեն բարձրացնելու պոտենցիալ ունեին, դրանք կարծես թե պատերազմի ժամանակ չեն կիրառվել։

Ռուսաստանի մատակարարումներն Ադրբեջանին ներառում են զրահապատ փոխադրամիջոցներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, փոխադրող ու ռազմական ուղղաթիռներ, հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և տանկեր։ Զենքի բոլոր այս տեսակները օգտագործվել են 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ Օր․՝ որոշ հաղորդումների համաձայն՝ Ադրբեջանին տրամադրած ռուսական զրահապատ փոխադրամիջոցները վնասվել կամ ոչնչացվել են Ռուսաստանից ստացված հայկական հակատանկային հրթիռային համակարգերի և հրետանու միջոցով։ Ռուսաստանը սպառազինել էր Ադրբեջանին Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով 2013-ին, որով, հաղորդվում է, Ադրբեջանը 2020-ին հարվածել է Լեռնային Ղարաբաղում գտնվող մարդկային թիրախների։

Սպառազինության փոխադրումները Ռուսաստանի՝ Հայաստանի հետ ավելի լայն ռազմական դաշնակցության մասն են։ Հայաստանի տարածքում են գտնվում ռուսական ռազմաբազաներ, և ներկայումս Հայաստանը հետսովետական Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միակ անդամ-երկիրն է Հարավային Կովկասում։ Ռուսաստանը հաճախ սպառազինում է Հայաստանին ավելի ցածր գներով կամ ռազմական օգնություն տեսքով՝ հավանաբար տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու նպատակով։ Ի տարբերություն Հայաստանի, հաղորդվում է, որ Ադրբեջանը սովորաբար վճարում է ռուսական սպառազինության ամբողջական գինը։ 2018թ․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ռուսաստանից ռազմական տեխնիկայի գնման համար Ադրբեջանի ընդհանուր ծախսերը գնահատվում են մոտ հինգ միլիարդ դոլար։ Սա ցույց է տալիս, որ տնտեսական օգուտները կարող են կարևոր խթան լինել Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու համար։

Իսրայել
2011–2020 տասնամյակի ընթացքում Իսրայելին բաժին է հասել Ադրբեջանի ծանր սպառազինության ներկրումների 27%-ը։ Այս առաքումների մեծ մասը տեղի է ունեցել 2016–2020, և այս ընթացքում Իսրայելի բաժինը Ադրբեջանի ծանր սպառազինությունների ներկրումների մեջ կազմել է 69%-ը: Չնայած բավարար քանակի հրապարակային տեղեկություններ կան որոշելու, թե զենքի ինչ տեսակներ է Իսրայելը մատակարարում Ադրբեջանին, քիչ բան է հայտնի, թե իրականում ինչ քանակի սպառազինություն է փոխադրվել Ադրբեջան։ Հայտնի է, որ Հայաստանի հետ 2020-ի պատերազմում, ինչպես նաև դրան նախորդող սահմանային ընդհարումների ժամանակ Իսրայելի տրամադրած ծանր սպառազինություններից օգտագործվել են անօդաչու ինքնասպաններ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ղեկավարվող հրթիռներ և բալիստիկ հրթիռներ։

Օրինակ՝ Իսրայելը առաջին անգամ HAROP անօդաչու ինքնասպաններ է առաքել Ադրբեջան մոտավորապես 2015-ին։ Հաղորդումներ կան, որ դրանք օգտագործվել են 2016-ի սահմանային ընդհարումների ժամանակ, իսկ 2020-ին դրանց լայնածավալ օգտագործումը վկայված է։ Ավելին, Ադրբեջանն ունի իսրայելական արտադրության բազմաթիվ Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ներ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ իսրայելական մատակարարման անօդաչու ինքնասպանները և ԱԹՍ-ները Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական գերակայության կարևոր բաղադրիչն էին 2020-ի պատերազմի ընթացքում։

