Պետական պարտքի խնդրի լուծման շուրջ. Մաս 5

Պարտք՝ գրավադրմամբ

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
5 min readFeb 21, 2022

--

նկարը՝ Louis Hanselի

(Մաս առաջին)
(Մաս 2)
(Մաս 3)
(Մաս 4)

Պարտք՝ գրավադրմամբ

Վերը նշված զարգացումների հետ առնչվում են այն խիստ մտահոգիչ եղանակները, որոնցով պետական պարտք վերցնողները երաշխավորում են ֆինանսավորումը։ Գրավադրմամբ վարկավորումը, երբ վարկերը երաշխավորվում են առկա ակտիվներով (օրինակ՝ հողով) կամ ապագայի եկամուտներով (օրինակ՝ ապրանքների/գույքի վաճառքից կամ նախագծերի եկամտաբերությունից), դարձել է ֆինանսավորման ավելի ու ավելի տարածված ձև, որը կիրառում են դաշտի նորելուկ վարկատուները՝ Փարիզյան ակումբի անդամ չհանդիսացողներն ու ոչ ավանդական մասնավոր վարկատուները՝ մասնավորապես արժեթղթերի վաճառքով զբաղվող ընկերությունները։ 2016 թ․ Չինաստան-Աֆրիկա հետազոտությունների նախաձեռնությունը գնահատել է, որ «Աֆրիկայում չինական վարկային ֆինանսավորման 33 տոկոսը երաշխավորվել է ապրանքներով/գույքով կամ բնական պաշարների արտահանումներով»։[96]

Գրավադրմամբ վարկերի նկատմամբ թափանցիկությունը նույնպես շատ թույլ է․ հաճախ դժվար է լինում սահմանել՝ պարտատերերի պահանջները առևտրայի՞ն են, թե՞ պաշտոնական։ Այսպիսի քողարկվածությունը հասնում է վարկային միջոցների գործածման ոլորտներին, ինչը հաճախ բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ երկիրը հասնում է ճգնաժամի։[97] Վերջերս հայտնի են դարձել նավթով ապահովագրված պարտքերի դեպքերը Չադում ու Կոնգոյում, որոնք անողջամիտ վարկավորման օրինակներ են և ենթադրում են ծանր գիր պարտապանների համար, իսկ մասնավոր պարտատերերի համար դրանք զուտ առևտրային շահեր են։ 2014 թ․, օրինակ, Չադը համաձայնեց Գլենկոր խոշոր հանքարդյունաբերական կորպորացիայից 1․45 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ վերցնել՝ նավթից ստացվելիք եկամուտների երաշխիքով․ սակայն հանքահումքային գների անկումը հանգեցրեց նրան, որ երկիրը այդ պարտքը վերադարձնելու լուրջ խնդիրների առջև կանգնեց։ 2016 թ․, երբ Չադի վարկերը հավասար էին իր արտաքին առևտրային պարտքի 98 տոկոսին, երկրի նավթային եկամուտների 85 տոկոսն ուղղվում էր Գլենկորին։[98]

Պաշտոնական վարկատուների հետ կապված ռիսկերը պակաս մտահոգիչ չեն․ Չինաստանն, օրինակ, խիստ քննադատության է ենթարկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՍԲ՝ «Մետաքսի ճանապարհը» կրկնօրինակող խոշորածավալ ծրագիր) նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորված երկրների ակտիվները ճգնաժամի ժամանակ բռնագանձելու համար։ Չինաստանը մեղադրվել է ռազմավարական աշխարհաքաղաքական ենթակառուցվածքներ կամ բնական պաշարներ ձեռք բերելու նպատակով խոցելի երկրներին անկայուն պարտքի լծի տակ մտցնելու համար։[99] Ամենաքննադատված դեպքերից է «գույք պարտքի դիմաց» գործարքը Շրի Լանկայում 2017 թ․, երբ այն ի վիճակի չէր սպասարկել չինական 8 միլիարդ դոլարի վարկը, որը վերցվել էր Համբանտոտա քաղաքում նավահանգիստ կառուցելու համար։ Արդյունքում Չինաստանը նավահանգիստը 99 տարով տնօրինելու իրավունք ստացավ։[100]