2018-ին Իսրայելը Ադրբեջանին տրամադրեց LORA ցամաքային դասի ղեկավարվող բալիստիկ հրթիռներ (430 կմ թռիչքի առավելագույն հեռավորությամբ): Սա տեղի ունեցավ շատ չանցած այն բանից, երբ Ռուսաստանը Հայաստանին մատակարարեց նմանատիպ հրթիռային համակարգ՝ Իսկանդերը։ Հաղորդումներ կան, որ Ադրբեջանը 2020-ին առնվազն մի անգամ օգտագործել է LORA հրթիռը Հայաստանում կամուրջի ոչնչացման փորձի ժամանակ։ Իսրայելը Ադրբեջանին տրամադրել է նաև Barak-8 օդային և հրթիռային պաշտպանական համակարգեր 2016-ին, որը, ըստ չհաստատված հաղորդումների, հարվածել ու վայր է գցել հայկական Իսկանդեր հրթիռը 2020-ին։

ՍՄԽՀԻ-ի գնահատմամբ 2016–2020-ին Իսրայելի սպառազինության ընդհանուր արտահանումների մեջ դեպի Ադրբեջան արտահանումները կազմել են 17%՝ վկայելով Իսրայելի ռազմարդյունաբերության համար Ադրբեջանի աճող կարևորությունը։ 2016-ին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը իսրայելական ռազմատեխնիկայի վրա ծախսել է 5 միլիարդ դոլար։ Կասկածներ կան, թե արդյոք դեպի Ադրբեջան իսրայելական սպառազինությունների շարունական փոխադրումների հիմնական շարժիչ ուժը տնտեսական եկամո՞ւտն է, թե՞ կան այլ ավելի կարևոր դրդապատճառներ, ինչպես օրինակ՝ Իսրայելի կախվածությունը ադրբեջանական նավթից կամ երկուստեք Իրանը որպես սպառնալիք ընկալելը։

Բելառուս
2011–2020 տասնամյակի ընթացքում Բելառուսին բաժին է հասել Ադրբեջանի ծանր սպառազինությունների ներկրումների 7,1%-ը։ Այն տրամադրել է մի քանի ցամաքային հարվածային ինքնաթիռներ, օդային պաշտպանության համակարգեր, տանկեր, հրետանի և ղեկավարվող հրթիռներ։ Այս սպառազինումը երկու երկրների հարաբերություններում կարևոր բաղադրիչ է դարձել բոլորովին ոչ այն պատճառով, որ աճում է ադրբեջանական նավթի հանդեպ Բելառուսի պահանջը, քանի որ այն փորձում է նվազեցնել իր կախյալությունը ռուսական նավթից։

Բելառուսից Հայաստան ծանր սպառազինությունների արտահանում չի հայտնաբերվել 2011–2020: Այդուհանդերձ երկու երկրները համագործակցում են ռազմական զորավարժությունների և օպերացիոն պլանավորումների գործում, ռազմական և տեխնիկական համակագործակցության այլ տարբերակ կարող է լինել ռազմական սարքավորումներով ապահովումը կամ վերանորոգման ու պահպանության ծառայությունները նման սարքավորումների համար։

Թուրքիա
Թուրքիային 2011–2020-ի տասնամյակում բաժին է հասել Ադրբեջանի ծանր սպառազինությունների ներկրումների 2,9%-ը: Թուրքիայի առաքումները դեպի Ադրբեջան այս ընթացքում ներառել են զրահապատ պարեկային մեքենաներ, ռեակտիվ հրետանի, հրթիռներ և գրոհային ԱԹՍ-ներ։ Գրոհային ԱԹՍ-ները, որոնք առաքվել են 2020-ի պատերազմից քիչ առաջ, ներառում են առնվազն հինգ Bayraktar-TB2 ԱԹՍ-ներ սպառազինված MAM-L ղեկավարվող ռումբերով։ Այս ԱԹՍ-ների օգտագործումը պատերազմի ժամանակ միջազգային մեծ ուշադրության արժանացավ։ Թեև պարզ չի, թե ինչպես և արդյո՞ք Ադրբեջանը 2020-ի պատերազմի ընթացքում օգտագործել է Թուրքիայից ստացված այլ ծանր սպառազինություններ, որոշ հաղորդումներ հուշում են, որ դրանք ներգրավված են եղել պատերազմում։ Օր․՝ թուրքական մատակարարման TRG-300 համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, հաղորդվում է, որ տեղակայված է եղել Լեռնային Ղարաբաղում [խբմ. մենք կասեինք՝ ԼՂ վրա] Ադրբեջանի 2020-ի հարձակման համար ռազմավարական կարևորության դիրքերում։

Թուրքիայի սպառազինությունների փոխադրումները դեպի Ադրբեջան, ըստ երևույթին, ոչ միայն պայմանավորված են երկու երկրների միջև առկա բարձր տնտեսական կապերով և մշակութային հաղորդակցություններով, այլև Թուրքիայի՝ ավելի լայն արտաքին քաղաքական շահերով։ Ուժեղացնելով հարաբերությունները Ադրբեջանի հետ, թվում է՝ Թուրքիան նաև ընդլայնում է իր քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում՝ հատկապես մրցակցության մեջ մտնելով տարածաշրջանում ներկայումս տիրապետող ուժի՝ Ռուսաստանի հետ։

Այլ սպառազինողներ
Մի շարք այլ երկրներ ավելի փոքր քանակությամբ սպառազինություններ են մատակարարել Հայաստանին կամ Ադրբեջանին 2011–2020:

Հորդանանը տրամադրել է փոքրաթիվ օգտագործված հակաօդային պաշտպանական համակարգեր Հայաստանին 2019-ին, իսկ Բուլղարիան, հաղորդվում է, որ Հայաստանին տրամադրել է 500 շարժական կրակի ռեակտիվ մատրկոցներ 2019-ին և 1094 միավոր ձեռքի գնդացիր 2017-ին։

2017-ին և 2018-ին Ադրբեջանը ստացել է Սլովակիայում արտադրված հրետանի և Չեխիայում արտադրված համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Երկու դեպքում էլ զենքի փոխադրումը իրականացվել է իսրայելական ընկերության միջոցով։ Իսպանիան 2019-ին Ադրբեջանին մատակարարել է հակաօդային պաշտպանության ռադիոլոկատոր։ Այլ երկրներ արտահանել են սարքավորումների փոքրաքանակ մասեր․ օր․՝ Ռումինիան 2019-ին Ադրբեջանին ականանետի թիրախավորման պահեստամասեր և ռազմական էլեկտրոնային սարքեր է մատակարարել։ Ի վերջո, կան որոշ օրինակներ, երբ հնարավոր սպառազինությունների արտահանումների կամ դրանց նախագծերի մասին պնդումները խիստ անհստակ են։ Օր․՝ 2019-ին Ադրբեջանի կառավարությունը հաղորդեց, որ ֆրանսիական ընկերության հետ բանակցություններ է վարում զրահապատ փոխադրամիջոցների և ռոբոտացված զենքերի հնարավոր գնման վերաբերյալ։ Ֆրանսիական սպառազինություններ արտադրող ընկերությունները 2018-ին նաև ներկա էին ADEX սպառազինությունների ցուցահանդեսին Բաքվում։ Այդուհանդերձ, 2021-ին Ֆրանսիայի դեսպանը Ադրբեջանում հայտարարեց, որ Ֆրանսիան հարգում է ԵԱՀԿ-ի սպառազինությունների կամավոր էմբարգոն՝ ակնարկելով, որ Ֆրանսիան Ադրբեջանի սպառազինությունների մատակարարների շարքում չէ։