Սակայն միայն նոր դերակատարները չեն, որ օգտագործում են գրավագրումը որպես պարտքի վերադարձելիությունն ապահովելու միջոց։ 2019 թ․ փետրվարին Պուերտո Ռիկոյի Անուղղակի հարկերի ֆինանսական կորպորացիան (COFINA) ԱՄՆ ենթակայության տակ գտվող այս վարչական տարածքի պարտքի վերակազմավորման շրջանակներում թողարկեց պարտատոմսեր՝ ամրակցված անուղղակի հարկերին (ՍԲ․ նաև՝ սպառողական հարկեր՝ ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, վաճառքի հարկ և այլն)։ COFINA-ի պարտատոմսերը վճարվելու են անուղղակի հարկի միջոցով, որը վերջերս 7 տոկոսից բարձրացվել է 11․5 տոկոսի, որը ողջ ԱՄՆ տարածքում համարվում է ամենաբարձր տոկոսադրույքը։ Մինչ բյուջետային եկամուտների մի մասը բնականաբար ուղղվում են պարտքերի վճարմանը, կոնկրետ այս դեպքում պետական եկամուտն ի սկզբանե հստակորեն նախատեսված է պարտքի վճարման համար․ վերակազմավորման ծրագրում գրված է, որ վաճառքի հարկերի 53․65 տոկոսն ավտոմատ կերպով փոխանցվելու է պարտատոմսերի տերերին։[101] Ըստ բելգիական CADTM կազմակերպության (Comité pour l’abolition des dettes illégitimes, Ոչ լեգիտիմ պարտքի վերացման կոմիտե)՝ գիշատիչ հիմնադրամներն ունեն 1 միլիարդ ԱՄՆ դոլարը գերազանցող շահաբերություն,[102] ինչը նշանակում է, որ նրանք արդեն իսկ ահռելի շահույթ են ստանում։

Գրավադրումը բարդացնում է պարտքի վերակազմավորումը, քանի որ այն սահմանափակում է պարտապանների գործողությունների շրջանակը, երբ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում․ համապատասխան վարկատուները դե ֆակտո գերազանցություն են ստանում, այսինքն՝ պարտապան երկիրը պարտքի վճարման ժամկետները հետաձգելու տարբերակ գրեթե չի ունենում։ Փորձագետները նաև մատնանշում են հակասություններն այսպիսի վարկերի ու Համաշխարհային բանկի ու համանման կառույցների ոչ կոնցեսիոն վարկավորման քաղաքականության «չեզոքացնող գրավադրման մասին դրույթների» միջև (ՍԲ՝ non-concessional loans, շուկայական վարկերից ավելի արտոնյալ պայմաններով վարկեր՝ հիմնականում նախատեսված տնտեսական զարգացման համար)․ այս դրույթները (negative pledge clauses) նախատեսված են՝ «կանխելու պարտապանների կողմից ակտիվների գրավադրումը, որը կարող է վտանգել արդեն իսկ պարտք տված պարտատիրոջ պարտքի վերադարձելիությունը»։[104]

Մարդու իրավունքներ, զարգացում ու անհավասարություն

Չնայած քաղաքացիական հասարակության շարունակական ճնշումներին, այնպիսի զարգացումներին, ինչպիսին 2011 թ․ ՄԱԿ-ի կողմից Արտաքին պարտքի ու մարդու իրավունքների ուղենիշային սկզբունքների ընդունումն է,[105] 2018 թ․ ՄԱԿ-ի անկախ փորձագետի զեկույցն է կանանց իրավունքների վրա արտաքին պարտքի ու տնտեսական ռեֆորմների, խստամբեր քաղաքականությունների ազդեցության մասին,[106] և Ադիս Աբեբայի Գործողության օրակարգն է, որը պնդում է, որ «պարտքի հաջողված վերակազմավորումները բարձրացնում են երկրների կարողությունը կենսագործելու կայուն զարգացման նպատակները»,[107] միևնույն է, ներկայիս անռեժիմության պայմաններում գոյություն չունի մարդու իրավունքների ու զարգացման առաջնահերթությունների համադրման հստակ, համակարգային մոտեցում։ Այս ամենն ավելի զարմանալի է, քանի որ երկարաձգվող պարտային ճգնաժամեր ապրող երկրներում մարդիկ (օրինակ՝ Հունաստանում[108]) և մասնավորապես՝ կանայք ու աղջիկներն, իրենց իրավունքները չիրացնելու գինն են վճարում արդեն երկար տարիներ։[109] Ավելին, տարբեր երկրներում սնանկության մասին օրենսգրքերում ամրագրված են դրույթներ այլ տեսակի պարտապանների պաշտպանության մասին, օրինակ՝ ԱՄՆ անվճարունակության մասին օրենսգրքի 9-րդ գլխում, որը տեղական ինքնակառավարման մարմինների մասին է, հստակ ամրագրված է, որ տարրական ծառայություններն ու դրանք մատուցելու համար անհրաժեշտ ռեսուրսները պետք է գտնվեն պաշտպանության ներքո։[110]

Ներկայիս համակարգը թույլ չի տալիս, որ երկրները կարողանան սկսել նոր մեկնակետից, հակառակը՝ այն խրախուսում է պարտապան երկրներին շարունակել վճարել պարտքը ու հետաձգում է վերակազմավորման փորձերը՝ չնայած այն անտանելի սոցիալական ու տնտեսական բեռին, որոնք կրում են այդ երկրների բնակիչները։ Ներկայիս համակարգը խրախուսում է անպատասխանատու վարկավորում պետություններին, որոնք արդեն իսկ ճգնում են, որպեսզի մատուցեն տարրական հանրային ծառայություններ։ Այս ծառայությունները կենսական նշանակություն ունեն հատկապես կանանց տնային չվճարվող աշխատանքի ու խնամքի բեռը նվազեցնելու ու վերաբաշխելու համար․ «տնային տնտեսուհիների» չվճարվող աշխատանքն է, որի վրա հենվում են պետական ծախսերի կրճատման խստամբեր քաղաքականությունները։ Այս միտման թշվառ օրինակ են Վենեսուելայի այսպես կոչված՝ «սովի պարտատոմսերը» 2017 թ․, երբ Գոլդման Սաքսն ու համանման ներդրողներն իրենց համար ապահովեցին 20 տոկոս եկամտաբերություն՝ կորզելով երկրի արտարժութային ռեզերվային ֆոնդերը, որոնք անհրաժեշտ էին պարենի ներկրման համար այն ժամանակ, երբ երկրում լայնատարած սով էր։[111]

Բաց են թողնվել ԱՄՀ-Համաշխարհային բանկի համատեղ կազմվող՝ պարտքի կայունության վերլուծությունների մոտեցումները փոփոխելու հնարավորությունները, որպեսզի դրանցում արտացոլվեն մարդու իրավունքների իրացման նկատմամբ պարտավորություններն ու երկրների զարգացման նպատակները։[112] Դրանք շարունակում են հաշվի առնել զուտ ֆինանսական հարցեր՝ կենտրոնանալով այն հնարավորությունների վրա, որոնք անհրաժեշտ են երկրի կողմից միայն իր պարտքերը սպասարկելու համար և սահմանում են պարտք վերցնելու սահմանաչափերը։