Սպառազինությունների փոխադրումների մշտադիտարկումը․ անհրաժեշտ է ավելի մեծ թափանցիկություն

Մի շարք բազմակողմ գործիքների գոյությունը, որոնցով պետությունները համաձայնվել են ներկայացնել սպառազինությունների իրենց ներկրումների և արտահանումների մասին որոշակի տեղեկություններ, շեշտադրում է սպառազինությունների հոսքերի մշտադիտարկման կարևորությունը՝ հատկապես սպառազինությունների պոտենցիալ ապակայունացնող կուտակումներ բացահայտելու ջանքերի համատեսքում։

Այս գործիքների շարքում է ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրը (ՄԱԿՍՍՌ) և Սովորական սպառազինությունների փոխադրումների վերաբերյալ ԵԱՀԿ անդամ-երկրների միջև տեղեկատվության փոխանակությունը։ Այդուհանդերձ, պետությունների մասնակցությունն այս գործիքներին խիստ տատանվում է, արդյունքում գործիքները չեն կարողանում ներկայացնել սպառազինությունների համաշխարհային կամ տարածաշրջանային փոխադրումների վստահելի և համապարփակ պատկերը։

2011–2020թթ․ դեպի Հայաստան և Ադրբեջան սպառազինությունների արտահանման դեպքում այս գործիքներին տրված հաշվետվությունները ըստ մատակարարների տարբեր տեղեկություններ է պարունակում, և հետևաբար ինքն իրենով բավարար չէ ցույց տալու համար երկու երկրների ռազմական համալրումները։ Բելառուսն ու Թուրքիան, ըստ երևույթին, ներկայացրել են դեպի Ադրբեջան ծանր սպառազինությունների իրենց բոլոր արտահանումների և ներգրավված զենքի տեսակների վերաբերյալ հաշվետվություն։ Թեև Ռուսաստանը դեպի Հայաստան և Ադրբեջան ծանր սպառազինությունների իր առաքումների մեծ մասի վերաբերյալ առերևույթ հաշվետվություն է ներկայացրել ՄԱԿՍՍՌ-ին, և առկա է Սովորական սպառազինությունների փոխադրումների վերաբերյալ ԵԱՀԿ անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակություն, հաշվետվությունները տեղեկություններ են պարունակում միայն ծանր սպառազինությունների ընդհանուր կատեգորիաների մասին։ Եթե ներգրավված զենքի կոնկրետ տեսակների մասին ավելի շատ տեղեկատվություն տրամադրվեր, ապա հնարավոր կլիներ ավելի լավ գնահատել գնող երկրի ռազմական կարողությունների վրա տվյալ սպառազինության ազդեցությունը։ Դեռ ավելին, Ռուսաստանը չի ներկայացրել Հայաստանին 2016-ին տրամադրած Իսկանդեր բալիստիկ հրթիռային համակարգի մասին տեղեկություն։ Իսրայելը, որը ԵԱՀԿ անդամ երկիր չէ, ծանր սպառազինությունների իր արտահանումների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություններ ՄԱԿՍՍՌ-ին ընդհանուր առմամբ, սակայն այն որևէ տեղեկություն չի ներկայացրել դեպի Ադրբեջան ծանր սպառազինությունների իր արտահանումների վերաբերյալ։

Եզրակացություններ

Չնայած դժվար է գնահատել 2020-ի պատերազմի անմիջական պատճառները, փաստը, որ Հայաստանին և Ադրբեջանին նախկինից ավելի շատ զենք էր հասանելի, ներառյալ՝ զենքի նոր տեսակներ, ինչպես օրինակ՝ ԱԹՍ-ներ, թվում է, թե առնվազն մասամբ նպաստել է հակամարտության սրացմանը։ Ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի ռազմական գերակայությունը 2020-ի պատերազմում, զենքի ասիմետրիկ ներդրումները թե′ որակական, թե′ քանակական առումով փոխեցին երկու պետությունների միջև ռազմական հավասարակշռությունը։ Հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանությունը 2020-ից առաջ՝ այս ասիմետրիան կարող էր իջեցնել այն շեմը, որից այն կողմ Ադրբեջանը կարող էր բանակցությունների փոխարեն ընտրել ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու համար։