Այսպիսի ձախողումը նշանակում է, որ ԱՄՀ կողմից հարկաբյուջետային քաղաքականությունների պահանջներով վարկավորումը շարունակում է մնալ իրավիճակին արձագանքող միակ մոտեցումը պարտապան երկրներում, այլ ոչ թե պարտքի անհրաժեշտ վերակազմավորման քաղաքականությունը։

Առկա համակարգը, որի շարժիչը վարկավորմանը կցված պայմաններն են, խթանում է դաժան, խստամբեր հարկաբյուջետային ծրագրեր․ այն պարտքի կայունության ու զարգացման տեսանկյունից իրականում հակառակ արդյունքի է բերում։ Վերջերս կատարված մի հետազոտություն, օրինակ, (Forster 2019) ցույց է տալիս, որ «ԱՄՀ կողմից պարտադրված ռեֆորմները պարտապան երկրներում մեծացնում են անհավասարությունը»,[114] մինչդեռ մեկ այլ աշխատություն, հենվելով նախկինում արված էմպիրիկ հետազոտությունների վրա, բացահայտում է, որ անհավասարությունը ավելի է մեծացնում երկրներում դեֆոլտի հավանականությունը։[115]

Ֆինանսների ու զարգացման միջազգային համայնքներում արդեն տարածված համաձայնություն կա, որ փոթորկում են պարտքի ճգնաժամի նոր ալիքներ։ Պարտքի համաշխարհային մակարդակը հասնում է նոր ռեկորդների։[118] ԱՄՀ-ն ցույց է տալիս պարտք-ՀՆԱ շատ ավելի բարձր հարաբերակցություն զարգացող տնտեսություններում․ մի բան, որ վերջին անգամ արձանագրվել էր 1980-ականներին,[119] մինչդեռ UNCTAD-ը զարգացող երկրներում պարտքի կայունությունը գնահատում է որպես «արագ վատթարացման» միտում ունեցող։[120] Հոբելյան Գերմանիա կազմակերպության տվյալներով՝ գլոբալ հյուսիսի 122 երկրներն արդեն իսկ պարտքի կրիտիկական մակարդակում են։[121] Պարտքի սպասարկումը հստակ գին ունի շատ երկրներում, քանի որ վարկատուներին վճարվող յուրաքանչյուր գրոշ կորուստ է հանրային ծախսային ծրագրերում, որոնք պետք է երաշխավորեին մարդու իրավունքների պաշտպանություն ու իրացում, նպատակաուղղվեին զարգացման առաջնահերթություններին։ Սուվերեն պարտքի ներկայիս համատեքստում կայուն զարգացման նպատակների իրագործման կայուն ֆինանսավորումն անհնարին է, եթե տեղի չունենան անկայուն պարքի բեռի թեթևացման ուղղությամբ ռեֆորմներ։

Մինչ ներկայիս համակարգում պետական պարտքի վերակազմավորման հետ կապված առկա թերությունները ավելի ընգծված են դառնում վերը շարադրված միտումների լույսի ներքո, առավել քան երբևէ ծայրահեղ կարևոր են դառնում պետական պարտքի լուծման մեխանիզմների մշակելու ու դրանց շուրջ համաձայնության հասնելու միջազգային ջանքերը։ Դրանց համար գաղափարներ մատակարարելու ու դրանք խթանելու համար ԵՎՐՈԴԱԴ-ը վերահաստատում է ներքոշարադրյալ 10 սկզբունքները, որոնք այն առանցքային է համարում ներկայիս «անռեժիմության» թերությունները վերացնելու և պարտքի խնդրի լուծման գործուն միջազգային շրջանակ ստեղծելու համար։

(շարունակելի)

Ծանօթագրությունների ցանկը՝ այստեղ։

* * *

Լսե՛ք Հայաստանի արտաքին պարտքի թեմայով մեր զրույցի երկրորդ մասը տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ այստեղ։

* * * * * *
Թարգմանությունների այս շարքը պատրաստվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:

--

--