Այս պատմական ակնարկը ցույց է տալիս, որ ի հեճուկս այն վտանգի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգվող հակամարտությունը կարող էր վերաճել պատերազմի, մի շարք երկրներ, այդուհանդերձ, դեպի այս երկրներ սպառազինություններ են արտահանել։ Այս տվյալը շեշտադրում է, որ դեռ կարիք կա ավելի լավ հասկանալու և գնահատելու սպառազինությունների արտահանումների պոտենցիալ ազդեցությունները զինված հակամարտություններ սադրելու, երկարաձգելու և սրելու գործում։ Այս տվյալը կարող է նաև ծառայել քննարկումներին այն հարցի շուրջ , թե ինչպես կարելի է ապահովել սպառազինությունների փոխադրումների արդյունավետ և հետևողական վերահսկողություն, որպեսզի նվազեցվի զինված հակամարտությունների հավանականությունը։ Նման բանավեճերի մի բաղադրիչը կարող է լինել խորացված գնահատումն այն հարցի, թե ինչպես են պետությունները կատարել Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում ներգրավված ուժերին սպառազինություններ չտրամադրելու ԵԱՀԿ-ի պահանջը։ Այն փաստը, որ Հայաստան և Ադրբեջան փոխադրված սպառազինությունների վերաբերյալ տեղեկություններում նշանակալի բացեր կան, իրազեկում է քննարկումների ևս մի բաղադրիչ՝ սպառազինությունների փոխադրումների վերահսկողության վերաբերյալ, մասնավորապես այն իրազեկում է, որ կարիք կա խրախուսելու և բարելավելու սպառազինությունների փոխադրումների ոլորտում կիրառվող բազմակողմ թափանցիկության գործիքները։

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

Պիտեր Դ․ Վեզեմանը ՍՄԽՀԻ-ի Սպառազինությունների փոխադրումների ծրագրի ավագ գիտաշխատող է։
Ալեքսանդրա Կույմովան ՍՄԽՀԻ-ի Սպառազինությունների փոխադրումների ծրագրի գիտաշխատող է։
Ջորդան Սմիթը ՍՄԽՀԻ-ի Սպառազինությունների և ռազմական ծախսերի ծրագրի պրակտիկանտ է

ԹԱՐԳՄԱՆԻՉ՝ Ռուզաննա Գրիգորյան

[1] 2021 թ․ ապրիլի դրությամբ ներկայացված այս թիվը ենթակա է թարմացման (ծնթ․ թրգմ․)։

[2] Ծանր սպառազինությունների անվանումները ոչ թե բառացի թարգմանվել են անգլերենից, այլ օգտագործվել են հայկական մամուլում կամ պաշտոնական հայտարարություններում շրջանառվող դրանց հայերեն համարժեքները։ Ներկայումս ռազմական ոլորտի հայերեն բառապաշարը գլխավորապես թարգմանություն է ռուսերենից, ինչը մատնանշում է ռուսական ազդեցությունը ոչ միայն սպառազինությունների ոլորտի, այլ դրա շուրջ ձևավորված լեզվի վրա։ Թարգմանությունը խնդիր չի դարձրել սպառազինությունների անվանումների անմիջական թարգմանությունն անգլերենից, այլ առաջնորդվել է թարգմանությունը հայերեն ընթերցանության համար հասկանալի դարձնելու մտադրությամբ՝ օգտվելով անվանումների արդեն իսկ առկա բառապաշարից (ծնթ․ թրգմ․)։

* * * * * * * * * * * * * *

Թարգմանությունների այս շարքը պատրաստվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:

--

--